HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Դատարանի միջոցով ի հայտ է գալիս ՀՀ-ի վերաբերմունքը մանկապղծության նկատմամբ»

Մարիամ Սուխուդյանը կոչ է անում Գլխավոր դատախազությանը «Օրեր առաջ հեռախոսազանգ ստացանք Դ.Ա.-ից: Երեխան ահաբեկված ձայնով (երեւի մորից թաքուն էր զանգել) պատմում էր, որ զանգել են իրեն Երեւանի քննչական բաժնից եւ ասել` էդ ի՞նչ բողոք ես ներկայացրել, վաղը մամայիդ հետ կգաս ոստիկանություն: Դրանից հետո կապը խզվեց երեխայի հետ, երեկ իմացանք, որ դիմում է տվել դատարան, թե ինքը հրաժարվում է վերաքննիչ բողոքից: Ակնհայտ է, որ այս հանցավոր փաստաթուղթը երեխայի ձեռքով չի գրվել»- «Հենարան» ակումբում պատմեց Մարիամ Սուխուդյանը` կոչ անելով Գլխավոր դատախազությանը պարզել, թե կոնկրետ ով է ահաբեկել երեխային եւ նրա մորը, եւ թե ինչ ճշնման տակ է գրվել այդ դիմումը: Մարիամը նաեւ կոչ արեց տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին զբաղվել Նուբարաշենի հատուկ դպրոցն ավարտած երեխաներով, որպեսզի նրանք զերծ մնան ոստիկանների ապօրինի գործողություններից: «Բռնությունները գնալով ավելանում են, հանցագործների ցուցակն ընդլայնվում է»,- կարծում է Մարիամը:
Հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի անառակաբարո գործողություններից տուժած աղջիկների ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը մտավախություն հայտնեց, որ մյուս տուժողին` Հ.Ս.-ին եւս կարող են հրավիրել ոստիկանություն, եւ հաջորդ դատական նիստին դատավորը կարող է ընթերցել Հ.Ս.-ի դիմումը, որով նա կհրաժարվի իր բողոքից: Հիշեցնենք, որ աղջիկները վերաքննիչ դատարանում բողոքարկում են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, որով հատուկ դպրոցի նախկին ուսուցչին դատապարտել էին 2 տարվա ազատազրկման: Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ իրենց կարծիքով` Լեւոն Ավագյանը պետք է դատապարտվեր 5 տարվա ազատազրկման: Ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է արագացված կարգով, եւ ոչ բոլոր տուժածներն են հնարավորություն ունեցել լիարժեք ներկայացնել դպրոցում իրենց նկատմամբ կիրառված բռնությունները: Մարիամը կարծում է, որ աշակերտուհիներին հատուկ նպատակով են լռեցրել. «Եթե աղջիկները պատմեին, պարզ կդառնար, թե ովքեր են եղել Լեւոն Ավագյանի հանցակիցները, որովհետեւ երեխաները դպրոցում շատերին էին պատմել նրա ոտնձգությունների մասին, բայց նրանց ոչ ոք չի պաշտպանել: Այս կծիկը կարող է բացվել, եթե աղջիկները դատարանում մանրամասն պատմեն ամեն ինչ»,- հայտարարեց Մարիամը: Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Աղրամանյանի նախագահությամբ 3 դատավորների կողմնակալ վերաբերմունքին, ապա փաստաբանն ասաց, որ հաջորդ դատական նիստին իրենք բացարկ են հայտնելու դատարանի կազմին, քանի որ ակնհայտ է, որ նրանք չեն կարողանում անաչառ քննություն անցկացնել:
«Դատավորներն ակնհայտորեն ուղղորդված էին, մեր կարծիքով` դատարանի այդ կազմը վարկաբեկվեց: Եւ ընդհանրապես դատարանի միջոցով ի հայտ է գալիս Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը մանկապղծության նկատմամբ, որը շատ ցավալի է,- ասաց Տիգրան Հայրապետյանը:- Դատարաններին թվում է, թե իրենք ամենակարող են, քանի որ հավանաբար ով իրենց պատվիրել է դա, երեւի ամենակարողի համբավ ունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter