HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերը կրոնական պատկանելությունն օգտագործում են Բելգիայում մնալու համար

Բելգիայում և հարակից մի քանի պետություններում պետք է ձևավորվի թեմական կառույց: Ներկայումս Մայր Աթոռը ձեռնամուխ է եղել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հոգևոր իշխանության տարածքներում թեմական կառույցներ ձևավորելու աշխատանքներին, ինչպես տեղի ունեցավ Ֆրանսիայում: Այս մասին «Հետքին» հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: Բելգիայում հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ, «Լրագիր» հայատառ ամսաթերթի գլխավոր խմբագիր, ինչպես նաև Անտվերպենում «Նուարդ» մշակութային կենտրոնի նախագահ Գեւորգ Մինասյանն օգոստոսի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել էր բելգիահայ համայնքի հոգևոր հովվի` բելգիահայ համայնքի նկատմամբ անտարբերության մասին` նշելով, որ «ցանկալի կլինի, եթե առաջնորդը դպրոց առ դպրոց, քաղաք առ քաղաք գնա և նայի, թե ինչ խնդիր ունի յուրաքանչյուրը»: Ավելին, Գևորգ Մինասյանը նշել էր, որ մի քանի անգամ հոգևոր հովիվը փոխվել է. «Մի երիտասարդ է եղել, ով չի դիմացել, այնուհետև` մեկ ուրիշը, ով հայասեր է եղել և մեծ աշխատանք տարել, հեռացվել է ծառայությունից»: Նույն բանախոսը ասուլիսին հայտնել էր, որ հայերի մեծաթիվ խմբեր են աղանդների մեջ ներգրավվում: Բելգիայի հայ համայնքը կազմավորվել է 1990-ին: Բելգիան մտնում է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության մեջ (Պատվիրակ` Տ. Նորվան արք. Զաքարյան): Կենտրոնը Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է: Եկեղեցու օծումը կատարվել է 1990-ին` ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա -ի: Այդ ժամանակ եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել Տ. Հարություն քահանա Թաշճյանը, ով սպասավորել է մինչև 2000թ.: Այժմ Բելգիայի հայ համայնքում կա մեկ հոգևորական` համայնքի հոգևոր հովիվ Տ. Զատիկ վրդ. Ավետիքյանը, ով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Փոխանորդն է Բենիլյուքս` Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ երկրներում: Վահրամ քահանա Մելիքյանը նշում է, որ Բելգիայի հայ համայնքից ոչ մի հոգևորական չի հեռացվել և ոչ Էլ կամավոր հեռացել: Եղել են հոգևորականներ, ովքեր ծառայության են կոչվել առժամանակ, և նրանց ծառայության վայրը հետագայում փոխվել է` Բելգիայում նոր հոգևորականի նշանակումով: «Մայր Աթոռն իրազեկ է Բելգիայում և առհասարակ Սփյուռքում եղող խնդիրներին և իր հոգևոր հովիվների միջոցով մշտապես հետամուտ է այդ խնդիրների հաղթահարմանը: Բելգիայի պարագային համայնքը ցրված է, ոչ բոլորն են կապի մեջ Հայ Եկեղեցու և հոգևոր սպասավորի հետ»,- նշում է Տեր Վահրամը: Ինչ վերաբերում է Բելգիայում աղանդների ճիրաններում հայտնված հայորդիներին և այդ երևույթի պատճառներին, ապա լիարժեք տեղեկություններ այդ մասին որևէ մեկը չունի, հստակ պատկերացում այնտեղի հայ համայնքում աղանդավորների քանակի առնչությամբ չկա: Սակայն, ըստ Վահրամ քահանա Մելիքյանի, նման տենդենցի դրդապատճառները տարբեր են, «ցավոք, ոչ միշտ անկեղծ և ազնիվ»: «Հաճախ մարդկանց առաջնորդում է սոսկ մի ձգտում` կրոնական այս կամ այն պատկանելության քողի տակ դյուրություններ ապահովել Բելգիայում հետագա կեցության համար»: Տեր Վահրամը վստահեցնում է, որ Հայ Եկեղեցին և իր սպասավորները մշտապես ջանում են անհրաժեշտ ուշադրություն դարձնել համայնքի այդ հատվածին` վերադարձնելու նրանց ազգային Եկեղեցու գիրկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter