HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային իրավունքն աճուրդի չի դրվում

Այն, որ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը` Արդարադատության միջազգային դատարանը, 2010թ. հուլիսի 22-ին հայտարարեց, որ «Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի ոտնահարում միջազգային իրավունքը», միանգամայն օրինաչափ է: Նախ օրինաչափ է, քանի որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը` ինքնորոշման տեսքով, որպես տվյալ կազմակերպության հիմնական նպատակներից մեկը ներառված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ [Հոդված 1(2)]: Հետո, օրինաչափ է, քանի որ միջազգային իրավունքի մեջ չկա անկախության հռչակման որևէ սահմանափակում: Այսինքն` միջազգային իրավունքի մեջ չկա մի չափորոշիչ, որով անկախանալու իրավունքը վերապահված է, ասենք, սերբերին, վրացիներին կամ Կովկասի թաթարներին, իսկ նույն իրավունքը մերժվում է ալբանացիներին, մենգրելներին կամ թալիշներին: Բնական է, որ անկախության հռչակումը միշտ էլ միակողմանի է լինում: Երբ, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունն իրենց անկախությունը հռչակեցին համապատասխանաբար Բրիտանական Կայսրությունից կամ ՍՍՀՄ-ից, նրանք դա արեցին առանց, այսպես կոչված, «կենտրանական իշխանության» թույլտվության: Ուրիշ բան, որ «կենտրոնական իշխանությունը» կարող է այդ փաստն ընդունել հանգիստ, առանց ավելորդ ռազմական ջղաձգումների, կամ կարող է փորձել արյան մեջ խեղդել ուրիշների ձգտումը: Գնահատելի է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վերոհիշյալ որոշումը միջազգային իրավունքի ժողովրդավարացման ուղղությամբ զարգացման տեսանկյունից: Որոշումը ցույց տվեց, որ XXI դարի մտածողությանն անհարիր է ժողովուրդների բաժանումն արտոնյալների և մերժյալների: Հիշյալ որոշումը գնահատելի է նաև Արցախի հակամարտության ժողովրդավարական լուծման տեսանկյունից: Այսինքն` ինչպես ժողովրդավարական հասարակության մեջ որևէ մեկն իրավունք չունի անհատի փոխարեն որոշումներ կայացնելու, այնպես էլ ներկա միջազգային հարաբերություններում որևէ մեկն իրավունք չունի որոշումներ կայացնելու այդ անհատների կազմակերպված հանրության փոխարեն: XXI դարում միջազգային իրավուքը չի կարող աճուրդի դրվել: Միջազգային իրավուքը նավթի աշտարակ չէ: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 23 հուլիսի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter