Ջրմուղի տնօրենը խոսքի տերը չէ՞
Վանաձորի Ռուսթավի փողոցի առանց այն էլ անբարեկարգ ճանապարհը ջրագծի տեղադրման արդյունքում ամբողջովին փոսերով է ծածկվել: Ռուսթավի 7 շենքի բակը նաև ասֆալտապատ էր, շինարարական աշխատանքների ժամանակ ասֆալտը քանդել ու չեն վերականգնել: Խոշոր փոսեր են գոյացել նաև խաղահրապարակում:
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Դորոժնիկ» շինարարական կազմակերպությունը, պատվիրատուն և վերահսկողը «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն է:
«Ջրմուղը եկավ, ասֆալտը քանդեց: Հետո էլ հողը վրա տվին ու գնացին: Ուղիղ շքամուտքի դեմն ա, էս ցեխը մեր տներն ա լցվում: Չեն էլ խոստանում, որ կսարքեն, ասում են մենք դրա հետ գործ չունենք»,-պատմում են շենքի բնակիչները:
Ջրմուղի տնօրեն Վ. Վահանյանը համաձայնեց, որ եթե ասֆալտը Ջրմուղի կողմից է քանդվել, անպայման պետք է վերականգնվի: Բայց Ռուսթավի փողոցում վերականգնման աշխատանքներ չեն տարվել, ըստ նրա, ասֆալտապատման համար անհրաժեշտ մակերեսը չապահովվելու պատճառով:
«Իրանք մի քիչ ծավալ են հավաքում, ասենք` մի երեք տեղ սենց հավաքում են, որ մի ավտո ասֆալտ բերեն համ էս անեն, համ նրանք: Էնքան ծավալ պետք ա ունենան, որ մի ավտո ասֆալտի ծախսերի առումով վնաս չանեն»,-պարզաբանեց Վ. Վահանյանը:
«Կպարտավորեցնեմ, կստիպեմ, որ վերականգնեն»,-ասաց և խոստացավ, որ բարձրացված խնդիրը 10 օրվա ընթացքում լուծված կլինի:
Վ. Վահանյանի խոստացած ժամկետը վաղուց է լրացել, բայց Ռուսթավի փողոցում ոչինչ չի փոխվել: Ասֆալտի շերտը վերականգնված չէ, գլխավոր ճանապարհի հարթեցումն էլ բնակիչներն իրենց միջոցներով են գլուխ բերել:
Ռուսթավիի բնակիչները դժգոհ են նաև ջրամատակարարումից: Պատահում է` օրերով ջուր չեն ունենում. Ռուսթավի 7-ի բնակիչները նշում են 12 օր, Ռուսթավի 13-ի բնակիչները` մեկ ամիս: Որովհետև ճնշում չկա, բարձր հարկերը ջուր չեն ստանում: Ռուսթավի 9-ի բնակիչները ճնշումով ջուր վերջին անգամ 87թ-ին են ստացել:
Ժամանակ է պահանջվում մինչև ջուրն առաջին շքամուտքից մյուս շքամուտքերին հասնի, 6-րդ շքամուտք է հասնում, երբ արդեն կտրվելու ժամանակն է լինում:
Քանի որ ջուրը ճնշում չունի, բնակիչներն անհատական պոմպեր են տեղադրել իրենց բնակարաններում: Միայն պոմպերով է հնարավոր ջուր ստանալ: Իսկ սա ավելորդ ծախս է բնակչի համար: Նա գումար է ծախսում պոմպ գնելու համար, իսկ հետո էլեկտրաէնեգիայի վարձ է վճարում պոմպի աշխատանքի համար:
Ռուսթավի 7-ի բնակիչներն անհանգստանում են, որ ձմռանը ցրտում են մնալու: Ջեռուցման ինքնակառավարվող համակարգն այնպիսին է, որ եթե ջրի ճնշում չլինի, անհրաժեշտ ջրի քանակը չի ապահովվի: Նրանք օրումեջ են ջուր ստանում` 3-4 ժամով, այն էլ` «թրիք, կեղտ, հող, ավազ», «տիղմահամ է գալիս»,-ասում են նրանք:
Միառժամանակ բնակիչները մոտակա ոստիկանության բակում գտնվող ծորակից են ջուր վերցրել, քանի որ ջուրն ընդհանրապես պիտանի չի եղել օգտագործման, առավել ևս խմելու համար:
Ջրմուղի տնօրենը համաձայն է բնակիչների բոլոր բողոքների հետ` բացառությամբ ջրի որակի: «Բազումում մի քանի շենք կա, որոնց բարձր հարկերը վատ են ջրամատակարարվում, ճշումը չի բավարարում: Գրաֆիկով քիչ են ստանում: Խնդիրը կա, պետք ա լուծվի: Բայց որ ընդհանրապես ջրազրկված լինի, անհնար բան ա, իմ աշխատած ժամանակահատվածում չի եղել տենց բան»:
Ջրի որակից բնակիչների բողոքի վերաբերյալ ասում է. «Լավ չեն ասում էդ: Դա շաբլոն խոսակցություն ա, որ էս պահին լուրջ բան չի: Էս պահին ոչ մի տեղ հնարավոր չի, որ ցեխաջուր ըլնի: Կարող ա, ասենք, պահի տակ վթար առաջանա, բայց որ համատարած ինչ-որ թաղամաս ա, հստակ զրպարտություն ա դա»:
Բնակիչները պնդում իրենց ասածը. «Քանի անգամ զանգել եմ Ջրմուղ, ասել եմ, որ կեղտաջուր ա գալիս, ասել են կգանք կնայենք, չեն եկել»,-ասում է Ռուսթավի 7-ի բնակչուհի տիկին Լուսյան:
Ռուսթավի 7-ի մեկ այլ բնակչուհու` Հերմինեի հաշվիչը հենց կեղտաջրերից է փչացել:
«Էն երևանցի տնօրենը որ կար` Ղուկասյանը, նրա օրոք ջրի պրոբլեմ չենք ունեցել: Նրա վախտը գոհ ու շնորհակալ էինք, բայց հիմա ոչ: Ինչ տնօրենը փոխվել ա, մեր ջուրը նորմալ չի»,-ասում են բնակիչները (Ղուկասյանը տնօրեն է նշանակվել 2009-ի նոյեմբերի 11-ին, իսկ Վահանյանը պաշտոնավարում է 2010-ի ապրիլի 20-ից-հեղ.):
Բնակիչները դժգոհում են Ջրմուղի սպասարկումից: Ռուսթավի 7-ի բնակիչները պատմում են, որ առանց իրենց համաձայնության Ջրմուղի աշխատակիցները եկել հանել են երկու կից շենքերի վնասված պոմպերը, թե տանում ենք սարքելու ու ետ չեն բերել: Պահանջել են, բայց ապարդյուն:
Փոսերի վերականգնման հետ կապված` բնակիչներին պատասխանել են, թե դրա հետ գործ չունեն: Իսկ երբ զանգում են ջրի գրաֆիկը ճշտելու, պատասխանում են` կունենաք, ու վերջ: Կամ հեռախոսն է զբաղված է լինում, կամ եթե վերցնում են լսափողը, զանգողը չի հասցնում իր հարցի պատասխանը լսել կամ երկրորդ հարցը տալ, անջատում են:
Որպես բարեխիղճ սպառողներ` բնակիչներն ընդամենը նույնպիսի վերաբերմունք են պահանջում ջրամատակարարից:
Ի դեպ` խոստումների մասին: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լ.Մելիքյանն իր հերթին հավաստիացրեց, որ Ջրմուղը պարտավոր է վերականգնել ճանապարհի քանդված հատվածը և խոստացավ անձամբ հետևել վերականգնմանը:
Իր այս չկատարած խոստումից բացի Լ. Մելիքյանը մի խոստում էլ է տվել Ռուսթավիի բնակիչներին: Երբ նրան դիմեցինք Ռուսթավիի ճանապարհի նորոգման խնդրով, ասաց, որ այս տարի Ռուսթավիում նորոգման աշխատանքներ նախատեսված չեն, բայց մյուսում, եթե ոչ ասֆալտապատում կամ փոսային նորոգումներ, ապա գոնե հարթեցման աշխատանքներ անպայման կիրականացվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել