HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Տավուշյան արդարադատության բանաձեւը. սպանություն ընտրությունների օրը

2008 թ. փետրվարի 19-ին` նախագահական ընտրությունների օրը, Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղի` Աչաջրի կենտրոնում ծանր հանցագործություն է կատարվել: Այդ օրը ընտրությունների կապակցությամբ ոստիկանությունը ծառայություն է իրականացրել, սակայն ոչ ոստիկանները, ոչ էլ ներկա բազմաթիվ աչաջրեցիները դեպքին չեն միջամտել:

 

Աչաջրի 27-ամյա բնակիչ, համայնքի ավագանու անդամ Դավիթ Վարդումյանը, ստացած բազմաթիվ վնասվածքներից այդպես էլ ուշքի չգալով, փետրվարի 22-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հոդվածով: Որոշ ժամանակ անց քրեական գործը վերաորակվել է, եւ Աչաջրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի (նա համայնքի միջոցները յուրացնելու մեղադրանքով հիմա հետախուզման մեջ է) եղբոր որդուն՝ 1982 թ. ծնված Ահարոն Ղալթախչյանին, մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդումյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, որն անզգուշությամբ հանգեցրել է տուժողի մահվան: Իսկ 2008 թ. ապրիլի 21-ին Ահարոն Ղալթախչյանը գործում ներգրավվել է արդեն «Սպանություն» եւ երկու կամ ավելի անձանց նկատմամբ «Սպանության հանցափորձ» կատարելու մեղադրանքով: Համաձայն մեղադրական եզրակացության` Ահարոն Ղալթախչյանը, «թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով համագյուղացի Դավիթ Վարդումյանի, նրա ընկեր Դավիթ Եգանյանի հետ, 2008 թ. փետրվարի 19-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, տեսնելով, որ վերջիններս Աչաջուր գյուղի կենտրոնական հատվածում կանգնած, նույն գյուղի բնակիչ Արարատ Աթաբեկյանի վարած «ՎԱԶ-2106» ավտմեքենայի մեջ են, իր վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով շարժվել է նրանց ուղղությամբ: Նկատելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից իջած Դավիթ Վարդումյանին` վրաերթի ենթարկելու միջոցով վերջինիս հարվածելու, մահ պատճառելու նպատակով մեծ արագությամբ մեքենան վարել է նրա ուղղությամբ, սակայն վերջինս խույս է տվել, փախել կանգնած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամաս, որի ընթացքում էլ «Մազդա» ավտոմեքենան առջեւի աջ մասով դիպել է «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի աջ կողամասին եւ շուրջ 5 մ առաջանալով՝ այն կանգնեցրել: Ապա մեքենայից վերցնելով նախապես իր հետ բերած հրացանը՝ իջել է մեքենայից, սպանելու նպատակով նախ կրակել փախչող Դավիթ Եգանյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ, քանի որ վերջինս ցատկել է մոտակա ձորակը, չի դիպել նրան:

Այնուհետեւ, հետապնդելով «Ժամի թաղ» տարածքի ուղղությամբ փախչող Դավիթ Վարդումյանին, Արամ Վարդումյանի տան դիմաց հասնելով նրան եւ որսորդական հրացանից կրակելով նրա ուղղությամբ՝ հրազենային վնասվածք է պատճառել վերջինիս աջ ձեռքին` արմնկային` հոդի-նախաբազկի շրջանում, ապա հրացանի խզակոթով, ոտքերով, սպանելու նպատակով դիտավորյալ հարվածներ հասցրել Դավիթ Վարդումյանի գլխին, մարմնի տարբեր մասերին, պատճառել առողջության ծանր վնաս առաջացնող, կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, որոնք էլ հետագայում հանգեցրել են Դավիթ Վարդումյանի մահվան»:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել, որ Ահարոն Ղալթախչյանը մեքենաների բախումից հետո իջնելով ավտոմեքենայից՝ վիճաբանության մեջ է մտել մյուս մեքենայից իջած Դավիթ Վարդումյանի հետ: Վեճի ընթացքում վերջինս դանակով հարվածել է Ահարոն Ղալթախչյանին` ձախ հետույքային շրջանում, որից հետո ամբաստանյալը, ավտոմեքենայից վերցնելով որսորդական երկփողանի հրացանը, մեկ անգամ կրակել է օդ, այնուհետեւ` Դավիթ Վարդումյանի ուղղությամբ: Դեպքի մասին Դավիթ Եգանյանը պատմեց հետեւյալը. «Գյուղամիջում ավտոյի մեջ նստած էինք, Հովհաննես Ղալթախչյանն ու իր հորեղբոր փեսան եկան, թքեցին մեր նստած ավտոյի ուղղությամբ: Դավիթն ավտոյից իջավ՝ ասելով. «Ուզածներդ ի՞նչ ա , բանի՞ եք ման գալի»: Սկսվեց վիճաբանություն, ասացին` «գնանք «Կապի ձորը»: Ես Դավոյին ասում էի` հեռանանք»: Մեքենաների բախումից հետո դեպքերի ընթացքը Դավիթն այսպես է նկարագրում. «Մի անգամ օդ կրակեցին: Դավիթն` աջ, ես ձախ փախա, Ահարոնն էլ` իմ հետեւից: Ես գցվեցի ձորը, իր կրակոցն ու իմ գցվելը համընկան: Ես նույնիսկ ականջներիս տակ զգացել եմ շեշմեքի տաքությունը. ես ինձ կորցրել էի: Մի որոշ ժամանակ հետո՝ մոտ երկու րոպեից, երբ վերադարձա, Դավիթին խփել էին եւ շարունակում էին ծեծել: Չորս հոգով Դավթին ծեծում էին` Ահարոնը, նրա եղբայր Հովհաննեսը եւ նրանց հորեղբոր երկու փեսաները»: Դավթի վկայությամբ` շրջակայքում մոտ 200 մարդ է եղել: Երբ Դավիթ Վարդումյանին հիվանդանոց են տեղափոխել, Դավիթ Եգանյանը տեսել է գյուղապետարան փախչող ոստիկանների, որոնք մեջքով են կանգնել, որպեսզի իրենց դեմքով չճանաչեն:

«Ես իմ ընկերոջը ծանր վիճակում Իջեւանի հիվանդանոց եմ տարել, ինձ իսկույն տարել են ոստիկանության Իջեւանի բաժին, այնտեղ 3 օր փակել: Քննության ինչի՞ն հավատամ»,- հարցնում է Դավիթ Եգանյանը: Նրա խոսքերով` Ղալթախչյանները, ովքեր իր հարեւանն են, կրակել են իր տան վրա, եւ ինքը վախենում է ոչ թե իր, այլ իր անչափահաս երեք երեխաների համար:

Դավթի ներկայացմամբ՝ Ահարոնի հայրը` Կամո Ղալթախչյանը, խոսել է իր հոր հետ՝ փորձելով համոզել, որ Դավիթն իրենց ձեռնտու ցուցմունք տա: Վառելափայտի վաճառքով զբաղվող Դավիթն ասում է, որ դեպքից հետո՝ 7 ամիս շարունակ, Ղալթախչյանները խոչընդոտներ են ստեղծել իր համար, որպեսզի չկարողանա փակել բանկից վերցրած վարկը: Քննության ընթացքում ոստիկանությունը նրան տարել է Երեւան՝ հոգեկան վիճակը ստուգելու համար: Սպանված Դավիթ Վարդումյանի հոր` Վովա Վարդումյանի խոսքերով` բոլորը վախենում են ճիշտ ցուցմունք տալ, «վերեւներն էլ կաշառված են», միակ ճիշտ ցուցմունք տվողին` Դավիթ Եգանյանին, ցանկացել են «գիժ հանել»: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը, Զոյա Զաքինյանի նախագահությամբ, այս տարվա հունիսի 23-ին վճռել է Ահարոն Ղալթախչյանին մեղավոր ճանաչել միայն «Սպանություն» հոդվածով եւ դատապարտել 8,5 տարվա ազատազրկման: Մեղադրող-դատախազ Աշոտ Գեւորգյանը միջնորդել էր վերջինիս ազատազրկել 14 տարով, մինչդեռ դատարանը երկու կամ ավելի անձանց նկատմամբ «Սպանության հանցափորձ» կատարելու մասով Ահարոն Ղալթախչյանին արդարացրել է:

Դատարանը համարել է, որ Դավիթ Եգանյանի «ցուցմունքից բացի, նրան սպանելու փորձի վերաբերյալ այլ ապացույցներ գործի նյութերում առկա չեն, դատաքննությամբ եւս նման ապացույցներ ձեռք չբերվեցին»: Սպանված երիտասարդի` Դավիթ Վարդումյանի ծնողները պնդում են, որ գործի նախաքննությունը սխալ է ընթացել, քանի որ իրենց որդուն սպանել են մի քանի հոգով: Դավիթ Վարդումյանի մայրը` տիկին Սեդան, այդ կապակցությամբ բազմաթիվ բողոքներ է գրել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, նախագահ Սերժ Սարգսյանին:

Փաստաբան Լ. Գրիգորյանն այս տարվա մարտի 1-ին գլխավոր դատախազին բողոքել է Տավուշի քննչական բաժնի քննիչի՝ «Անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշման» դեմ, քանի որ Դավիթ Եգանյանի ցուցմունքի համաձայն` Ահարոն Ղալթախչյանից բացի, Դավիթ Վարդումյանին ծեծել են Հովհաննես Ղալթախչյանը, Արման Դալլաքյանը եւ Արամ Աթաբեկյանը: Բողոքի կապակցությամբ գլխավոր դատախազությունից պատասխանել են, թե խախտվել է քննիչի գործողությունները բողոքարկելու 6-ամսյա ժամկետը: Սակայն գործը քննող քննիչն այդ որոշումը կայացրել է 2009 թ. հունիսի 22-ին, իսկ Սեդա Վարդումյանին այդ մասին տեղեկացրել է 2009-ի դեկտեմբերին, երբ գործն ուղարկել է դատարան: Փաստաբան Արփինե Եղիկյանը, ով ներկայումս զբաղվում է Տավուշի ՇՊԱԿ-ում ստացված բողոքներով, 2010 թ. մայիսի 17-ին բողոք է գրել նորից գլխավոր դատախազին՝ հայտնելով վերոնշյալը եւ շեշտելով, որ բողոքարկման 6-ամսյա ժամկետն իրականում պահպանվել է:

Գլխավոր դատախազությունից ստացված նոր պատասխանում արդեն նշված է, որ քննիչի որոշումը վերադաս դատախազին, այսինքն` Տավուշի մարզի դատախազին պետք է բողոքարկվեր 7-օրյա ժամկետում. «Ս. Վարդումյանը քննիչի այդ որոշումը չի բողոքարկել վերադաս դատախազին: Հետեւաբար, քննիչի որոշումը բողոքարկելու ժամկետը հարգելի համարելու հիմքերը բացակայում են»:

Սակայն Արփինե Եղիկյանը նշում է, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ քննիչի որոշումը դատախազական հսկողության ընթացքում կարող էր վերացվել մարզի դատախազի կողմից` առանց որեւէ մեկի դիմումի: Դրանից հետո անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել միայն մեկ անգամ եւ միայն ՀՀ գլխավոր դատախազի կողմից: Ներկայումս փաստաբան Արփինե Եղիկյանը նախապատրաստում է վերաքննիչ բողոք՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի դեմ: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանն էլ հայտնեց, որ իրենք եւս բողոքարկելու են Զոյա Զաքինյանի հիշյալ դատավճիռը, որով Ահարոն Ղալթախչյանը «Սպանության հանցափորձի» մասով արդարացվել է: Ուշագրավ է, որ Ահարոն Ղալթախչյանը կալանավորվել է դեպքից ավելի քան 1 տարի անց՝ 2009 թ. ապրիլի 27-ին:

«Հանցագործներն այսօր ազատ ման գալով` ծիծաղում են»,- ասում է Սեդա Վարդումյանը: Նա գտնում է, որ 2008 թ. փետրվարի 19-ին Աչաջրում ծառայություն իրականացրած 5 ոստիկանները պետք է օրենքով պատասխանատվության ենթարկվեն: Նրա համոզմամբ` Ահարոն Ղալթախչանը միայնակ չէր կարող սպանել ֆիզիկապես շատ ուժեղ իր որդուն: Տիկին Սեդան նաեւ մանրամասնում է, որ սպանության օրը դեպքի վայրում եղել է նաեւ աչաջրեցի Արկադի Դալլաքյանը, սակայն քննիչը վերջինիս չի հարցաքննել:

«Շրջակայքում շատ մարդ է եղել, սակայն Ղալթախչյանները սպառնացել են, որ ոչ ոք մոտ չգա: Նրանք նորմալ ուղեղով չեն եղել. եղել են թմրամիջոցների ազդեցության տակ»,- հավելում է տիկին Սեդան: «Եթե իմ տղան է նախահարձակ եղել, ինչու՞ են նրանք գերդաստանով, հրացանով զինված եկել»,- հարցնում է որդեկորույս մայրը եւ ավելացնում, որ Ահարոնի հայրը նույնպես դեպքի ականատեսներից է:

Կամո Ղալթախչյանը, հետեւելով, թե ինչպես են Դավթին ծեծում, միայն տեւական ժամանակ հետո է ձեռքով ծեծը դադարեցնելու շարժում արել: Իսկ դատական նիստերից մեկի ընդմիջման ժամանակ Կամոն հեգնանքով Սեդային ասել է. «Դու դեռ ապրելու ես»: «Կարծես թե իմ կյանքն իր ձեռքերում է»,- ասում է տիկին Սեդան: Սեդա Վարդումյանի վկայությամբ` գործը կոծկելու նպատակով Ղալթախչյանները երկու անգամ իրենց տուն միջնորդ են ուղարկել` Էլմիրա Ղալթախչյանին: Անգամ Իջեւան քաղաքից մարզում հայտնի մարդ է եկել Աչաջուր` Վարդումյանների ազգակիցների մոտ, որպեսզի նրանք եւս միջնորդեն գործը կոծկելու համար՝ խոստանալով նոր մեքենա նվիրել սպանվածի ընտանիքին: Սակայն Սեդա Վարդումյանը շեշտում է, որ ուզում է հասնել ճշմարտության բացահայտմանը:

Հ.Գ. Օրերս Դավիթ Եգանյանը Ղալթախչյանների ազգականների կողմից հարձակման է ենթարկվել:

Այդ մասին «Հետքի» թղթակցին հայտնեց Դավթի մայրը` Աշխեն Եգանյանը: Նրա խոսքերով, գիշերով շրջափակել են մեքենան, որի մեջ նաեւ ինքն է եղել: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը տեղեկացրեց, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեռեւս չի որոշվել, թե որ հոդվածով կհարուցվի քրեական գործը, հավանական է` խուլիգանության: Գործով կասկածյալները 2 հոգի են: Ինքը` Դավիթը, շատ սրտնեղած էր եւ չցանկացավ որեւէ բան հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter