HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հանդիպել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ: Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ և ասել. «Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով` դուք կարողացել եք ընդունվել առաջանակարգ կրթօջախներ, և միաժամանակ կարողացել եք ինքներդ հոգալ ձեր ուսման ծախսը. գտնել «Լույս» հիմնադրամը, պայքարել և այդ պայքարում հաղթող ճանաչվել: Սա շատ էական հանգամանք է, որովհետև գիտելիք ունենալը դեռևս քիչ է. պետք է կարողանալ այն համադրել ակտիվ դիրքորոշման հետ, և սա ձեր առաջին հաջողված փորձն է»: Երկրի ղեկավարն ասել է, որ ներկայումս որակյալ կադրերի պակասը մեծ խնդիր է, ուստի պահանջարկ կա լավ կրթված երիտասարդ կադրերի, որոնցով «մենք պետք է կարողանանք համալրել մեր պետական ապարատը, դրան նոր շունչ հաղորդել և դարձնել ավելի արդիական, իսկ դրա համար անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ունեն գիտելիք, ակտիվ դիրքորոշում և պատրաստ են ծառայել մեր պետության հզորացմանը»: Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ նշել է, որ եթե նրանցից որևէ մեկը կարողանա իր գործունեությունը շարունակել այնպիսի ոլորտներում, գիտական այնպիսի հաստատություններում, որոնք Հայաստանում բացակայում են, միայն խրախուսելի կլինի, քանի որ շահավետ կլինի նաև մեր երկրի ու ժողովրդի համար: Նախագահի խոսքով` նման պարագայում որևէ մեկը չի կարող նրանց կշտամբել, թե ինչու ընտրեցիք այդ ճանապարհը, ինչու չվերադարձաք Հայաստան: «Բայց եթե դուք, Հայաստան չվերադառնալով, դրսում անեք այն աշխատանքը, որ կարող եք այստեղ անել` ձեզ որևէ մեկը չի հասկանա»,- ասել է Սերժ Սարգսյանը: Կրթաթոշակառուները շնորհակալություն են հայտնել նախագահին` ուսանողներին աջակցող նման հիմնադրամային ծրագրի համար և նշել, որ պարտքի մեծ զգացողությամբ են վերադառնալու Հայաստան` ձեռք բերված գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելու մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: Երկրի ղեկավարը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հանձնել է հավաստագրեր: Նշելով, որ պետությունն իր հնարավորությունների շրջանակում շարունակելու է սատարել հիմնադրամի կրթաթոշակառուներին` նախագահը վստահություն է հայտնել, որ նրանցից շատերն իրենց գործուն մասնակցությունը կունենան մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը: «Լույս» հիմնադրամի նախորդ և գալիք ուսումնական տարվա կրթաթոշակառուները Հայաստանում են հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին մասնակցելու նպատակով, որի շրջանակում ուսանողները հասարակական ակտիվ աշխատանք են տանում համայնքներում, փորձում իրենց գիտելիքները կիրառել Հայաստանի զարգացման սցենարներ ու ծրագրեր մշակելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter