HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է հայկական սարքի էլեկտրոնային հարվածից

Սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն  գյուղի երկնքում խփված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը, ըստ փորձագետների, եղել է իսրայելական արտադրության «Hermes-180» եւ «Hermes-450» սարքերի հիբրիդ: Նախ՝ հասկանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում այս ԱԹՍ-ները (անօդաչու թռչող սարք):

Երկու ինքնաթիռների նախագծողն էլ իսրայելական «Elbit Systems» ընկերության դուստր ձեռնարկությունն է՝ «Silver Arrow»-ն: Այս սարքերը նախատեսված են օդային հետախուզական եւ պարեկային թռիչքների, ինչպես նաեւ այլ միջոցներից բացվող կրակի՝ օդից ուղղորդման համար: Փորձագետների կարծիքով, սակայն, «Hermes-450»-ը իսրայելցիները կարող են համալրել «օդ-ցամաք» հրթիռներով՝ պաղեստինցի մարտիկներին ոչնչացնելու համար:

«Hermes-180»-ը առաջին թռիչքը կատարել է 2002-ին, իսկ «Hermes-450»-ը՝ 1994-ին: Երկուսն էլ պատրաստված են ոչ մետաղային, կոմպոզիտ նյութերից, ինչը դժվարացնում է ՀՕՊ ռադիոլոկացիոն կայանների կողմից դրանց հայտնաբերումը: «Hermes-450»-ի միայն ինքնաթիռը  գնահատվում է շուրջ 2 մլն դոլար, իսկ դրան սպասարկող վերգետնյա համակարգերը ներառյալ՝ մոտ 10 մլն դոլար: Առավելագույն արագությունը 176 կմ/ժ է («180»-ինը՝ 194 կմ/ժ), թռիչքի  գործնական բարձրությունը՝ 6100 մ (4575 մ), տեւողությունը՝ մինչեւ 14 ժամ (մոդիֆիկացված 450S տարբերակը կարող է օդում  գտնվել մինչեւ 20 ժամ, իսկ «180»-ը՝ մինչեւ 10): Անվանումների 450 եւ 180 թվերը արտահայտում են ինքնաթիռների թռիչքային քաշը: 38-ձիաուժանոց շարժիչով «180»-ի թռիչքի շառավիղը 110 կմ է, իսկ 52 ձիաուժ ունեցող «450»-ի նախկին շարժիչների փոխարեն այժմ «Elbit Systems»-ը մշակել է 70 ձիաուժով նոր շարժիչներ, որոնց շնորհիվ ոչ միայն ավելացել է թռիչքային ժամանակը, այլեւ թռիչքի շառավիղը՝ մինչեւ 200 կմ:

Իր չափերով «450»-ը մի փոքր  գերազանցում է «180»-ին, սակայն իրենց բնութագրիչներով երկուսն էլ դասվում են միջին կամ «միդի» ԱԹՍ-ների խմբին:  GPS-ի օգնությամբ ինքնակառավարվող այս սարքերը տվյալների փոխանակման համակարգի շնորհիվ վերգետնյա կայանին են փոխանցում պատկերներ իրական ժամանակում:

2008 թ. ապրիլին Աբխազիայի երկնքում ոչնչացվեց վրացական «Hermes-450»: Թբիլիսին հաստատեց այդ լուրը, սակայն նշեց, որ այն խփվել է ոչ թե Աբխազիայի ՀՕՊ-ի, այլ ռուսական «ՄիԳ-29» կործանիչի կողմից: Ռուսական կողմը հերքեց իր մասնակցությունը: Նախագահ Սահակաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը ունի 40 անօդաչու ինքնաթիռ-հետախույզ, որոնք «թռել են, թռչում են ու թռչելու են» Աբխազիայի վրայով:

Աբխազական կողմն իր հերթին պնդում էր, որ 2008-ի մարտ-մայիս ամիսներին ոչնչացրել է 7 հատ նմանատիպ հետախույզ, չնայած Թբիլիսին ընդունում էր միայն մեկի խփվելու փաստը:

Ստոկհոլմի խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2005-ին  Վրաստանը Իսրայելից  գնել է 2 «Aerostar», իսկ 2007-ին՝ 5 «Hermes-450» ԱԹՍ: Իսկ ահա Ադրբեջանը 2007-2008 թթ. Իսրայելին պատվիրել է 4 «Aerostar» եւ 10 «Hermes-450»: 

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ, ըստ համացանցի ոչ ստույգ տվյալների, այսօր Ադրբեջանի սպառազինության մեջ կա երեք տեսակի ԱԹՍ՝ «Orbiter», «Aerostar» եւ «Hermes-450», յուրաքանչյուրից՝ մոտ մեկ տասնյակ, չնայած որ այս վերջին դեպքը խոսում է նաեւ երկու «Hermes»-ների  գոնե հիբրիդ-սուրոգատի առկայության մասին: Ընդ որում՝ առաջին երկուսի արտադրողը կրկին իսրայելական «Aeronautics Defense Systems»-ն է: Հատկանշական է, որ այս ընկերության եւ Ադրբեջանի կառավարության միջեւ 2009-ին կնքված համաձայնագրով Ադրբեջանում կառուցվել է անօդաչու հետախուզական եւ հարվածային (ռմբակոծիչ) ինքնաթիռների  գործարան:

2011-ի մարտին Բաքվում շահագործման հանձնված «AZAD Systems» ձեռնարկությունն արդեն սկսել է «Orbiter-2M»  գերթեթեւ («միկրո») ինքնաթիռների արտադրությունը: 

Փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, վերլուծելով ԱԹՍ-ների կիրառության հեռանկարները մեր տարածաշրջանում,  գրում է. «Ելնելով պետության ռազմատեխնիկական անկախությունից` նպատակահարմար է ԱԹՍ-ները, ինչպես եւ ցանկացած սպառազինություն, ստեղծել սեփական միջոցներով եւ չներկրել արտասահմանից: Հաստատապես անքննարկելի է այն, որ ՀՀ ԶՈւ-ին անհապաղ հարկավոր են ԱԹՍ-ներ, եւ ոչ մեկ-երկուսը: Մեր տարածաշրջանի համար առանձնահատուկ կարեւորություն ունեն ԱԹՍ-ների որոշակի բնութագրեր: Օրինակ` հարկավոր է, որ ԱԹՍ-ն ունենա ոչ պակաս, քան 6 կմ թռիչքային բարձրություն, լինի կատապուլտային արձակմամբ, անկարգելով կամ հատուկ հարմարանքով վայրէջք կատարող: Սովորական թռիչքուղուց թռչող եւ նույն տեղում վայրէջք կատարող ԱԹՍ-ները մեզ մեծ ծառայություններ չեն կարող մատուցել: Մեզանում շատ կարեւոր է զարգացնել նաեւ այլ տեսակի ԱԹՍ-ները, մասնավորապես՝ օդապարիկներ: Օդային սահմանի վերահսկողության, օդուժի կիրառության եւ անգամ խաղաղ թռիչքների կազմակերպման  գործում այս սարքերի դերը շատ կարեւոր է: Առանձնահատուկ նրբություններ շատ կան: Թեման առհասարակ պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, հատկապես, երբ մեր հարեւան երկրներն ակտիվորեն զարգացնում են այս տեխնոլոգիաները»:

Փորձագետը նշում է, որ միգուցե քանակական առումներով Ադրբեջանն այս ոլորտում առավելություն ունի, սակայն մյուս կողմից՝ դա իսրայելական առավելություն է: Իսրայելը մեծ փորձ ունի այս ոլորտում, իսկ մենք 0-ից սարքում ենք մեր տեղականը, ինչը մի քանի տարի անց մեզ կարող է ոլորտի առաջատար դարձնել:

ՀՀ ԶՈւ-ն իր ԱԹՍ-ներից մի քանիսը ներկայացրեց սեպտեմբերի 21-ի զորահանդեսում: Ինչպես դեռ հունիսին նշել էր ՊՆ ավիացիայի վարչության պետի տեղակալ,  գնդապետ Արմեն Մկրտչյանը, հայկական արտադրության համակարգերը կարող են  գործողություններ իրականացնել նույնիսկ հակառակորդի խոր թիկունքում, քանի որ դրանք օպերատիվ խորքի համար աշխատող անօդաչու համակարգեր են: Մկրտչյանը չի բացառել, որ թեկուզ համեմատության համար ձեռք կբերվեն նաեւ արտասահմանյան ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 12-ին խոցված ինքնաթիռը, եթե հավատալու լինենք պաշտոնական հայտարարություններին, ադրբեջանական օդուժի առաջին կորուստն էր 1994-ի մայիսյան զինադադարից հետո, քանի որ նախկինում նման բանի մասին չի խոսվել: Սակայն Ա. Հովհաննիսյանը նշում է, որ նախկինում էլ  գուցեեւ նման դեպքեր եղել են, սակայն նպատակահարմար չի եղել ասել: Բացի այդ՝ սա ԱԹՍ-ների կողմից սահմանախախտման առաջին դեպքը չէ, իսկ թե ինչու մեր ՀՕՊ-ը չի որսացել դրանց, փորձագետը նշում է, որ դրանք բալիստիկ հրթիռներից հետո ամենաբարդ խոցվող սարքերից են, իսկ չհայտնաբերման տեսանկյունից առաջին տեղում են: Հնարավոր է նաեւ, որ սարքին հետեւող օպերատորները հետ են քաշել այն՝ զգալով խոցման վտանգ:

Ադրբեջանական ԱԹՍ-ն կտորների է բաժանվել ոչ թե հրթիռից, այլ ծրագրային խափանումից հետո վայր ընկնելուց: Այն վնասազերծվել է հայկական արտադրության սարքով: «Մենք այսօր ունենք խոցման նոր ճարտարապետություն: Սարքը խոցվել է ոչ թե անմիջական խոցման սկզբունքով, այլ, կոպիտ ասած, էլեկտրոնային հարվածով: Սա նոր տերմին է, որը կարելի է դնել շրջանառության մեջ: Դա այնպիսի ծրագրային խափանում է, երբ մեր սարքը կարողանում է այնպիսի հարված հասցնել ինքնաթիռին ու դրա կառավարման համակարգին, որ այն այլեւս անկառավարելի է դառնում»,- նշում է Հովհաննիսյանը:              

 

Մի քիչ պատմությունից

Թե ինչ է կատարվել հակառակորդի ինքնաթիռների ու ուղղաթիռների հետ պատերազմական տարիներին՝ 1991-1994 թթ., ներկայացնենք փաստերով, որոնց անդրադարձել է փոխգնդապետ Տիգրան Դեւրիկյանը «ՀՕՊ զորքերը Արցախյան պատերազմում» հոդվածում:

1991-ի վերջին հայ հակաօդայինները առաջին անգամ Ստեփանակերտին հարակից «26»-ի դիրքից խոցել են ՕՄՕՆ-ականներ տեղափոխող ուղղաթիռը: Արդեն 1992-ի վերջին թշնամու օդուժը կրել էր 8 ուղղաթիռի եւ 13 ինքնաթիռի կորուստ: 1992-ի դեկտեմբերին ադրբեջանական ՌՕՈւ-ն  գրոհեց Հայաստանի տարածքը՝ Կապանը, հետո՝ Վարդենիսը: Դեկտեմբերի 11-ին Հայաստանի երկնքում առաջին անգամ խփվեց թշնամու «ՄիԳ-21»-ը: ՀՀ տարածքում թշնամու օդուժը վերջին անգամ կորուստ կրեց 1994-ի փետրվարի 17-ին կրկին Վարդենիսում, կրկին «ՄիԳ-21»: Իսկ պատերազմում հայ հակաօդայինների վերջին խոցումը եղավ զինադադարից օրեր առաջ՝ 1994-ի ապրիլի 23-ին, երբ Ստեփանակերտի երկնքում ոչնչացվեց  գրոհող ինքնաթիռներից մեկը: «Դրանից հետո ադրբեջանական ոչ մի ինքնաթիռ ԼՂՀ կամ Հայաստան օդային հարված հասցնելու չի եկել: Երեւանի ու Ստեփանակերտի ՀՕՊ հրամանատարական կետերում այսօր նույն պահին  գիտեն ադրբեջանական ինքնաթիռների օդ բարձրանալը, մակնիշը, ազդականչը, օդաչուին եւ էլի ուրիշ բաներ,-  գրում է Դեւրիկյանը եւ շարունակում,- ըստ  գտնված բեկորների՝ պատերազմի ավարտին համարվում էր, որ հայկական ՀՕՊ զորքերը ոչնչացրել են Ադրբեջանի 24 օդային հարձակողական միջոց: Հետագա տարիներին տարբեր վայրերում  գտնված բեկորները վկայեցին, որ այդ թիվն իրականում երեք տասնյակից ավելի է: Հետո նաեւ պարզվեց, որ Արցախյան ազատամարտը միակ լոկալ պատերազմն էր, ուր հակաօդային պաշտպանության զորքերը լիովին կատարել են իրենց խնդիրը, ընդ որում՝ չունենալով կործանիչ ավիացիա:

Արեւմտյան՝ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)  գործող չափանիշներով՝ ռազմաօդային ուժերի 10 տոկոսի (նախկին խորհրդայինով՝ 20 տոկոս) կորստյան դեպքում ավիացիան դադարում է  գործել, որովհետեւ համարվում է, թե հակառակորդն ունի կայուն եւ իր մարտական խնդիրը կատարող ՀՕՊ համակարգ: 1992-1994 թթ. Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կորցրին մարտունակ վիճակում  գտնվող օդային հարձակողական միջոցների շուրջ 40 տոկոսը: Դա սարքերը չեն վկայել, դրանց բեկորները  գտնվել են...»: 

Պատերազմի նախնական շրջանում հայ հակաօդայինները թշնամու ՌՕՈւ-ի դեմ պայքարում էին «Իգլա», «Ստրելա-2», «Ստրելա-3», «Ստրելա-10», «Ս-60», «ԶԿ-23-2», «Շիլկա» միջոցներով, ԴՇԿ, ԿՊՎՏ խոշոր տրամաչափի  գնդացիրներով: Սպառազինությունն աստիճանաբար համալրվեց ավելի հզոր կայանքներով՝ «Օսա-ԱԿ», «Ս-125», «Կրուգ» համակարգերով, «Պ-18», «Պ-40» ռադիոլոկացիոն կայաններով: Ներկայում հայկական ՀՕՊ-ը զինված է նաեւ մի շարք հզոր այլ կայանքներով, այդ թվում՝ ժամանակակից «Ս-300» համակարգերով:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter