HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Համայնքները կունենան «ազնիվ բյուջե», կամ ինչպե՞ս է կատարվել փոխվարչապետի հանձնարարականը

2010 թ. փետրվարի 9-ին Տավուշի մարզխորհրդի նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նշեց, որ Տավուշի մարզի որոշ համայնքների պետական լրավճարն այս տարի աճել է, իսկ այդ համայնքների բյուջեն անցյալ տարվա համեմատ ընդհանուր առմամբ` նվազել: Նա հանձնարարական տվեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին` առաջարկությամբ դիմել համայնքների ավագանիներին, որպեսզի այդ համայնքների բյուջեներում փոփոխություններ արվեն եւավելացվեն սեփական եկամուտների չափաբաժինները: Փոխվարչապետի խոսքերով` մինչեւ այս տարվա  մարտի 1-ը այդ համայնքներն «ավելի ազնիվ» բյուջե պիտի ունենային: Անցել է ավելի քան 6 ամիս, ի՞նչ է փոխվել, կատարվե՞լ է, արդյոք, փոխվարչապետի հանձնարարականը: Այս հարցով գրավոր դիմեցի Տավուշի մարզպետարան: Օգոստոսի 2-ին մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշվում է, որ մարզի 62 համայնքների այս տարվա բյուջեների եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 2 մլրդ 124.2 մլն դրամ, որից սեփական եկամուտները`589.9 մլն դրամ: Սեփական եկամուտները կազմում են ընդհանուր գումարի 27.8 տոկոսը: Մարզի համայնքների բյուջեներում պետական բյուջեից եւ  այլ կազմակերպություններից տրանսֆերտները ընդհանուր առմամբ կազմում են 1 մլրդ 534.3 մլն դրամ, որը համայնքների բյուջեների 72.2 տոկոսն է: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ մարզի համայնքներում փաստացի հավաքագրվել է 984.1 մլն դրամ, որը առաջին կիսամյակում նախատեսված եկամուտների 96.5 տոկոսն է: Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընդհանուր գումարը 224.1 մլն դրամ է, որը նախատեսվածի 87.5 տոկոսն է: Սեփական եկամուտների թերհավաքագրման գումարը 32.2 մլն դրամ է: Դրանից հողի հարկի գծով թերհավաքագրումը կազմում է 24.7 մլն դրամ, գույքահարկի գծով` 7.4 մլն դրամ, գույքի վարձակալությունից եկամուտների մասով` 9.1 մլն դրամ: Առաջին կիսամյակում սեփական եկամուտների մինչեւ 60 տոկոս կատարողական ունեն 16 համայնքներ: Մարզպետարանը տրամադրել է այն 30 համայնքների ցանկը, որոնք նախորդ տարվա համեմատ աշխատավարձի ֆոնդի 10 եւ ավելի տոկոս աճ ունեն: Այդ աճը գոյացել է աշխատողների աշխատավարձի բարձրացման, ինչպես նաեւ նոր հաստիքային միավորների ավելացման հետեւանքով: Պտղավան համայնքն, օրինակ, առաջին կիսամյակում սեփական եկամուտները հավաքագրել է 23.6 տոկոսով, իսկ 2009-ի համեմատ համայնքային բյուջեում աշխատավարձի ֆոնդն ավելացել է 665 հազար դրամով կամ 10.4 տոկոսով, Դեբեդավանն այս տարվա առաջին կեսին սեփական եկամուտները հավաքագրել է 28.3 տոկոսով: Այդ համայնքում նախորդ տարվա համեմատ համայնքային աշխատողների աշխատավարձի ֆոնդն աճել է 1 մլն 49 հազար դրամով կամ 16.5 տոկոսով: Սեփական եկամուտների թերհավաքագրման հետեւանքով Դեբեդավանի համայնքապետարանը հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է աշխատավարձի եւ սոցիալական ապահովագրության վճարների 465 հազար դրամի ընթացիկ պարտքեր: Ի դեպ, Դեբեդավան համայնքում այս տարի ընտրություններ, համայնքի ղեկավարի փոփոխություն է եղել: Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանի վկայությամբ`համայնքների սեփական եկամուտների առաջին կիսամյակի կատարողականների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին երկու ամսում նկատվել է այդ եկամուտների հավաքագրման ցուցանիշի նվազման միտում: Տավուշի մարզպետը գրություններով դիմել է համայնքների ղեկավարներին, որպեսզի նրանք մարզպետարան ներկայացնեն աշխատավարձերի բարձրացման վերլուծությունները եւ հիմնավորումները, համայնքների ղեկավարներին առաջարկվել է աշխատավարձերի բարձրացումն իրականացնել սեփական եկամուտների ավելացման հաշվին, իսկ նախորդ տարվա համեմատ պետական լրավճարի ավելացած գումարներն ուղղել համայնքային նշանակության կարեւոր խնդիրների լուծմանը: Մարզպետն առաջարկել է համայնքների ավագանիների առաջիկա նիստերի քննարկմանը ներկայացնել նշված համայնքների աշխատողների թվի եւ հարկ եղած դեպքում համայնքային բյուջեի ծախսային մասում փոփոխություններ կատարելու հարցը եւ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: Այդ հանձնարարականը դյուրին չի կատարվի: Նախ` մարզպետարանը համայնքների ավագանիների կամ ընտրված համայնքապետի համար վերադաս չէ, որի հանձնարարականները անվերապահ պետք է կատարել: Հուլիսի 28-ի մարզխորհրդի նիստում, որի ժամանակ քննարկվել է առաջին կիսամյակում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման եւ աշխատավարձերի բարձրացման հարցը, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի գյուղապետ Մանվել Կամենդատյանը դժգոհել է, թե համայնքային աշխատողները չնչին աշխատավարձ են ստանում, որ աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտ է: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբերի համայնքապետարանը նախորդ տարիների աշխատավարձի պարտքերը այս տարվա բյուջեում չի ներառել, իսկ այդ համայնքում, նախորդ տարվա համեմատ, պետական լրավճարի աճը կազմել է 1.3 մլն դրամ: Մարզպետարանը Բերքաբերի համայնքապետին առաջարկել է տեղական բյուջեում փոփոխություն կատարել եւ լրավճարի ավելացված գումարն ուղղել նախորդ տարիներից առկա աշխատավարձի պարտքի մարմանը, որը, սակայն, չի կատարվել: Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը նշում է, որ համայնքների ղեկավարներն ու պատասխանատու անձինք մարզպետարանի կողմից բազմիցս զգուշացվել են տեղական բյուջեների կատարողականների հաշվետվությունները սահմանված ժամկետներում մարզպետարան ներկայացնելու համար: Սակայն իրավիճակը նույնն է, հաշվետվությունները ներկայացվում են բավական ուշացումներով: Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Բերքաբեր համայնքի ղեկավար Սուրեն Խուդավերդյանը հայտնեց, որ համայնքի ավագանին նախորդ տարիների համայնքապետարանի աշխատավարձի պարտքը ներառել է  ընթացիկ տարվա բյուջեի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter