HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սալոնիկիի հայերը հայկական գաղութից դժգոհ են

Ֆինանսատնտեսական ճգնաժամից էապես տուժել է նաև Հունաստանում հայկական գաղութը: Այդ մասին փաստում են Սալոնիկի քաղաքի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու պատարագին այցելած մոտ մեկ տասնյակ հայաստանցները, ովքեր 1995թ.-ից ի վեր աշխատում և ապրում են Սալոնիկիում: «Էս կրիզիսը սաղիս վրա էլ ազդել ա: Գործը առաջ կար, հիմա շատ քիչ ա: Ես կոշկակարություն էի անում, բայց հիմա գործը սաղ փակվել ա, չեմ աշխատում: Կանանց գործն ա շատ: Տուն են մաքրում, հիվանդ ծեր կանանց են պահում: Տղամարդկանցից քչերն ունեն աշխատանք: Շինարարությունն էլ է կանգնած, էդքան գործ չկա: Ով էլ աշխատանք ունի, շատ էժան գներով է աշխատում, էդ էլ ձեռք չի տալիս»,- պատմում է Երևանի արդեն նախկին բնակիչ, սարիթաղցի Հովհաննես Այվազյանը: Արմավիրցի Հակոբ Հակոբյանի ընտանիքը 7 անձից է կազմված՝ աշխատում է միայն իր կինը, Ինքը գրանցված է Սալոնիկիի անգործների միությունում՝ նպաստ է ստանալու միչև դեկտեմբեր, դրանից հետո մյուսների նման անգործ է մնալու: Գաղթական հայաստանցիները դժգոհում են ՀՀ Կառավարությունից. «Ոսկե ձեռքեր ունեցող մարդիկ հեռացան Երևանից, ո՞վ դեմն առավ: Նրանք գործ կդնեին, մենք էլ կգնայինք նրանց ետևից»,- ասում է Հովհաննես Այվազյանը: «Ես մեր գյուղում ներկա դրությամբ 8 հա հող ունեմ: Տուն, տեղ թողել, եկել եմ այստեղ:  Հողի նկատմամբ շատ մեծ սեր ունեմ: Ես հողի հարկը մուծելուն համաձայն եմ, բայց կոնկրետ ջրի վարձը մուծելուն դեմ եմ: Ապրում եմ Արմավիրի մարզի, Բաղրամյանի Տալվորիկ ավանում, բայց ես Բամբակաշատից եմ: Մեր գյուղացին ներկա դրությամբ հնարավորություն չունի ջրի փողը տալու: Փողն էլ չի տալիս, ջուր չեն տալիս: Էդ ջուրը պետությունը չի տալիս ինձ, բայց ջուրը գնում թուրքին է հասնում: Ուրեմն պետությունը պետք է ոռոգման ջուրը գյուղացուն ձրի տա»,- ասում է Հակոբ Հակոբյանը: Հունահայ համայնքի ներկայացուցիչներն անդրադարձան նաեւ հայապահպանության խնդիրներին. «Հեն ա, թոռնիկ ունեմ` 7 տարեկան է, առաջին դասարանը պրծավ: Դպրոց է գնում,գերազանցիկ ա, հետս հուներեն է խոսում: Էդ հարցը շատ բարդ ա մեզ մոտ: Հունական դպրոց են գնում, հույն երեխաների հետ են շփվում: Առավոտից իրիկուն էնտեղ են: Նրանց հետ խաղում են դասից հետո, միշտ իրանց հետ են: Հայկական դպրոցը շաբաթը մեկ օր է, էն էլ երեխաները չեն ձգտում: Տանը ստիպում եմ, ասում եմ՝ հույներեն չգիտեմ, ինձ հետ հայերեն խոսա, ասում է՝ ես չգիտեմ: Երբ փող է պետք լինում, ինձ հետ հայերեն խոսում ա, եթե ՝ոչ, վերջ»,-պատմում է Հովհաննես Այվազյանը: «Եթե ամիսը 200 եվրո փող ստանամ, ես կվերադառնամ Հայաստան»,- ասում է հայ գաղթականներից Հայրապետը: «Թե մեր երկիրը լավ եղավ, ոչ ոք էլ չի մնա էստեղ: Ժողովրդին աշխատանք է պետք, թող մեր երկրում աշխատանք տան»,- ավելացնում է Գագիկը: Սալոնիկիի հայերը դժգոհ են տեղի հայկական գաղութից՝ իրենց ոչնչով չօգնելու համար. «Անունը կա, ամանումը չկա: Մենք ենք հավաքվում, իրար հետ կիսվում ենք: Հավաքվում ենք կիրակի օրերը: Առաջ այստեղ թերթ կար, անվճար վերցնում էինք: Հայկական միակ թերթը՝ «Ազատ օր»-ը: Հայկական համայնք գալիս ենք հիմնականում թերթի համար, որի գինը հիմա 1 եվրո է դարձել»,- ասում են եկեղեցու բակում հավաքված հայերը եւ խոսքը եզրափակում` «Մի խոսքով` մրից դուրս եկանք, մրաջուրն ընկանք»,-զրույցն ավարտեցին նրանք: Հայապահպանության և Հունաստանի տնտեսական ճգնաժամի հետ կապված Սալոնիկիի հայերի հիմնախնդիրների մասին զրույցեցինք նաեւ Սալոնիկիի հայ գաղութի ատենապետ Վարդգես Գունդակչյանի հետ. «Հայ գաղութը հիանալի անուն տուած է, գործերը լաւ կգնային: Լաւ անունը, որ հանած ենք, այսօր ալ կը շարունակինք ունենալ: Բարեբախտաբար, լուրջ խնդիրներ չունինք ոստիկանութեան հետ, երկրորդական խնդիրներ միշդ հարկաւ կը ծագեն»: Վ. Գունդակչյանը, այդուհանդերձ, կարևորում է հայ գաղութի անդամների գործազրկության խնդիրը. «Միակ խնդիրն այն է, որ գործին մեջ շատ մեծ սարսափելի դժվարություն մը ունինք, որովհետև հայրենակիցների մեջ վարժված էին ամբողջ ընտանիքի անդամներով աշխատին, հիմա տեսնանք որ 1-2 հոգի կրնան գործ ունենալ: Հարկավ, ինչպես որ կհասկանաք, կացությունը բավական դժվար է»: Սալոնիկիում ապրող հայերի թիվը ատենապետին հայտնի չէ. «Չենք կրնա ըսել, որովհետև մեր հայրենակիցները 10-12 տարիներ հոս կգտնվեն, բայց նորեն վախ կունենան, երբ հասցեներ կուզենք, սխալ հասցեներ կուտան»: Վարդգես Գունդակչյանը նաև ասաց, որ հայապահպանության նպատակով հայ գաղութը ստեղծել է շաբաթօրյա դպրոց. «Դժբախտաբար, այդ դպրոցին մէջ միայն 130-140 աշակերտներ կան, ավելին  չենք կրնայ ընդունել: Եվ դպրոց բանալը շատ դժվար է, որովհետև ամենաառաջինը՝ հայրենակիցները քաղաքի կենտրոնէն հեռու են, ժողովելը դժվար է՝ գնալ-գալու առումով»: Հայ Հեղափոխական Դաշնակցության Տեսահոնիկեի կոմիտեի և հունահայ գաղութի անդամ Հովիկ Գասաբյանն էլ ասում է, թե ենթադրաբար Սալոնիկիում բնակվում են շուրջ 10 հազար հայեր: Վերջինիս տեղեկացմամբ` Հունաստանում գործող միակ հայկական քաղաքական կուսակցությունը ՀՅԴ-ն է. ավանդական մյուս կուսակցությունները Հունաստանում կառույցներ չունեն: Մեզ հետ զրույցի սկզբում Հ. Գասբեանն ասում է, թե պետք է ի նկատի ունենալ, որ սփյուռփքում հայությունն ապրում է օտար մթնոլորտում, ուստի շատ դժվար է պահպանում իր էությունը. «Ներեցէք, ինձի համար սփիւռքի մէջ հայ մնալու հարցը հավատքութեան հարց է: Այսինքն` որևէ մեկը չենք կրնայ ստիպել հայ մնալ կամ հայությունէն հեռանալ»,- ասում է երիտասարդ դաշնակցականը, ով նաև նշում է, թե չի կարող որևէ հայի ստիպել ազգի համար պայքարել: Հովիկ Գասաբեանը, սակայն, գտնում է. «Երիտասարդ սերունդը պէտք է փրկուի, նրան պէտք է ներգրավենք մեր գաղափարային կեանքին, և երիտասարդ սերունդը պէտք է ըլլայ այն սերունդը, ով նոր գաղափարներով, նոր եռանդով պիտի գայ, որպէսզի պայքարէ ու պահանջէ իր ժողովրդի արդար դատի լուծման հարցը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter