HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Նույնիսկ շաքարաքլորը թանկանում է, բայց գյուղացու բերքը չի թանկանում»

Արագածոտնի մարզում արդեն մի քանի օր է` սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Այս տարի մարզում շուրջ 3500 հա հացահատիկի ցանքատարածություն կա: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մարզում կա 179 կոմբային, իսկ մինչեւ հունձը` շահագործման ենթակա է եղել 140 կոմբային. «Այս պահին ամեն ինչ իր բնական հունով գնում է եւ դժվարություններ չունենք»,- հավաստիացնում է մարզպետարանի պաշտոնյան: Այս տարի 1հա հացահատիկը հնձելու համար կոմբայնավարը 20-22 հազար դրամ է պահանջում, 3-4 հազար դրամ էլ անհրաժեշտ է, որ բեռնատար ավտոմեքենաները հացահատիկը տուն հասցնեն: Առայժմ հացահատիկի հնձման աշխատանքները միայն Աշտարակի տարածաշրջանում են ավարտվել, քիչ-քիչ բերքահավաքը կսկսվի նաեւ Արագածի, Թալինի եւ Ապարանի տարածքներում: Աշտարակի գյուղերում այս տարի հացահատիկի բերքն անհաջող է եղել, 1 հա-ից ստացվել է 1.7 տոննա բերք: Յուրա Ազատյանի ասելով, լավ բերք են ակնկալում Արագածի եւ Ապարանի շրջաններից: Նոր Ամանոսում հնձման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ գյուղապետ Սարգիս Ալեքսանյանը դժգոհ է մնացել այս տարվա բերքից: Համայնքում միայն 50 հա հացահատիկի ցանքատարածություն է եղել այս տարի, սակայն մեկ հեկտարից 1-1.5 տոննա բերք են ստացել: Ցածր բերքատվության պատճառը անձրեւներն են եղել, քանի որ հացահատիկի փոշոտման ժամանակ տեղումները խանգարել են եւ փոշոտում չի կատարվել: «Միայն մեր տածածքում մեկ հեկտար ցորեն մշակելու համար 255 հազ. դրամ ծախս ենք անում: Այսօր ցորենի կիլոգրամը 100 դրամ է, պարզ հաշվարկ է, որ այս տարի տուժել ենք, քանի որ նույնիսկ մեր ծախսերը դուրս չի եկել»,- ասում է Ս. Ալեքսանյանը: Նոր Ամանոսում այս տարի ոչ ոք չի պատրաստվում ցորեն վաճառել, քանի որ ստացված բերքը միայն իրենց ընտանիքներին է բավականեցնելու եւ «ավելցուկ» չեն ունենա: Նոր Եդեսիայում նույնպես հացահատիկից քիչ բերք է եղել `1հա-ից 2 տոննա: Գյուղապետ Վահան Աբգարյանի ասելով, նախորդ տարիներին մոտ 3.5 տոննա ցորեն են ստացել: Պատճառը դարձյալ անձրեւներն են եղել եւ գերխոնավությունից առաջացած հիվանդությունները: «Գյուղացիները զրոյի վրա նստած են, ոչ մի օգուտ չենք ստացել: Ախր զոռով ինձ խոսացնում եք, ամեն ինչ թանկանում է, նույնիսկ շաքարաքլորը թանկանում է, բայց գյուղացու բերքը չի թանկանում: Այսօր մեկ կիլոգրամ ցորենը 80 դրամով են մեզանից մթերում, դուք ինձանից լավ գիտեք, որ 80 դրամով շուկայում կոմբիկերն է վաճառում: Իզուր ինձ մի խոսացրեք ու ջղայնացրեք»,- ավելացրեց գյուղապետը: Նրա ասելով, գյուղացիներից ցորենն էժան են մթերում, որովհետեւ դրսից շատ ու ավելի էժան են ներկրում: Նոր Եդեսիայում այս տարի եղել 80 հա հացահատիկ, իսկ կոմբայնավարը 1հա հնձելու համար գյուղացիներից պահանջել է 25 000 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter