HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ինչո՞ւ դատավորը չի հարգում փաստաբաններին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաների բողոքի քննությունը` ընդդեմ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի: Տուժածներից ոչ մեկ չէր ներկայացրել դատարան, փոխարենը դատավոր Մհեր Աղրամանյանը ներկայացրեց Դ.Ա.-ի եւ նրա մոր դիմումը, համաձայն որի` նրանք հրաժարվում են իրենց բողոքից: Դիմումում նշված էր, որ փաստաբան Ավագ Լալայանը, առանց իր վստահորդ Դ.Ա.-ի հետ համաձայնեցնելու, բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Փաստաբանը դատարանում հայտարարեց, որ Դ.Ա.-ն իր ներկայությամբ է լիազորագիր գրել եւ ինքը համոզվել է, որ աղջկը բավականաչափ գրագետ չէ նման դիմումներ գրելու համար: Բացի այդ` փաստաբանները տեղեկություն ունեին, որ դատական նիստից օրեր առաջ Դ.Ա.-ին կանչել են Երեւան քաղաքի քննչական վարչություն: «Եթե Դ.Ա.-ն ցանկանում էր հետ վերցնել իր բողոքը, նա կարող էր ինձ դիմել եւ ոչ թե դիմում ներկայացնել դատարան»,- հայտարարեց Ավագ Լալայանը: Նախագահող դատավոր Մհեր Աղրամանյանը իր հերթին «արդարացավ»` ասելով, թե ինքն անձամբ ծանոթ չէ ոչ Դ.Ա.-ի, ոչ էլ նրա մոր հետ եւ որ նրանք ինքնուրույն են մուտք արել դիմումը դատարանի գրասենյակ: Դատավորները անընդհատ ընդհատում էին փաստաբաններին` թույլ չտալով նրանց ավարտել հայտարարությունները: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ստիպված եղավ բղավել դահլիճում, որ իրենց իրավունքները խախտվում են հենց դատարանում: Իսկ երբ նիստը հետաձգելու կապակցությամբ դատարանը չհարցրեց փաստաբանների կարծիքը` վերջիններս հայտարարեցին, որ պատրաստվում են լքել դատարանի դահլիճը, սակայն նախագահող դատավորը հասցրեց նիստը հետաձգել անորոշ ժամանակահատվածով: Իսկ հեռաձգման պատճառը ամբաստանյան Լեւոն Ավագյանի պաշտպանի եւ տուժող Հ.Ս.-ի բացակայությունն էր: Դատարանը ցանկություն հայտնեց լսել նաեւ Հ.Ս.-ի դիրքորոշումը բողոքի վերաբերյալ: Փաստաբաններն այնպիսի տպավորություն էին ստացել, որ դատարանը պարզապես չի ցանկանում քննել բողոքը: Նրանք նշում էին, որ դատարանն ակնհայտորեն կողմնակալ վերաբերմունք էր ցուցաբերում իրենց նկատմամբ: Նիստին մասնակցում էր նաեւ Երեւանի դատախազության ավագ դատախազ Արթուր Երիցյանը, որին հարցրեցինք, թե ինչու ընթացք չի տալիս փաստաբանի հայտարարությանը, թե Դ.Ա.-ին դատական նիստից առաջ կանչել են քննչական բաժին, որից հետո աղջիկը հրաժարվել է իր բողոքից: «Ես կասկածներ չունեմ էդ դիմումի վերաբերյալ, փաստաբանի ասածը արժանահավատ չի, ինքը թող հիմքեր բերի դրա վերաբերյալ»,- ասաց դատախազը: Հիշեցնենք, որ Դ.Ա.-ի, Հ.Ս.-ի եւ հատուկ դպրոցի այլ սաների ցուցմունքների հիման վրա հայոց լեզվի եւ գրականության նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` «բռնությամբ ուղեկցվող անառակաբարո գործողություններ» կատարելու մեղադրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter