HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այս տարի աֆրիկյան ժանտախտին զոհ է գնացել 1300 խոզ

2010 թ. մարտին Հայաստանում կրկին բռնկված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով առ այսօր անկել կամ հարկադիր սպանդի է ենթարկվել շուրջ 1300 գլուխ խոզ, որից 250-ը անկել է, մնացածը` հարկադիր ոչնչացվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: 2007-ի օգոստոսին նույնպես մեր երկրում գրանցվել էր աֆրիկյան ժանտախտի դեպք: Այն թափանցել էր Վրաստանից, որտեղ էլ` Աֆրիկայից:  2007-ին Կառավարության համապատասխան որոշումով հաստատվել էր աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի ծրագիր, որն իրականացվել էր 2007-08 թթ.: Արդյունքում գրանցվել է մոտ 20.000 խոզի կորուստ, բայց միառժամանակ կանխվել է հիվանդության տարածումը: Վարակի տարածման հիմնական պատճառը տզերն են Գ. Բաղիյանն ասում է, որ երկու տարբերակ է նշվում որպես այս նոր տարածման պատճառ: Առաջինը` վարակը եղել է Հայաստանի տարածքում ու նորից «արթնացել» է, երկրորդ` կրկին թափանցել է Վրաստանից: Ընդ որում` հարեւան երկրից, Բաղիյանի փոխանցմամբ, կարող է թափանցել կերի, կենդանական ծագման մթերքների, վայրի խոզերի ու հիմնականում` վայրի տզերի միջոցով, որոնց մեջ վիրուսը կարող է մնալ 10-12 տարի, եւ այդ ընթացքում տիզը կարող է վարակել առողջ կենդանու: Այս տարվա առաջին դեպքերը գրանցվել են Նոյեմբերյանի ու Թումանյանի տարածաշրջաններում: Վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը գլխավորում է գյուղնախարար Գ. Ալավերդյանը: Գ. Բաղիյանի հավատմամբ` Նոյեմբերյանում ու Դիլիջանում վարակի բռնկումը կասեցված է: Փոխարենը` բռնկումներ կան Երեւանում, Արագածոտնում, Շիրակում, Կոտայքում: Բայց այս մարզերում ոչ թե համաճարակ է, այլ տեղաճարակ, ինչն իր հերթին կապված է ոչ ճիշտ կերակրման հետ: Գ. Բաղիյանը կոչ արեց կենդանական կերով, մսի մնացորդներով չկերակրել խոզերին: Աֆրիկյան ժանտախտը զուտ «խոզային» հիվանդություն է Հիվանդությունը կարող է տարածվել օդի, ջրի, կերի, շփման միջոցով: Այն փոխանցվում է նաեւ ժառանգական ուղով: Սակայն մարդու ու մյուս կենդանիների համար աֆրիկյան ժանտախտն անվտանգ է: Դրա վիրուսը կարող է զարգանալ միայն վայրի ու ընտանի խոզերի օրգանիզմում: Հիվանդությունը կարող է ընթանալ առանց կլինիկական նշանների, բացի այդ` այն կարող է զարգանալ այլ հիվանդություններին զուգահեռ: Բանն այն է, որ աֆրիկյան ժանտախտի վիրուսը 2-3 տարի կարող է մնալ խոզի օրգանիզմում ու չարտահայտվել կլինկորեն, սակայն եթե կենդանու դիմադրողականությունն ընկնի, հիվանդությունն  իրեն նորից կարտահայտի ու ավելի ծանր կընթանա: Նման դեպք եղել է Սյունիքի մարզում: Գ. Բաղիյանի հավաստիացմամբ` Հայաստանում լաբորատոր ուսումնասիրությամբ կարելի է մեկ օրում պարզել վարակվածության հարցը: Հիվանդությունը կարող է ախտորոշվել մի քանի ձեւով: Երեւանում աֆրիկյան ժանտախտը նկատվել է հունիս ամսվա կեսերին, հուլիսին դեպքեր չեն գրանցվել: Կառավարությունը կորոշի փոխհատուցման հարցը 2007-ի ծրագրով այդ տարի անկած ու հարկադիր սպանդի ենթարկված 15.000 գլուխ խոզի դիմաց Կառավարությունը փոխհատուցում տվել է այն տերերին, ում ապրուստի միջոցը եղել են այս կենդանիները: Հաշվարկվել է կենդանու զուտ մսի քաշը, յուրաքանչյուր կգ-ի դիմաց` 1005 դրամ: Խոշոր շահառուներին` ձեռնարկություններին, հատուցելուց Կառավարությունը ձեռնպահ է մնացել: Գ. Բաղիյանը հայտնեց, որ դեռ վաղ է խոսել այս տարվա փոխհատուցումների մասին, քանի որ վարակն ամբողջությամբ չի վերացվել: Իրականացվում է հաշվարկ, համայնքապետարաններում հանձնաժողովները գլխաքանակի ու քաշի գրանցումներ են անում: Այս տարվա 1300 անկած ու սպանված խոզերի տվյալները գտնվում են սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժական պետական տեսչությունում եւ շուտով, ըստ պրն Բաղիյանի, կներկայացվեն կառավարություն, որն էլ, եթե հարկ համարի, կկարգավորի փոխհատուցման հարցերը: Գ. Բաղիյանը նաեւ տեղեկացրեց, որ քանի որ հիվանդության դեմ պատվաստանյութ չկա, պայքարի ամենաարդյունավետ եղանակը հիվանդ ու կասկածելի կենդանիների անարյուն սպանդն ու թաղումն է: Ըստ նրա` չի բացառվում, որ անտառային, այսինքն` բաց պայմաններում պահվող խոզերը նույն այդ անտառում, որտեղ շատ են տզերը, կրկին կվարակվեն հիվանդությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter