HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեց ամսում արձանագրվել է դատապարտյալների մահացության 10 դեպք

ՔԿՀ-երում մահացության դեպքերի ուսումնասիրության արդյունքում 10 տեսակի խախտում է հայտնաբերվել Արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության` կողմից քրեակատարողական հիմնարկներում մահացության դեպքերի առնչությամբ կատարված ուսումնասիրության արդյունքներով, բացահայտվել են մի շարք կազմակերպաիրավական խնդիրներ, որոնց առնչությամբ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի ձեռնարկած միջոցառումները ներկայացված են ստորև: Միաժամանակ, արդարադատության նախարարը արդյունքների մասին հանգամանալից զեկուցագիր է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուսումնասիրության համար ընտրվել է 2010թ. 1-ին կիսամյակը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է դատապարտյալների մահացության 10 դեպք: Բոլոր դեպքերով արձանագրվել է, որ մահվան պատճառը պայմանավորված չէ սուբյեկտիվ գործոններով, ավելին` բազմաթիվ դեպքերում բարեխիղճ, կազմակերպված ու համակարգված աշխատանքի արդյունքում կանխվել է բազմաթիվ դատապարտյալների առողջական վիճակի վատթարացումը, և էապես բարելավվել է բուժսպասարկման վիճակը: Սակայն պարզվել է, որ նշված մահվան դեպքերում քրեակատարողական հիմնարկների իրավասու պաշտոնատար անձինք և քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետները, այնուամենայնիվ, արել են խախտումներ, որոնք առավել խոցելի են դարձրել իրավիճակը: Միաժամանակ, քննարկման առարկա հարցի առնչությամբ առկա են որոշ խնդիրներ, որոնց լուծումը պայմանավորված է ոչ միայն իրավական, այլև` ֆինանսատնտեսական և կազմակերպական գործոններով: Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են հետևյալ թերություններն ու իրավախախտումները` 1 ) խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 26-ի թիվ 825 որոշման պահանջները` ստորաբաժանման բժիշկ-մասնագետների կողմից առնվազն շաբաթը 1 անգամ դատապարտյալներին այցելելու վերաբերյալ, 2 ) առանձին դեպքերում քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետները տվել են ոչ ճիշտ ախտորոշումներ, ինչի հետևանքով տևական ժամանակով դատապարտյալների բուժումը կազմակերպվել է անարդյունավետ: Այսպես, Ռ. Մարտիրոսյանի առնչությամբ «Մալաթիա» բժշկական կենտրոնում տրված ախտորոշումը, որը շուրջ 4 ամիս հիմք է եղել բուժման կուրս իրականացնելու համար, հետագայում հերքվել է` միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, 3 ) հաճախ չի արձանագրվել, թե կոնկրետ հիվանդին որ բժիշկն է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն և ինչ հաճախականությամբ (այս պահանջը ևս ամրագրված է կառավարության վերոհիշյալ որոշմամբ), 4 ) արձանագրվել են պատիժը կրելու հետ անհամատեղելի ճանաչված ծանր հիվանդություններով տառապող դատապարտների կարգավիճակին առնչվող հարցերը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նիստերում անհարկի ուշացումներով քննարկման առարկա դարձնելու դեպքեր, 5 ) ոչ միշտ է բուժումն իրականացվել հիվանդների հիվանդության պատմության փաստաթղթերում արձանագրված ելակետային տվյալներին խիստ համապատասխան, մասնավորապես, որոշ հիվանդությունների առնչությամբ համարժեք բուժման կուրսեր չեն նշանակվել, 6 ) առանձին դեպքերում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով վերլուծություն չի կատարվել, և համապատասխան եզրակացություն չի արվել, ինչը որակվում է որպես վերը նշված Կարգի 66-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջների խախտում, 7 ) որոշ դեպքերում դատարանները բավարար չեն համարել սահմանված կարգով կազմված եզրակացություններով ուղեկցված հարկադիր բուժման վերաբերյալ ներկայացված միջնորդությունները: Այսպես, դատապարտյալ Ս. Կարոյանի առնչությամբ ներկայացվել է միջնորդություն, որին կցվել է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, ըստ որի` վերջինս տառապում է «օրգանական զառանցական (շիզոֆրենոնման) խանգարում» հիվանդությամբ և կարիք ունի հատուկ հսկողության` հոգեբուժական բաժանմունքի պայմաններում, մինչդեռ դատարանը որոշել է, որ հոգեբուժական բաժանմունքում բուժումը շարունակելու հիմքերը «պատշաճ ու հստակ չեն»: Կարճ ժամանակ անց հիվանդը դիմել է ինքնասպանության: 8 ) Արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներից անհարկի ուշացումներով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ինչպես նաև քաղաքացիական բուժհաստատություններ տեղափոխելու դեպքեր, 9 ) դատապարտյալներից ոմանք տևական ժամանակ չեն ենթարկվել բուժզննումների: Օրինակ, դատապարտյալ Մ.Մաթևոսյանը շուրջ 3 տարի չի ենթարկվել բուժզննման, ինչը բացառել է ծանր հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և առավել արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, 10 ) բժշկական փաստաթղթերը վարվում են գործավարության կոպիտ խախտումներով: Մասնավորապես, առկա են անստորագիր փաստաթղթեր, անամսաթիվ էպիկրիզներ, առանց սահմանված կարգով ձևակերպված գործուղումների` քրեակատարողական հիվանդանոց տեղափոխելու դեպքեր: Միաժամանակ հայտնվում է, որ քրեակատարողական համակարգում դատապարտյալների բուժսպասարկումը հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ են որոշ լրացուցիչ միջոցներ, որոնց առնչությամբ սահմանված կարգով պատրաստվում ենք հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն: Բուժսարքավորումների և պայմանների առնչությամբ առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը վերջերս արձանագրեցին նաև միջազգային իրավասու կառույցները: Վերը նշված խախտումների առնչությամբ սահմանված կարգով տեղեկատվություն է ուղարկվել, ինչպես արդեն նշվեց, ՀՀ գլխավոր դատախազություն: Որոշ դեպքերով արդեն իսկ ժամանակին սահմանված կարգով պատրաստվել են նյութեր, և հարուցվել են քրեական գործեր: Միաժամանակ, արդարադատության նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քրեակատարողական վարչության պետին` սեղմ ժամկետում արձանագրված խախտումների ու թերությունների համար պատասխանատու անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իրավախախտումների պտճառներն ու դրանց նպաստող պայմանները շուտափույթ վերացնելու և համարժեք կազմակերպաիրավական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter