Հրանտ Բագրատյանը մեկնաբանում է Կառավարության որոշումը
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը լրացում է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում` հստակեցնելով «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը, որով, ինչպես նշվում է, ապահովվել է տեղական արտադրողների և սպառողների օրինական շահերի պաշտպանությունը։
Այսուհետ հայկական կոնյակը 100 տոկոսով պետք է պատրաստվի տեղական հումքով։ Իսկ եթե տվյալ խմիչքի մեջ օգտագործվում է ներմուծված սպիրտ, ապա ապրանքային անվանումը կլինի «Արբուն»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե հստակեցումն անհրաժեշտ էր, քանի որ կառավարության նախորդ որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։
Հիշեցնենք, որ նշյալ «տարաբնույթ մեկնաբանությունները» հրապարակվել են նաեւ «Հետքի» էջերում` նախկին վարչապետ Հրատ Բագրատյանի հեղինակմամբ: Նա Կառավարության այսօրվա որոշումը բնորոշում է իբրեւ «կիսատ-պռատ» եւ նշում, որ պետք է կոնյակի սպիրտի ներկրումն ընդհանրապես արգելվեր: Բագրատյանը կրկին ընգծում է «Արբունի մասին» որոշման ավելորդության մասին:
«Ախր ինչի՞ էր պետք «Արբուն» և, ընդհանրապես, ինչո՞ւ եք սպիտ ներմուծում»,- նորից հարցնում է նախկին վարչապետը եւ հիշում, թե ժամանակին այս հարցադրումներին ինչպիսի «ցինիկ» պատասխան են տվել. «կան բիզնես հետաքրքրություններ, դրա համար էլ ներմուծվում է»:
«Բայց աշխարհումը կարգն այդպես չէ: Սպիրտ, կոնյակ կամ օղի արտադրելը մարդիկ հսկում են, ինչպես շոտլանդացիք սրբորեն հսկում են Վիսկին: Թող մեկը գնա Շոտլանդիա եւ Վիսկին արտադրի եգիպտացորենից կամ ներմուծված սպիրտից: Կսպանեն: Այդ երկրում գարին լավ է աճում, համով է, շոտլանդացիք էլ Վիսկին դարձրել են բրենդ, տարեկան 5 միլիարդ լիտր` 25 մլրդ դոլարի, վաճառում են աշխարհին»,- ասում է Հ. Բագրատյանը եւ նկատում, որ «մենք էլ 1999թ. ստեղծել էին «Հայկական կոնյակ» բրենդը» եւ ուղղակի անհրաժեշտ էր հսկողություն, որ Հայաստանում արտադրվեր միայն «Հայկական կոնյակ»:
Սակայն, ըստ նրա, վերջին տարիներին կոնյակ արտադրող տարբեր գործարաններ շշերի մեջ հայկական կոնյակի անվան տակ ինչ ասես` լցրել են` վարկաբեկելով թե իրենց, թե ամբողջ հայկական կոնյակը: Կառավարությունն էլ` վերջապես տեսնելով, որ ստեղծվել է շատ վատ վիճակ, փորձում է գտնել լուծումներ:
«Այսօրվա որոշմամբ Կառավարությունը նկատում է, որ վերջին երկու տարում` սկսած «Կոնյակի մասին» 2008թ. ՀՀ օրենքից եւ 2-3 ամիս առաջ Կառավարության ընդունած որոշումով, իրենք սխալ են թույլ տվել: Հիմա փորձում են այն ուղղել` ստիպելով տարանջատել «Կոնյակն» ու «Արբունը»: Բնականաբար, սխալն ուղղելու մեկ այլ կարճ ճանապարհ կար` պարզապես չեղյալ համարել «Արբունի մասին» որոշումը: «Արբուն» չկա, ու վերջ. կա միայն կոնյակ: Սակայն այս փուլում առայժմ կիսատ-պռատ որոշում են ընդունում»,- ասում է Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքերով` այսօրվա որոշումը մի կողմից մամուլում մասնագիտորեն բարձրացված աղմուկի, մյուս կողմից գյուղացիների ճնշման արդյունքն էր, քանի որ վերջիններս արդեն ընդվզում էին ստեղծված այն իրողության դեմ, երբ խաղողը չէր մթերվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել