
Դու անկախ ես մնալու, «Թռչկան» ջրվեժ
Հայերի համար հիշարժան և տոնական օր էր այսօր, նշվեց այն շքեղությամբ և հանդիսավոր կերպով, չնայած որ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում իսկապես անթույլատրելի շքեղություն էր: Կարծես այս ամենը արեցին, որ բազմության աչքերին կախարդված փոշի լցնեն և կուրացնեն, սակայն բոլորը չէ, որ ուրախության բացականչություններով է ընդունում այս ամենը:
Այո՛, այսօր տոն էր, պետք էր բոլորս հպարտ քայլերթով ընթանայինք և հրճվանքով լցված անցկացնեինք այս օրը, բայց ինչպես կարելի է ուրախանալ, երբ այս քարքարոտ, բնազուրկ երկրում վերացնում են անտառներ, ջրվեժներ, գետեր և հետևաբար նաև կենդանիներ:
Ժայռից բխող, շուրջբոլորը իր մաքուր ջրի կաթիլներով ողողող մի ջրվեժ, որին մեկ անգամ տեսնողը երբեք չի մոռանում, որի մոտ տարեկան հարյուրավոր մարդիկ են երկար ճանապարհ կտրում և հասնում տեսնելու, որի մասին իրենց երեխաներին են պատմում ծնողները, բազում երիտասարդներ մշտապես հավաքվում են նրանով հիանալու:
Բնության մի հրաշք է այն, ինչը կարծես կախարդում է բոլորին, հմայում իր դյութիչ տեսքով: Իսկ հիմա այն օրհասական պահն է հասել, երբ իրենց կեղտոտ ձեռքերը ուզում են լվանալ այդ մաքուր ջրում, երբ բոլորիս աչքերի առաջ վերացնում են ևս մեկ հրաշք:
Պատճառաբանելով տնտեսական զարգացումը` «ձեռներեցներին» նվիրաբերում են ժողովրդի բարիքները: Երբեմն այն կարծիքն է ստեղծվում, թե, ջրվեժը խողովակի մեջ մտցնելով, ժողովրդի սոցիալական վիճակը կբարելավվի, այնինչ ոչինչ չի փոխվելու և ավելին, իրենք զրկելու են իրենց հետագա սերունդներին` վայելելու այն ամենը, ինչ բնությունն է նվիրել մեզ:
«Թռչկան» ջրվեժի պահպանման համար պայքարող խումբը ամեն ինչ անելու է, որ անկախ մնա այն: Ամեն տարի նշելու ենք «Թռչկանի» անկախության օրը, որը նաև միասնության և համախմբվածության նշան է լինելու` ի տարբերություն այլ տոների, որոնք բաժանում են առաջացնում և խռովք:
Անի Դավթյան
Մեկնաբանել