Ինչպե՞ս հաստատել երկարատև և երաշխավորված ժողովրդավարություն. ՀԱԿ-կոալիցիա երկխոսության տեսական հիմքերը
Զարեհ Ասատրյան
Ինչպե՞ս հասնել ժողովրդավարության առանց ցնցումների` չմատնվելով սովի նրանց կողմից, ովքեր տնօրինում եմ տնտեսական ռեսուրսները և չենթարկվելով սպանդի նրանց կողմից, ում ձեռքում է հարկադրանքի մեքենան: Սա է անցումային հասարակությունների հիմնական ռազմավարական խնդիրը և անցման ընտրված ուղին է պայմանավորում դրա վերջնական արդյունքը:
Անցումը ժողովրդավարությանը երբեմն տեղի է ունենում բանակցությունների միջոցով. որոշ դեպքերում բանակցությունների արդյունքում ժողովրդավարական ուժերի միջև լայն դաշինք է կնքվում` ընդդեմ իշխող հետադիմական վարչախմբի, սակայն ավելի հաճախ ժողովրդավարական ուժերը ստիպված են լինում բանակցել գործող ավտորիտար ռեժիմի հետ: Թեև հասարակությունները բռնապետերից ազատագրելու համար բանակցություններից տարբեր այլ մեթոդներ և պատմական օրինակներ կան, սակայն երկարաժամկետ, երաշխավորված ու կայուն ժողովրդավարական ինստիտուտներ կարելի է հաստատել թերեւս միայն բանակցությունների միջոցով:
Այս առումով, ՀԱԿ-ի նախաձեռնած երկխոսությունը ո՛չ լայն մասսաներին անհասկանալի տերպետրոսյանական հրաշք է և ո՛չ էլ առավել ևս, ինչպես պնդում են որոշ պարզունակ պրագմատիկներ, ՀԱԿ-ի համար մինչև հերթական ընտրությունները քաղացիական անհնազանդության ալիքի պահպանման և ժամանակ ձգձգելու միջոց: ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը քաղաքագիտական տեսությունների կիրառման դասական օրինակ է, և այն Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալիս բռնապետությունից սահուն անցում կատարել դեպի ժողովրդավարական, իրավական պետություն: Սույն հոդվածը համառոտ նկարագրում է սկսված երկխոսության տեսական հիմքերը:
Քաղաքագիտական տեսությունները տարբերակում են անցումային երկրներին բնորոշ քաղաքական գործիչների եւ ուժերի չորս տիպ (տես` O’Donnell 1979 և O’Donnell and Schmitter 1986)` կարծրներ (hardliners) և բարեփոխիչներ՝ (reformers) իշխանության ճամբարում ու կառուցողականներ (moderates) և արմատականներ՝ (radicals) ընդդիմության ճամբարում: Կարծրները հիմնականում կազմում են բռնապետության պատժիչ (ռեպրեսիվ) միջուկը` բանակ, ոստիկանություն, հատուկ ծառայություններ, այլ ուժային կառույցներ, դատական մարմիններ և այլն, իսկ բարեփոխիչները, ովքեր կարող են լինել ազատականներ կամ ոչ, սովորաբար ի հայտ են գալիս անմիջականորեն վարչախմբին պատկանող (կամ դրանից դուրս գտնվող, սակայն նրան սպասարկող) շրջանակներում՝ օրենսդիրներ, վարչախմբին սերտաճած մտավորականներ, հասարակական գործիչներ, գործարարներ և այլն:
Մյուս կողմից, ընդդիմության ճամբարը կազմող կառուցողականները և արմատականները, թեեւ ունեն նույնանման շահեր և նպատակներ, սակայն միմյանցից տարբերվում են դրանց հասնելու ուղիների տրամաբանությամբ և որ ամենակարևորն է՝ ռիսկի դիմելու պատրաստակամության աստիճանով (risk aversion):
Ազդեցիկ քաղաքագետ, 1970-ականների լեհ այլախոհ Ադամ Պշեվորսկին իր հայտնի աշխատության մեջ (Przeworski A., Democracy and the Market: Political and Economic Reforms in Eastern Europe and Latin America, NY, 1991, Camb. Univ. Press) պնդում է, որ հասարակությունը կարելի է բռնապետերից ազատագրել միայն իշխանամետ բարեփոխիչների և ընդդիմադիր կառուցողականների փոխըմբռնման արդյունքում, հետևյալ երեք հանգամանքների բավարարման դեպքում, եթե`
ա) բարեփոխիչները և կառուցողականները կարողանան միասին հիմնել այնպիսի ինստիտուտներ, որոնք երկու ուժերի համար կապահովեն քաղաքական գործերին էական մասնակցություն,
բ) բարեփոխիչները ի վիճակի լինեն չեզոքացնել կարծրերին, և
գ) կառուցողական ընդդիմադիրները ի վիճակի լինեն զսպել արմատականների ապստամբական ձգտումները:
Այսպիսով, իշխանության ներսի բարեփոխիչները պետք է զսպեն կարծրերին, ընդդիմության կառուցողականներն էլ պետք է կարողանան շահավետ պայմաններ առաջարկել արմատականներին. բանակցություններում կառուցողականների քաղաքական կշիռը հենց պայմանավորված է արմատականներին զսպելու նրանց ունակությամբ, քանի որ երբ արմատականները ապստամբում են, կառուցողականների դերը նշանակելիորեն նվազում է, իսկ բանակցությունների հնարավորությունը ուղղակի զրոյանում: Սակայն, պետք է նկատի առնել՝ եթե կառուցողականները ի զորու չլինեն համաձայնության գալ բարեփոխիչների հետ այնպիսի պայմանների շուրջ, որոնք հանդուրժելի կլինեն արմատականների համար, ապա նրանք ոչինչ չեն կարող անել քան վարչախմբի պատժիչ մեքենայի ձեռքում թողնել բավարար ուժ արմատականներին ճնշելու համար:
Ինչպե՞ս կարելի է հասնել մի համաձայնության, որը կբավարարեր վերը նշված երեք անհրաժեշտ պայմանները: Լուծման համար օգտակար է խնդիրը դիտարկել խաղերի տեսության տեսանկյունից (աղյուսակ 1 և 2), որտեղ կան երկու խաղացողներ` կառուցողականներ (հորիզոնական) և բարեփոխիչներ (ուղղահայաց):
Վարչախմբի ներսում վիճակը հետևյալն է. բարեփոխիչները ունեն ռազմավարական որոշումների երկու հնարավորություն (ուղղահայաց)` կա՛մ կարծրների հետ պահպանում են ստատուս քվոն, կա՛մ էլ համագործակցում են կառուցողականների հետ նոր ժողովրդավարական դաշինք ստեղծելու նպատակով: Իսկ ընդդիմության որոշումների ընդունումը կարող է ընթանալ հետեւյալ երկու ուղղություններից մեկով (հորիզոնական)` կա՛մ կառուցողականները համագործակցելով արմատականների հետ նպատակ են դնում հասնել վարչախմբի կտրուկ և արագ կազմաքանդմանը, կա՛մ դաշինքի մեջ մտնելով բարեփոխիչների հետ փորձում են անցնցում ճանապարհով հասնել երկարատև ժողովրդավարության հաստատմանը:
Վերը նկարագրված խնդիրը ունի չորս ելք՝ ձևակերպված աղյուսակ 1-ում բերված արդյունքների տեսքով (payoff), որտեղ ձախ կողմի նիշը բարեփոխիչների ակնկալվող քաղաքական շահն է արտահայտված պայմանական միավորներով, իսկ աջինը` համապատասխանաբար կառուցողականներինը:
Ըստ այդմ, բարեփոխիչները ունեն քաղաքական ռեժիմի վերաբերյալ հետևյալ նախապատվությունները (< անհավասարության նշանը ցույց է տալիս է աջ կողմի գերակայությունը). ժողովրդավարություն առանց երաշխիքների (1 միավոր, քանի որ չունեն ժողովրդավարական մրցակցության պայմաններում վերընտրվելու ոչ մի երաշխիք) < ավտորիտար ռեժիմը պահպանվում է գործող ձևով (2 մ., ունեն իշխանության որոշումների կայացման վրա որոշակի, բայց սահմանափակ ազդեցություն) < ժողովրդավարություն երկարաժամկետ երաշխիքներով (3 մ., ունեն վերընտրվելու զգալի հավանականություն) < ավտորիտար ռեժիմը պահպանվում է որոշ զիջումներով (4մ., մնալով որպես ավտորիտար ռեժիմի անբաժանելի մաս, բարեփոխիչները նշանակելիորեն մեծացնում են իրենց քաղաքական կշիռը, ի հաշիվ կարծրների դիրքերի թուլացման):
Մյուս կողմից, ընդդիմադիր կառուցողականների նախապատվությունները ունեն հետևյալ տեսքը. ավտորիտար ռեժիմը պահպանվում է գործող ձևով (1 միավոր, քանի որ սա կառուցողականների համար վատագույն ելքն է և հաճախ ուղեկցվում է դաժան ռեպրեսիաներով) < ավտորիտար ռեժիմը պահպանվում է որոշ զիջումներով (2 մ., ստանում են որոշակի քաղաքական մասնակցություն և/կամ զերծ են մնում ռեպրեսիաներից) < ժողովրդավարություն երկարաժամկետ երաշխիքներով (3 մ., ունեն վերընտրվելու զգալի հավանականություն ժողովրդավարական մրցակցության պայմաններում) < ժողովրդավարություն առանց երաշխիքների (4 մ, ունեն վերընտրվելու շատ ավելի մեծ հավանականություն քան երկարաժամկետ ժողովրդավարության պայմաններում, քանի որ կառուցողականները միայնակ են տնօրինում անցումային գործընթացը և, հետևաբար, նախկինի պես չեն մրցում բարեփոխիչների հետ):
Դառնանք խնդրի լուծմանը: Բարեփոխիչները միշտ դաշինքի մեջ կմտնեն կարծրների հետ պաշտպանելով գործող ավտորիտար ռեժիմը (dominant strategy), քանի որ, անկախ կառուցողականների քայլից, կարծրների հետ մշտական դաշինքը բարեփոխիչների օպտիմալ ռազմավարությունն է (2>1 և 4>3, այսուհետ գերակա շահերը նշված են աստղանիշերով): Եթե կառուցողականները համագործակցեն արմատականների հետ, ընդդիմադիրները կպարտվեն և կպահպանվի ավտորիտար ռեժիմը գործող ձևով: Հետևաբար կառուցողականները դաշինք են կնքում բարեփոխիչների հետ և ավտորիտար ռեժիմը պահպանվում է որոշ զիջումներով, որը և խնդրի, լուծումն է:

Աղյուսակ 1-ում նկարագրված իրավիճակը չի հանգում ժողովրդավարական արդյունքի, քանի որ բարեփոխիչները չունեն բավարար քաղաքական կշիռ առանց կարծրների, հետևաբար, ժողովրդավարական ընտրությունների դեպքում հաջողության հասնելու շատ փոքր հնարավորություններ ունեն:
Հիմա ենթադրենք, ինչպես ավելի մոտ է հայկական տարբերակին, որ կառուցողականները ունեն բավական քաղաքական ռեսուրս մրցակցելու ժողովրդավարական ընտրություններում, եթե նրանց տրվում են ինստիտուցիոնալ երաշխիքներ (աղյուսակ 2):
Նախորդ խնդրից միակ տարբերությունը այն է, որ հիմա բարեփոխիչները երկարաժամկետ և երաշխիքներով ժողովրդավարությունը (4 մ.) նախընտրում են զիջումներով ավտորիտար ռեժիմից (3 մ.), քանի որ ժողովրդավարական ընտրությունների դեպքում բարեփոխիչները ունեն մրցակցության համար զգալի քաղաքական ռեսուրս, որը չի կարող ըստ արժանվույն գնահատվել (և քաղաքական որոշումների վրա ազդեցությամբ համամասնորեն փոխհատուցվել) ավտորիտար կարծրների կողմից:
Բարեփոխիչները այս դեպքում չունեն էքս-անտե (նախապես) օպտիմալ ռազմավարություն` նրանց քայլը կախված է կառուցողականների որոշումից. եթե կառուցողականները երաշխիքների նշան են տալիս, բարեփոխիչները կգնան դեպի ժողովրդավարություն, սակայն երբ կառուցողականները համագործակցում են ընդդիմության արմատական թևի հետ, իշխանական բարեփոխիչները պարտվում են: Հետևաբար խաղի այսպիսի դասավորության դեպքում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը խաղում են միաժամանակ, խնդիրը չունի կայուն (consistent) լուծում:

Եթե դառնանք հայկական իրականությանը, կտեսնենք որ սկսված ՀԱԿ-իշխանություն շախմատը բավական մոտ է Պշեվորսկիի նկարագրած խաղին, մեկ կարևոր տարբերությամբ, որն էլ կորոշի դրա արդյունքը: Ի տարբերություն Պշեվորսկիի միաժամանակյա խաղի, ՀԱԿ-ը վաղուց իրեն հայտարարել է ոչ արմատական ուժ (այն դեպքում, երբ իշխանության երկու թևերի գոյությունը դեռ հստակեցման կարիք ունի), և դեռ ավելին. ՀԱԿ-ը արդեն բարեփոխիչների հետ համագործակցության իր քայլը կատարել է: Այս դեպքում գործ ունենք հաջորդական խաղի հետ (sequential game) և բարեփոխիչների օպտիմալ ռազմավարությունն է դառնում կառուցողական ընդդիմադիրների հետ դաշինքը (4>3)` արդյունքում հաստատելով երկարատեւ եւ երաշխավորված ժողովրդավարություն:
15 Սեպտեմբեր, 2011
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել