Ինչպես են հանգստանում մարզպետները

Ամառվա վերջին 2 ամիսները ակտիվ հանգստի շրջան են: «Հետքը» Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզպետներից հետաքրքրվեց, թե ինչպես եւ որտեղ են անցկացնելու իրենց ամառային արձակուրդը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատրաստվում է ամառային արձակուրդն անցկացնել Ուկրաինայում՝ Սակի քաղաքում:
Մարզպետը սիրում է հանգիստը համատեղել տեսարժան վայրեր այցելելությամբ: Ա. Ղահրամանյանի համար հանգստի կարեւորագույն պայմանը առօրյա հոգսերից կտրվելն է: Հարցին` որքան գումար է նախատեսել ամառային հանգստի համար, պատասխանեց. «675 հազար դրամ»: Արձակուրդի չի պատրաստվում գնալ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը. նախընտրում է ողջ ամառ աշխատել:
«Հետքի» հետ զրույցում մարզպետն ասաց, որ եթե արձակուրդ գնար, ապա կհանգստանար ընտանիքի հետ` բնության գրկում: Քանի որ հանգստի գնալ չի պատրաստվում, այդ նպատակով գումար էլ չի նախատեսում:
«Ընդհանրապես, կարեւորում եմ ոչ թե հանգստանալու համար ծախսված գումարի չափը, այլ դրա բովանդակային կողմը»,- ասում է Ս. Սահակյանը: «Ամենամյա արձակուրդիցս օգտվում եմ 10-12 օր, սակայն երբեւէ չեմ պլանավորում, թե որտեղ կարելի է հանգստանալ, քանի որ երբեմն հանգամանքներից ելնելով` ստիպված եմ լինում պլաններիս մեջ փոփոխություններ կատարել: Վայրը որոշում եմ հանգստի մեկնելուց ընդամենը մի քանի օր առաջ, պատկերացրեք` դժգոհ չեմ լինում իմ ընտրությունից»,- ասում է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:
Նա հանգիստը կազմակերպելու նախընտրելի վայր չունի եւ կարողանում է հանգստանալ բնության գրկում, ծովափում, աղմկոտ, մարդաշատ կամ խաղաղ միջավայրում: «Բնավորությունս թույլ է տալիս հանգիստս բավարար կազմակերպել: Նախընտրում եմ հանգստանալիս հեռախոսազանգեր չընդունել: Դա, կարծում եմ, հանգստի կարեւոր նախապայմաններից է»,- ավելացնում է մարզպետը: Նվեր Պողոսյանը բնույթով անհանգիստ է եւ երկար ժամանակ չի կարող տրվել հանգստին:
«Հանգստանալիս, ինչպես եւ առօրյայում, նախընտրում եմ զբաղվել նաեւ սպորտով, անպայման պետք է 1-2 ժամ քայլեմ»,- նշում է մարզպետը: Ըստ նրա` լիարժեք հանգստանալու համար հաճախ շատ գումար անհրաժեշտ չէ, «բայց եւ այնպես՝ որքան շատ, այդքան լավ»: Նվեր Պողոսյանը նախընտրում է լինել պատմական եւ հարուստ մշակույթ ունեցող, ինչպես նաեւ տպավորիչ երկրներում, որտեղ լավ եւ հանգիստ կզգա իրեն: «Հաճույքով կրկին Երուսաղեմ կմեկնեի»,- ասում է մարզպետը:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշել է այս տարի արձակուրդը կազմակերպել հենց իր մարզում: Նրա կարծիքով` մարզի առողջարար, կենարար, մաքուր օդն ու գեղեցիկ բնությունը ոչնչով չեն զիջում հանրապետությունից դուրս որեւէ այլ վայրի ընձեռած հնարավորություններին. «ՀՀ կառավարության քաղաքականությունն այս առումով ինձ շատ սրտամոտ է, եւ ես էլ մեծ ուրախությամբ այս տարի արձակուրդս անցկացնելու եմ հենց մեր մարզում, մասնավորապես` Դիլիջան քաղաքում»:
Տավուշի մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը հենց տուրիզմն է, մարզպետն էլ որպես տավուշցի ուրախ է, որ մարզում աստիճանաբար բարելավվում են հանգստի պայմանները, ու տարեցտարի մեծանում է մարզ այցելող զբոսաշրջիկների թիվը: Թեեւ Արմեն Ղուլարյանն ամառն անցկացնելու է Դիլիջանում, սակայն չէր հրաժարվի նաեւ այլ երկրներում հանգստանալու առաջարկից եւ աշխատում է հնարավորության դեպքում նման առիթը բաց չթողնել:
«Ընդհանրապես ճանապարհորդությունն, իմ կարծիքով, լավագույն ձեւն է աշխարհընկալման, այլ երկրների, ժողովուրդների մշակույթի եւ պատմության հետ շփվելու եւ, իհարկե, ժամանակից ետ չմնալու համար»,- ասում է Տավուշի մարզպետը: Ա. Ղուլարյանն ամսական ստանում է 230 հազար դրամ աշխատավարձ եւ արձակուրդը կազմակերպելու համար նախատեսել է ծախսել իր արձակուրդային գումարի չափով կամ մի փոքր ավելի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել