Մամուլի տեսություն
Դարձյալ կոնսենսուս չկա
Ղարաբաղյան հարցում այս պահին կողմերի դիրքորոշումը հետևյալն է. ադրբեջանցիներն ասում են, որ բանակցությունների սեղանին դրված են «նորացված մադրիդյան սկզբունքները», որոնց իրենք սկզբունքորեն համաձայն են, իսկ հայերը ժամանակ են ձգում և ոչ «այո» են պատասխանում, ոչ էլ` «ոչ», իսկ մերոնք պնդում են, որ ամենաճիշտ ու ամենավերջին առաջարկներն արվել են Պետերբուրգում, և մեզ համար այդ առաջարկները ընդհանուր առմամբ ընդունելի են, իսկ ադրբեջանցիները որևէ պատասխան չեն տալիս:
Մեղավորները կպատժվե՞ն
Օրեր առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հավկիթի անբնական էժանացման խորքը թափանցելու համար վարույթ էր հարուցել և պահանջել արտադրողներից տվյալներ ներկայացնել: Հուլիսի 22-ին պատասխանների ժամկետը լրացել է, և հանձնաժողովի մասնագետները սկսել են վերլուծել ու ստուգել ստացված տեղեկությունները:
«Մասնագետները չեն բացառում, որ այս վարույթը երկարի, որովհետև փաստաթղթերը շատ են, և ուսումնասիրությունները կարող են երկար տևել»,- հայտնեց ՏՄՊՊՀ լրատվության պատասխանատուն:
Այսպիսով, որքան արագ և օպերատիվ է բարձրանում ձվի գինը, ինչքան հաճախանում են մրցակցության խախտման փորձերը, այնքան ավելի են դանդաղում գործադիրի` կասկածելի զարգացումները կանխելուն ուղղված գործողությունները: Թեև հանձնաժողովից վստահեցնում են, որ եթե ապացուցվի, որ շուկայում արհեստական գնանկում կամ գնաճ է եղել, ապա մեղավորները կպատժվեն:
«Եթե Կոսովոյի անկախության ճանաչումը Հաագայի դատարանի կողմից նպաստի ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ապա մենք միայն կողջունենք այդ որոշումը»,- երեկ երեկոյան Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի եզրակացությունը բնորոշել է որպես «կարևորագույն իրադարձություն», միաժամանակ նշելով, որ հավասարակշռված դիրքորոշում է պետք ցուցաբերել այդ վճռին:
Հատկանշական է նաև, որ Բակո Սահակյանն ընդգծել է. «Սակայն, չնայած դրան, մենք կշարունակենք ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքները: Նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, և համաձայն դրա, մեր կյանքում նոր զարգացումներ տեղի կունենան»:
ԼՂՀ նախագահի խոսքով, այդ որոշումը բանակցային գործընթացում հայկական կողմից նոր հնարավորություն է ընձեռում և ավելի իրատեսական դարձնում Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղանի շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել