Կստեղծվի նոր կայք` նվիրված կառավարություն-դոնոր կազմակերպություններ համագործակցությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նա կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը` համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համար։
Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Նա ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայությունները և անդրադարձել դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, ըստ ոլորտների, իրականացվող ծրագրերին։
Մտքերի փոխանակման ընթացքում, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է արվել համագործակցության ծրագրերի համար միասնական տեղեկատվական բազայի ձևավորման և դոնոր կազմակերպությունների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության համակարգման հարցերին։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը զբաղվել ՀՀ կառավարություն-դոնոր կազմակերպություններ համագործակցությանը նվիրված կայքի ստեղծմամբ, որը պարունակելու է տեղեկատվություն համատեղ իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Որոշվել է նման ձևաչափով հանդիպումներն անցկացնել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել