Կառավարությունն առաջարկում է ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 20 տարին
Այսօր իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է խստացնել քրեական պատասխանատվությունը արդարադատության իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար։ Նույն օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը նույնպես ստացել է կառավարության հավանությունը։
Դրանով մասնավորապես առաջարկվում է ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 20 տարին, հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս` 22 տարին, իսկ դատավճիռների համակցության դեպքում` 25 տարին։
Գործադիրը հավանության է արժանացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է պետտուրք գանձելու պահանջը վերացնել ՀՀ 16 տարին չլրացած քաղաքացիներին հաշվառելու կամ նրանց փաստացի բնակության վայրի մասին ՀՀ քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու, ինչպես նաև նրանց հաշվառման հարցերի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար։
Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել