HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շատ հարցերում ես ձեզ չեմ նեղացնի, բայց անպատասխանատվությունը կպատժեմ

«Լսեք` ձեզ ինչ եմ ասում,- Ախուրյանում ներկաներին դիմեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը,- էս որ ես պահանջում եմ, լավ իմացեք, անում եմ, որ կարգապահություն սովորեք, դուք պիտի ուրախ լինեք, որ հավաքվում եք, ես էլ գալիս եմ, որ նիստ անեմ, ձեզ լսեմ, ձեր խնդիրներին տեղեկանամ: Շատ հարցերում ես ձեզ չեմ նեղացնի, բայց անպատասխանատվությունը կպատժեմ, լավ իմացեք: Եթե խորհրդակցություն է, ուրեմն պետք է գնալ, ոչ թե մտածել` գնա՞մ, թե՞ չգնամ: Այդպիսի բան չի լինելու, ամբողջ մարզին եմ զգուշացնում: Կարող է հասնեմ կաբինետս ու աշխատանքից ազատել տամ, ով ուզում է լինի, թեկուզ ոչ իմ ենթակայության տակ գտնվող կառույցի աշխատակից»: Մարզպետ Ա.Գիզիրյանի այցը Ախուրյանի համայնք ճանաչողական էր: Խորհրդակցությանը հրավիրված կառույցներից «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի ներկայացուցչի բացակայությունը զայրացրեց մարզպետին: Գյուղապետը շտապեց տեղեկացնել, որ տնօրենը թաղման է, իսկ տեխնիկական տնօրեն Արշալույս Ավդալյանը չի եկել անհայտ պատճառով: Հանդիպումը գյուղապետարանի շենքում էր, հիմնական զեկուցողն էլ գյուղապետ Արծրուն Իգիթյանն էր: Աշոտ Գիզիրյանը խոստացավ, որ առիթի դեպքում կշրջի համայնքի տարածքում, որպեսզի այն, ինչ լսելու է, հետագայում համադրի տեսածի հետ: Արծրուն Իգիթյանը չզլացավ նշել, որ Ախուրյանը համարվում է հանրապետության լավագույն համայնքներից մեկը: Իրենց ենթակայության տակ կա երեք մանկապարտեզ, որտեղ հաճախում է 350 երեխա, երկու մարզադահլիճներով համալիր մարզադպրոց, մեծ գրադարանային համակարգ` 1000 կտոր գրականությամբ, արվեստի դպրոց, ստեղծել են կոմունալ ծառայություն: Համայնքի տարածքում գործում է 3 հիմնական դպրոց, մեկ վարժարան, իսկ 2009-ից սկսեց գործել ավագ դպրոցը: Թվային առումով քաղաքային բնակչություն ունեցող համայնքներին չզիջող, շատ դեպքերում անգամ գերազանցող, սակայն գյուղի կարգավիճակ ունեցող Ախուրյանում, բնականաբար, խնդիրներն էլ պիտի համարժեք լինեին: Ախուրյանում ապրում է 10 հազար 50 մարդ: Տարածքը բավական մասնատված է` բաժանված Ախուրյան կենտրոն, գյուղ Ախուրյան եւ երկրաշարժից հետո կառուցված Նոր Ախուրյան միավորումների: Այստեղ կենտրոնացված են մի շարք կառույցներ` հիվանդանոց, ծննդատուն, ոստիկանություն, հարկային տեսչություն, կենսաթոշակային ֆոնդ, սոցապ, սոցիալական ծառայություն, մի քանի շինարարական կազմակերպություններ եւ այլն: Թվարկածներին մեկ տարի առաջ ավելացավ Շաքարի գործարանը: Բյուջեի մեծությամբ մարզում երրորդ համայնքն է Ախուրյանը` Գյումրիից եւ Արթիկից հետո: Սեփական եկամուտների հաշվին փորձում են բյուջեն տարեցտարի ավելացնել, ամեն տարի 40 մլն դրամի աշխատանք են կատարում համայնքում: Օրինակ` անցյալ տարի բյուջեն կատարել են 105%-ով: «Բայց բյուջեի առյուծի մասն աշխատավարձերի վրա է գնում,- տեղեկացրեց Արծրուն Իգիթյանը,- 2010 թ. մեր աշխատավարձի ֆոնդը 93 մլն դրամ է, որից միայն 62 մլն հատկացնում ենք ենթակա կազմակերպություններին: Ուզում ենք նաեւ սանմաքրման ծառայությունն առավել ակտիվացնել, մեծացնել, իսկ դա հավելյալ աշխատատեղ ու աշխատավարձի խնդիր է, բայց փորձելու ենք անել»: Կարգապահության եւ մաքրության նկատմամբ դրսեւորած առանձնահատուկ ուշադրությամբ աչքի ընկած մարզպետը չզլացավ այս անգամ էլ տեղեկանալ, թե որ այդքան մաքրում են, փողեր են ծախսում, արդյունքն ինչո՞ւ չի երեւում: «Այ, դուք ասում եք` մաքրում ենք, էդ ո՞նց եք մաքրում, որ կես ժամ հետո անցնում ես նույն փողոցով, փոշին հաստ շերտով նստած է լինում, մի՞թե մեր մարզն ու քաղաքն էդքան փոշոտ են, թե՞ չեք մաքրում»,- հարցրեց Աշոտ Գիզիրյանը: Մարզպետին հետաքրքրեցին նաեւ բնապահպանական խնդիրները համայնքում: Արծրուն Իգիթյանն առանց տարեթիվ նշելու տեղեկացրեց, որ մի տարի համայանքապետարանի ուժերով Նոր Ախուրյան տանող ճանապարհահատվածի երկարությամբ 10 հազար ծառ են տնկել, բայց ոչ մի հատ չի մնացել: «Կարծում եմ` բնակիչներն են ձեռքի հետ երեկոյան գնալ-գալով հանել տարել»,- մարզպետի «ինչո՞ւ» հարցին պատասխանեց գյուղապետը: Ստացվում է, որ ծառատունկից հետո նոր ախուրյանցիներն առնվազն մի քանի օր ոտքով են անցել 3 կմ ճանապարհն ու պարապությունից հավաքել նորատունկ տնկիները: «Էս տարածաշրջանում ինչքան ծառատունկ անենք, էլի քիչ է, որովհետեւ համ փոշին է շատ, համ օդն է աղտոտված, խնդրում եմ` դրա վրա առանձնապես ուշադրություն դարձնեք»,- հանձնարարեց մարզպետը: Ախուրյանն էլ, ինչպես Գյումրին, անօթեւաններին բնակարանով ապահովելու խնդիր ունի: ԲԳՎ ծրագրով ժամանակին 600 ընտանիք Ախուրյանից բնակարան է ստացել, 180 անօթեւաններ սպասում են «Գլենդել Հիլզ»-ի կողմից իրականացվելիք շինարարությանը: 2010 թ. երկրորդ կեսից շինարարությունը պիտի սկսվեր, սակայն առայժմ ձգձգվում է: Մարզպետը խնդրեց բացատրել Շաքարի գործարանի հետ կապված խնդիրը: Ա. Իգիթյանն էլ տեղեկացրեց, որ գյուղացիներին չի բավարարում 1 կգ շաքարի ճակնդեղի համար առաջարկված գինը, նաեւ մտավախություն կա, թե իրենց «կգցեն», բերքը կվերցնեն, փողը չեն տա: «Ես ձեզ ասեմ, որ դա հնարավոր չի,- գյուղապետի խոսքն ընդհատեց Աշոտ Գիզիրյանը,- այդ անձնավորությունը, որին ես էլ գիտեմ, չի կարա փողը չտա: Գյուղացին չպիտի ասի, թե Սամվել Ալեքսանյանն է եկել, ուրեմն ինչ թիվ ասենք, պիտի տա, պետք է ռեալ մոտենանք հարցին: Իհարկե, պետք է էնպես անենք, որ գյուղացին չտուժի, որովհետեւ նա մի հոգի է, իսկ գյուղացիները` շատ, բացի դրանից` նա շատ-շատ բաներ ունի, իսկ գյուղացունն էդ հողն է: Ես էլ կմիջամտեմ, որ եւ աշխատատեղերի հարցը լուծվի, եւ գնային խնդիրները»: Խորհրդակցության վերջում անդրադարձ եղավ կանգառների խնդրին: Երկրաշարժից հետո Ախուրյանում պահպանված մի քանի կանգառներն անմխիթար վիճակում են, մի քանիսն ընդհանրապես ավերակ են հիշեցնում: Անցած 15 տարիների ընթացքում, եթե ամեն տարի գոնե մեկ կանգառ վերանորոգվեր, հիմա արդեն համայնքը լիարժեք 15 կանգառ կունենար: «Կանգառների հարցը մենք արդեն պլանավորել ենք,- շտապեց տեղեկացնել համայնքապետը,- նախագծերն արդեն բերել եմ, առաջարկ կա հին կանգառները վերականգնել, դրանք ավելի ամուր են, քան նորերը, որ տեղադրվում են: Խնդիրն անպայման կկարգավորենք, պարոն մարզպետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter