Վարչապետը` տնտեսության մասին
Հատված վարչապետ Տիգրան Սարգսյանի` հայաստանյան հինգ հեռուստաընկերություններին տված հարցազրույցից
-Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցել ենք 6,7 տոկոս աճ։ Հասարակությանը հետաքրքում է` տնտեսությունը զարգանու՞մ է, թե՞ ոչ։ Մեր տնտեսությունը չի՞ շարունակում կախված մնալ ներմուծումներից, տրանսֆերտներից։
-Առաջին հերթին պետք է նշել, որ ունենք բազմաթիվ խնդիրներ։ Եվ, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության նախագահը իր ելույթներից մեկում հայտարարեց, որ մենք բաց եւ հրապարակային խոսելու ենք մեր խնդիրների մասին, չենք թաքցնելու։ Եվ դա է երաշխիքը, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները լուծել։ Խնդիրներից են կառավարման համակարգի անարդյունավետ վիճակը, կոռուպցիոն ռիսկերը, ստվերային տնտեսությունը եւ այլն։ Մենք չենք խուսափում այդ խնիդրների մասին խոսելուց եւ փորձում ենք ներկայացնել այն լուծումները, որ այսօր ՀՀ կառավարությունը իրականցնում է։ 6,7 տոկոս տնտեսական աճն ի՞նչ է իրենից ներկայացնում, եւ, արդյո՞ք, դա առիթ է, որպեսզի ավելի համարձակ նայենք 2010 թ-ի ցուցանիշներին եւ մեր գնահատականներին։ Եթե համեմատենք 2009 թ-ի անկման հետ, ապա սա է այն հենքը, որ մենք արձանագրում ենք, որ, իսկապես, լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում տնտեսական համակարգում։ Դա սպասվածից մի քանի անգամ բարձր ցուցանիշ է, որը լավատեսություն է մեզ հաղորդում, եւ առաջին հերթին պետք է արձանագրենք, որ տնտեսության բոլոր ճյուղերը, բացի գյուղատնտեսությունից, ունեն աճի միտումներ։ Երեք հիմնական գործոն է ազդում մեր տնտեսական աճի ցուցանիշի վրա։
Առաջին գործոնը համաշխարհային տնտեսության վիճակն է։ Մենք 2009 թ-ի վերջին կիսամյակից արդեն սկսեցինք արձանագրել համաշխարհային տնտեսությունում բարելավման միտումներ։ Եվ, բնականաբար, դա իր դրական ազդեցությունը թողում է մեր տնտեսության վրա, մասնավորաբար, հանքահումքային արդյունաբերության ապրանքների գների աճը միջազգային շուկաներում հնարավորություն տվեց, որ այդ ոլորտի մեր խոշոր 5 ձեռնարկությունները կարողանան ավելացնել իրենց արտահանման ծավալները եւ աշխատեն շահութաբեր, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար, որովհետեւ 2009 թ-ին ՀՀ կառավարությունն իր օպերատիվ շտաբով որոշում կայացրեց եւ անհապաղ օժանդակություն ցուցաբերեց այդ ձեռնարկություններին, որոնք, մեր համոզմունքով, ժամանակավոր դժվարություն էին կրում համաշխարհային գնային կոնյուկտուրայի փոփոխության պատճառով, եւ այն ֆինանսական օգնությունը, որ մենք ցուցաբերեցինք մեր ձեռնարկություններին, հնարավորություն տվեց, որ նրանք չիրականացնեն կրճատումներ։ Այդ ժամանակավոր դժվարությունը վերացավ, եւ նրանք ամբողջությամբ բյուջետային վարկը վերադարձրին պետությանը։ Արդյունքում մենք կարողացանք հանքահումքային տնտեսությունում իրավիճակը պահել մեր կառավարելիության տակ, եւ այս տարի արդեն ունենք դրական միտումներ եւ աճի տեմպեր։ Բնականաբար, մեզ վրա դրականորեն է ազդում նաեւ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, որտեղ նույնպես տնտեսական աճ է արձանագրվում, քանի որ շուրջ 1200 ձեռնարկություն ռուսական կապիտալով իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանում, եւ բնականաբար, նրանց ֆինանսական վիճակը, հարաբերությունները իրենց ռուս գործընկերների հետ էական ազդեցություն է թողում մեր տնտեսական համակարգի վրա։
Երկրորդ գործոնը ՀՀ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումներն էին, մասնավորապես` ընդլայնողական բյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը։ Մենք գիտեինք, որ այդ քաղաքականությունը իր մակրոտնտեսական ազդեցությունը մեր համախառն ներքին արդյունքի վրա թողնելու է, եւ այդպես էլ տեղի ունեցավ։
Երկրորդ գործոնը ներհանրապետական գործոնն է, մասնավորապես, մեր տնտեսավարող սուբյեկտների վարքագծային կաննոները, նրանց սպասումները, ներդրումային վարքագիծը, որոնք նույնպես իրենց դրական ազդեցությունը թողել են այս վեց ամիսների ընթացքում, եւ մենք արձանագրում ենք, որ տնտեսական ակտիվություն գոյություն ունի, որի արդյունքում մենք շուրջ 35 մլրդ դրամ ավելի հարկեր ենք հավաքել ծրագրավորվածից։ Դա արդեն առարկայական նվաճում է, ինչը նշանակում է, որ մեր մակրոտնտեսական կայունությունը ամրապնդվում է, եւ պետությունը կարող է կատարել իր բոլոր ֆինանսական պարտավորությունները։ Ավելին, մենք կստեղծենք պաշարներ 2011-2012 թթ-ի համար` ֆինանսական պաշարներ, որպեսզի ապահովենք մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը։
Սա է իրավիճակը այս վեց ամիսների կտրվածքով։ Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռեւս մեզ չի հաջողվել լուծել, եւ տարիներ են անհրաժեշտ։ Դրա համար մենք ունենք ծրագիր եւ բոլոր նախարարությունների աշխատանքները մենք փորձում ենք դարձնել հրապարակային եւ վերահսկելի ձեզ համար։ Ուստի նրանց բոլորին հանձարարված է, որ նախարարությունների կողմից իրականացվող միջոցառումերը լինեն հրապարակային եւ նկարագրված լինեն սպասելիքները, ավելին նրանք իրենց անձնական հսկողության տակ են պահելու ոլորտի 3-4 խնդիր եւ տարվա վերջում հաշվետվություն են ներկայացնելու։ Այդ խնդիրներն արդեն հրապարակված են մամուլում եւ ներկայացված իրենց կայքէջերում, եւ քաղաքացիները կարող են տեսնել, թե նախարարները ոլորտ առ ոլորտ ինչ խնդիրներ են լուծելու։
-Ե՞րբ կախված չենք լինի վարկերից, տրանսֆերտներից, ներմուծումներից։
-Աշխարհում չկա այդպիսի երկիր։ Աշխարհի ամենամեծ կախում ունեցող երկիրը արտաքին ֆինանսավորումից ԱՄՆ-ն է, որովհետեւ նրանց վճարային հաշվեկշիռն ունի ամենամեծ ճեղքվածքը, եւ պատմականորեն աշխարհում ամենաբարձր բեռն ունի այսօր ԱՄՆ-ն, եւ դրանից պետք չէ վախենալ։ Խնդիրն այն է, որ այդ գործընթացները լինեն կառավարելի եւ այն չափանիշների շրջանակներում, որը թույլ է տալիս գնահատել, որ այդ բեռը, որ մենք ունենք կառավարելի բեռ է։ Այսօր եւ միջազգային կազմակերպությունները, եւ մեր վերլուծական կենտրոնները մեզ տալիս են գնահատականներ, որ այն պարտքի բեռը, որ ունի Հայաստանը, կառավարելի է։ Եվ մեր արտաքին պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի հետ համեմատած չի գերազանցում 50 տոկոսը, այն պարագայում, որ կան զարգացած պետություններ, որ այդ ցուցանիշը 100 տոկոս է կազմում։ Մեր արտաքին պարտքը հիմնականում երկարաժամկետ, ցածր տոկոսներով պարտք է, որը մենք վերցրել ենք միջազգային ֆինանսական կառույցներից 30-40 տարի ժանկետով` 0,75-1 տոկոս դոկոսադրույքով։ Դա նշանակում է, որ այդ տեսանկյունից ռիսկայնության մակարդակը կառավարելիության շրջանակներում է գտնվում։
-Տնտեսական աճը դանդաղում է, ինչպե՞ս դա կմեկնաբանեք` 8,8 տոկոսից հասանք 6,7 տոկոսի, դա՞ սպասում էիք։
-Դա առաջին հերթին պայմանավորված է 13,1 տոկոս անկումով գյուղատնտեսության ոլորտում, որը հիմնականում պտուղ-բանջարեղենի ոլորտին է վերաբերում եւ բնակլիմայական պայմաններով է բացատրվում այսօր։ Իհարկե, եթե դա չլիներ, մեր տնտեսական ցուցանիշը ավելի բարձր կլիներ։ Մեզ համար չափազանց կարեւոր է անդրադառնալ մի խնդրի, որի մասին մենք խոսում ենք, այն է, որ մեր տնտեսության խոցելի կողմ այն է, որ այն դիվերսիֆիկացիա չունի։ Այսինքն` 1 կամ 2 ճյուղի ազդեցությունը ընդհանուր տնտեսության վրա բավականին մեծ է։ Առաջին հերթին շինարարության մասին է խոսքը, որի տեսակարար կշիռը վերջին 7 տարիներին հասել էր իր գագաթնակետին, եւ շինանարության ազդեցությունը մեր բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա, չափազանց բարձր է։ Դա էր պատճառը, որ 2009 թ-ին ունեցանք 18,2 տոկոս անկում, որը հիմնակում պայմանավորված էր շինարարության ոլորտով։ Մեր իրականացրած բարեփոխումները եւ հակաճգնաժամային միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել դիվերսիֆիկացիայի մակարդակը։ Այդ տեսակետից առաջին 6 ամսվա արդյունքները տպավորիչ են, որովհետեւ մենք շինարարության ոլորտում ունենք շուրջ 4 տոկոսանոց աճ։ Եվ մեզ համար չափազանց կարեւոր է, որ այդ աճը պայմանավորված է ոչ միայն բնակարանային շինարարությամբ, այլ արդյունաբերական արտադրողական շինարարությամբ, որը հույս է ներշնչում, որ մոտակա տարիների ընթացքում նոր արտադրական հզորություններ են շահագործման հանձնվելու, եւ մենք ունենալու ենք ավելի բազմազան տնտեսական կառուցվածք։ Եվ այդ ներդրումները դրա մասին են վկայում։
-Դուք տպավորիչ տնտեսական աճի մասին խոսեցիք, եւ առաջին անգամ չէ, որ թե դուք, եւ թե համապատասխան ոլորտների ներկայացուցիչները հայտարարել են, որ ճգնաժամը հաղթահարված է։ Լավ, եթե դա այդպես է, ապա սովորական քաղաքացին ե՞րբ կարող է դա զգալ, հատկապես, եթե հաշվի առնենք սննդամթերքի, մասնավորապես գյուղմթերքի շուկայում արձանագրված գնաճը եւ սպառողի ծախսերի եւ եկամուտների անհամադրելիությունը։
-Առաջին հերթին ուզում եմ ասել, որ մենք մեր գնահատականներում ավելի զգուշավոր ենք. մենք հայտարարել ենք, որ մտել ենք կայունացման եւ վերականգնման շրջան։ Թե ինչպիսին կլինի մոտակա 2 տարիների տնտեսական իրավիճակը, պայմանավորված է բազմաթվի գործոններով, այդ թվում նաեւ` համաշխարհային տնտեսության վիճակով։ Չկա մի որեւէ հայտնի տնտեսագետ, որն այսօր համարձակություն կունենա հայտարարելու, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարված է։ Դրա համար մենք պետք է լինենք զգուշավոր եւ ունենանք բավարար պաշարներ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար։ Առաջին հերթին պետք է նշել, որ կարեւորագույն ցուցանիշը, որն ազդում է մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա, դա գնաճն է։ Եվ 2009 թ-ին մենք հայտարարեցինք, որ Հայաստանը մտել է գնաճային բարձր մակարդակ ունեցող մի փուլ, որը մեզ մտահոգում է, եւ մեր գործողությունները պետք է ուղղված լինեն գնաճը զսպելուն։ Առաջին 6 ամիսների ցուցանիշները վկայում են այն մասին, որ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները փոփոխության հետեւանքով կարողացել են զսպել բարձր գնաճային միտումները, որոնք առկա էին 2009 թ-ին։ Փետրվարին մենք արձանագրեցինք գնաճային ամենաբարձր մակարդակը 9,4 տոկոս եւ հետագայում մեր զսպողական քաղաքականությունը իր դրական ազդեցությունն ունեցավ գնաճի վրա, որը փուլ առ փուլ սկսեց նվազել։ Այսօրվա դրությամբ ունենք 4,5 տոկոս գնաճ տարվա սկզբի հետ համեմատած. իսկ եթե վերցնենք 12 ամսվա արդյունքները, ապա գնաճը կազմում է 5,8 տոկոս, այսինքն, տեսնում ենք, որ գնաճը սկսել է նվազել։ Բայց դեռեւս բավարար չէ, եւ մենք համոզված ենք , որ մոտակա 3 տարիների ընթացքում մենք ի վիճակի կլինենք վերադառնալ մինչեւ 3 տոկոսանոց գնաճի, որի պարագայում մեր քաղաքացիները իրենց համար հարմարավետ միջավայրում կհայտնվեն։ Սակայն ակնհայտ է, որ մենք արդեն ունենք դրական միտում։ Եվ այստեղ կարեւոր է նշել, որ դրան էապես նպաստել է այն հանգամանքը, որ մենք առաջին 6 ամիսներին հավաքագրել ենք ծրագրավորվածից ավելի եկամուտներ։ Դա նշանակում է, որ բյուջեի վարքագիծը գնաճի առումով եղել է զսպողական, ՀՀ կենտրոնական բանկի քաղաքականությունը նույնպես եղել է զսպողական։ Առաջին հերթին դա պայմանավորված է վերաֆինասավորման տոկոսադրույթի փուլ առ փուլ բարձրացմամբ, որը նույնպես իր դրական ազդեցությունը թողել է գնաճի զսպման վրա։ Քաղաքացիների եկամուտները պետք է գերազանցեն գների աճի տեմպին։ Ընդհանուր առմամբ, 2010 թ-ի առաջին 6 ամիսներին մենք դա արձանագրել ենք։ Սակայն այդ ցուցանիշները պետք է պահպանել առնվազն 3 տարի, որպեսզի որակական փոփոխություն տեղի ունենա եւ բոլոր քաղաքացիները առարկայորեն զգան, որ իրենց կենսամակարդակը բարձրացել է, այլ ոչ թե նվազել։
-Շատերը կարծում են, որ գները Հայաստանում բարձրացել են, քանի որ շուկան մրցակցային չէ, մենք գիտենք, որ տնտեսությունը հետեւյալ բնութագրիչներն ունի` անառ ողջ, մոնոպոլիզացված, կոռումպացված, նույնիսկ գնահատական կա, որ ստվերը Հայաստանում կազմում է ընդհանուր տնտեսության 30-40 տոկոսը, մենք գիտենք, որ այս շաբաթվա սկզբին հարկային ներկայացուցիչներ գործուղվեցին 24 խոշոր ձեռնարկություններ, ի՞նչ եք կարծում, այն գործընթացը, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է դաշտը հավասարեցնելու քանի տոկոսով թույլ կտա ասելու, որ ստվերը տարեվեջին կրճատվեց։
-Դուք բարձրացնում եք ամենակարեւոր հարցերից մեկը, որ մեր տնտեսական բարեփոխումների առանցքնային հարցերից է` հավասար մրցակցային պայմանների ստեղծում եւ բարենպաստ բիզնես միջավայրի ձեւավորում։ 2009 թ-ը, իհարկե, այդ առումով, լրջագույն խնդիրներ ստեղծեց մեզ համար, որովհետեւ մենք ունեինք բավականին համարձակ ռեֆորմների օրակարգ, սակայն տնտեսական անկումը ստիպեց, որ մենք մեր ջանքերն ուղղենք ընթացիկ օպերատիվ հարցերի լուծմանը։ Եվ մենք հույս ունենք, որ 2010 թ-ի տնտեսության վերականգնման միտումները կպահպանվեն, ինչը հնարավորություն կտա մեր ջանքերը եւ ռեսուրսները ուղղել դեպի բարեփոխումներ այդ ոլորտում։ Առաջին հերթին խոսքը գնում է հարկային վարչարարության բարելավումների մասին։ Ցավոք սրտի, մեր ծրագրի 40 տոկոսը մենք հետաձգել ենք։ Երբ ռեֆորմները հասցնենք իրենց տրամաբանական ավարտին, այդ պարագայում շոշափելի կլինեն արդյուքները։
Եվ այդ ծրագրերը մենք իրականացնում ենք Համաշխարհային բանկի եւ Արժութային հիմնադրամի կողմից, եւ նրանք նույնպես ֆինանսավորում են մեզ այդ ծրագրերը իրականացնելու գործում։ Եվ մենք հետեւողական պետք է լինենք այդ առումով, որպեսզի այս ռեֆորմները հասցնենք իրենց տրամաբանական ավարտին, այդ դեպքում շոշափելի կլինեն արդյունքները։
Մյուս ուղղությունը դա տնտեսական մրցակցության պայմանների բարելավումն է։ Սա նույնպես մեր առաջնահերթությունների մեջ է։ Գիտեք, որ մենք Համաշխարհային բանկի հետ միասին ծրագիր ենք իրականացնում, որպեսզի Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կարողությունները կտրուկ ավելացնենք։ Նախապատրաստվում են նաեւ օրենսդրական փոփոխություններ, որոնք մենք շուտով պետք է հաստատենք եւ ներկայացնենք Ազգային Ժողովին։
-Խոսքը տուգանքների խստացման մասի՞ն է։
-Ոչ միայն տուգանքների խստացման մասին է։ Կանոնների հստակեցման, հակամրցակցային ռեժիմների հստակեցման, հրապարակայնության ապահովման, կանոնների խստացման, պատժամիջոցների խստացման, որպեսզի պատժամիջոցները համադրելի լինեն այն վնասների հետ, որ մենաշնորհները կարող են հասցնել սպառողներին եւ, ընդհանուր առմամբ, տնտեսական համակարգին։ Դրա համար մենք լավագույն միջազգային փորձից ստանալու ենք առաջարկություններ, որ կարողանանք այդ դաշտը կատարելագործել։
-Եթե մրցակցության թեման շարունակենք։ Այս վերջին շրջանում խոսվում է ձվի շուկայում տեղի ունեցող մոնոպոլիզացման մասին։ Որոշ մարդիկ կարծում են, որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ շուկայում դեմպինգային քաղաքականություն է տարվում։ Արդյոք տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ Դուք ունեցե՞լ եք խորհրդակցություններ։ Ի՞նչ է կատարվում իրականում շուկայում։
-Բնականաբար, բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են մեր քաղաքացիներին, դառնում են կառավարության քննարկման առարկան, եւ մենք, բնականաբար, Տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ մշտական կոնսուլյտացիաներ ենք իրականացնում։ Այսօր առավոտյան նույնպես մենք զրույց ենք ունեցել այդ թեմայով. ինչպիսին է իրավիճակը շուկայում։ Հանձնաժողովը ուսումնասիրում է այդ խնդիրը, եւ մենք համոզված ենք, որ շուտով նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ արդյունքների մասին։ Աժեոտաժային իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ կտրուկ 2010թ.-ին ավելացել է ձվի արտադրությունը Հայաստանի Հանրապետությունում. դրա մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը եւ, բնականաբար, մրցակցությունը այդ դաշտում կտրուկ ավելացել է, բոլորս արձանագրեցինք գների կտրուկ նվազում, գների տատանողականություն այդ շուկայում, ինչը վկայում է, որ մրցակցությունը սրվել է եւ դրանից էլ բխում է այն հանգամանքը, որ նաեւ խոսակցություններ կան, թե լինելո՞ւ են կլանումներ, թե՞ ոչ։ Եվ սրանք հենց այն խնդիրներն են, որոնք օրենսդրությամբ գտնվում են Տնտեսական մրցակցության հանձնաժողովի հսկողության ներքո եւ համոզված եմ, որ հանձնաժողովը իր հսկողության տակ է պահելու այս խնդիրը։ Այսօրվա միտումները վկայում են այն մասին, որ այդ ոլորտում կատարվել են լուրջ ներդրումներ, որի արդյունքում էլ արտադրողականությունն է բարձրացել եւ մենք ունենք 30%-անոց աճ` ծավալների։ Եվ դա նշանակում է, որ ձվի խնդիրը Հայաստանի Հանրապետությունում լուծված է, ձվի արտադրության խնդիրը լուծված է։ Հիմա պետք է հետեւենք, որպեսզի լինի արդար եւ ազնիվ մրցակցություն, որպեսզի չլինեն գերշահույթներ, իսկ դա արդեն Տնտեսական մրցակցության հանձնաժողովի անմիջական աշխատանքն է։
- Պարոն վարչապետ, վերջին շրջանում հատկապես հաճախակի են դարձել Ձեր մարզային այցելությունները։ Կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը, վարկերի տրամադրումը մի շարք ոլորտների ձեռնարկություններին, ըստ Ձեզ` ի՞նչ էական ազդեցություն է ունեցել, եւ ինչպե՞ս կգնահատեիք այդ վարկերի կիրառման արդյունավետությունը կոնկրետ ձեռնարկություններում։
-Կառավարության հինգ գերակայություններից մեկը դա տարածքային համաչափ զարգացումն է, եւ այսօր գաղտնիք չէ, որ բոլոր ֆունկցիաները կենտրոնացված են Երեւան քաղաքում, ինչը խոչընդոտում է եւ? Երեւան քաղաքի բնականոն զարգացումը, եւ? մարզերի զարգացումը։ Դրա համար մենք նպատակ ունենք խթանելու մարզերի զարգացումը։ Սրանով է պայմանավորված, որ մենք փորձում ենք այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք ապահովելու են առաջանցիկ զարգացման տեմպեր հենց մարզերում։ Այդ տեսակետից մի քանի կարեւոր ծրագրեր են իրականացվում։ Բայց, իհարկե, դեռեւս վաղաժամկետ կլինի գնահատել, որ մենք ունենք այդ լուրջ արդյունքները։ Համոզված ենք, որ այս միջոցառումները իրենց արդյունքները կտան։ Մասնավորապես, գյուղատնտեսական ճանապարհների շինարարություն. մինջհամայնքային ճանապարհների շինարարությունը, որը ստեղծում է ավելի բարենպաստ պայմաններ գյուղերի համայնքների զարգացման համար։ Մենք աննախադեպ մեծ ծավալի ներդրումներ ենք կատարել այս ոլորտում եւ այս տարիների ընթացքում շարունակելու ենք այդ աշխատանքները։ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային շինարարությունը նույնպես այդ նպատակն է հետապնդում, որովհետեւ շատ քաղաքներ եւ մարզեր հնարավորություն կունենան շատ կարճ ժամանակահատվածում իրար հետ կապնվել եւ բարձրորակ ճանապարհների շնորհիվ այդ տարածությունները կկրճատվեն, ինչը կնպաստի նաեւ նրան, որ գյուղապրանքների շուկաներ հասցնելու գործն ավելի դյուրին կլինի եւ, բնականաբար, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը։
Ենթակառուցվածքների զարգացումը գյուղերում նույնպես էական նշանակություն ունի մեզ համար. ոռոգման համակարգը, որ 2009թ.-ին մենք բավականին լուրջ ներդրումներ ենք կատարել այդ ոլորտում` շուրջ 300կմ ջրագծեր ենք կառուցել եւ այդ աշխատանքները 2010, 2011, 2012թվականներին մենք նույնպես շարունակելու ենք։ Մեզ համար կարեւոր է, որպեսզի հստակեցվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը եւ մեխանիզմները։ Դուք տեղյակ եք, որ մենք նաեւ Հանրային խորհրդի հետ համատեղ բավականին մանրակրկիտ քննարկեցինք գյուղատնտեսության զարգացման հեռանկարը, ռազմավարությունը 2010-2020 թվականների, եւ մի քանի կոնկրետ պրոյեկտներ ենք իրականացնում, որոնք տվել են իրենց դրական արդյունքները։ Մասնավորպես մենք ստեղծել ենք պետության օժանդակությամբ ձեռնարկություն, որը նպաստելու է պանրի արտահանմանը Հայաստանի Հանրապետությունից։ Այդ ձեռնարկությունը համախմբելու է պանիր արտադրողներին, տրամադրելու է նրանց օժանդակություն։ Պետությունը օգնելու է ստորագրել պայմանագրեր այլ երկրների հետ եւ խթանել պանրի արտահանումը։
Այս տարվա վեց ամիսների արդյունքներն արդեն տպավորիչ են. մենք ունենք պանրի արտահանման բավականին մեծ աճ։
Երկորրդ ուղղությունը կենդանական ծագում ունեցող ապրանքների արտահանման խթանումն է։ Մասնավորապես, մեզ 2009թ.-ին հաջողվեց համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության հետ եւ բոլոր այն արգելքները, որոնք նախկինում կային, վերացված են։ Արդյունքում` այս տարի մենք աննխադեպ աճ ենք ունեցել ձկնամթերքի արտահանման ոլորտում, եւ դա բավականին հեռանկարային ոլորտ է մեզ համար, եւ դա նաեւ դիվերսիֆիկացիայի է ենթարկում մեր արտանահանումը։ Ուղղությունները, որով մենք փորձելու ենք արդիականացնել մեր գյուղատնտեսությունը, կայանում է նրանում, որ մենք պետք է ստեղծենք հնարավորություններ գյուղացիների համար իրացնել իրենց պատրաստի արտադրանքը։ Հիմանական խնդիրը, հիմնական պրոբլեմը հենց այստեղ է գտնվում։
- Գյուղատնտեսությունը հիմանականում բնական աղետից է տուժում, հակակարկտային համակարգը արդյո՞ք ավելի կառավարությունը չի կարեւորում։
-Դուք գիտեք, որ մենք հաստատել ենք 3 տարվա ծրագիր եւ այս տարի բավականին լուրջ միջոցներ են` շուրջ 800 մլն դրամ հակակարկտային ծրագրի համար գումարներ ենք հատկացրել, ինչպես նաեւ ճապոնական գրանտն ենք այդտեղ ուղղելու։ Եվ 2010-11թթ.-ին այդտեղ արմատական փոփոխություններ կլինեն, որովհետեւ աննախադեպ մեծ ներդրումներ ենք անում հակակարկտային սարքեր տեղադրելու բնագավառում։ Բայց դա իհարկե բավարար չէ գյուղատնտեսությունում աճ ապահովելու համար։ Առաջին մեր խնդիրը դա ենթակառուցվածքներն են, որոնք մի կողմից ուղղված են գյուղատնտեսական ապրանքների վերամշակմանը, եւ երկրորդ` ամենակարեւորը` արտահանմանը։ Այդպիսի կարողություններ չեն եղել Հայաստանի հանրապետությունում, մենք առաջին անգամ ձեւավորում ենք հենց այնպիսի ինստիտոցիոնալ կառույցներ, որոնք զբաղվելու են գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ։ Դրան է ուղղված լինելու նաեւ այն նոր լոգիստիկ սխեման, որը մենք իրականացնում ենք հոլանդական տեխնիկական օժանդակության ներքո մեր օդանավակայանում։ Մեր կոնցեսիոների հետ համատեղ ստեղծելու ենք ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է լինելու գյուղատնտեսական ապրանքների փաթեթավորումը, լաբորատոր ուսումնասիրությունը, որակի գնահատումը եւ աշխարհի առաջատար մեծածախ առեւտորվ զբաղվող ընկերությունների միջոցով այդ ապրանքների արտահանումը։ Եթե մատակա 3 տարիների ընթացքւոմ այս լոգիստիկ սխեման մենք ձեւավորենք «Զվաթնոց»օդամնավակայանում, ապա դա որակապես կփոխի գյուղատնտեսությունում իրավիճակը։ Մի կողմից, իհարկե դա կբերի գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացմանը, բայց դա կնպաստի նաեւ նրան, որ մեր գյուղատնտեսությունում ներդրումներ տեղի կունենան եւ ընդհանուր առմամբ կբարձրանա արտադրողականությունը եւ գյուղապրանքների որակը։ Արդյունքում կշահեն մեր գյուղացիները։
-Պարոն վարչապետ, իսկապես մարզերում եւ լոկալ, եւ խոշոր իմաստով ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների զարգացման եւ այլ խնդիրների լուծման համար։ Սակայն, արդյո՞ք, այդ քայլերը բավարար եք գնահատվում, որպեսզի տարածաշրջաններում էական, շոշափելի զարգացում տեսնվի` մանավանդ այն տեսանկյունից, որ տեղեկատվական տեխնոլոգիաներըվ այնուամենայնիվ, շարունակում են դանդաղ գնալ դեպի մարզեր։ Թեեւ ունենք երեք բջջային օպերատորներ, որոնք անընդհատ նոր ծառայություններ են առաջարկում, սակայն համակարգչային գիտելիքները շարունակում են դանդաղ գնալ գյուղ։ Այն դեպքում, երբ դրել ենք նաեւ էլեկտրոնային կառավարման անցման խնդիր։ Ինչպե՞ս եք տեսնում այդ անցումը։
-Ուզում եմ ձեր գնահատականների հետ համաձայնել, որ դեռ բավարար չեն այն միջոցառումները, որ կատարվել են մինչ այսօր։ Ուզում եմ համաձայնել նաեւ, որ անհրաժեշտ է էլեկտրոնային ծառայությունները, էլեկտրոնային գրագիտությունն արագ տարածել բոլոր մարզերում։ Այսօր Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի հայեցակարգ, որը մշակվել է գերմանական տեխնիկական օժանդակության շնորհիվ, լայնաշերտ էլէկտրոնային ցանցի ստեղծում Հայաստանի Հանրապետությունում, որը հենց հնարավորություն է տալու ինտերնետը հասանելի դարձնել բոլոր բնակավայրեր ՀՀ-ում եւ ինտերնետի հզորությունը պետք է լինի բավականին բարձր եւ հասանելի։ Արդյունքում, այդ ծառայության գինը մարզերում չպետք է տարբերվի այդ ծառայության գնից Երեւանում։ Եթե այդ հայեցակարգը ներդնենք, ապա ենթադրվում է, որ շուրջ 50 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ մասնավոր, որպեսզի այս ցանցը կառուցվի եւ ինտերնետը լինի հասանելի։ Միեւնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ 2009 թ-ի ճգնաժամային տարվա ընթացքում, այնուամենայնիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք արձանագրեցինք 17 տոկոսանոց աճ։ Արդյունքում սպառողների թիվը կտրուկ աճել է այդ ոլորտում, եւ գները կտրուկ նվազել են։ Իհարկե դեռեւս բավարար չեն այն միջոցառումները, որ մենք իրականացրել ենք, բայց մենք համոզված ենք, որ երեք տարիների ընթացքում այդ ճյուղը, որը մեզ համար առաջնահերթային է, ունենալու է զարգացումներ եւ ներդրումներն այս ոլորտում լինելու են մեծածավալ, սպառողների քանակը ավելանալու է։ Երկու կարեւոր ծրագիր ենք մենք այս առումով իրականացնում։
Առաջինը «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն է, որը 2009 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը սկսեց իրականացնել։ Այս պահին ունենք 3600 շահառու, որոնք ձեռք են բերել համակարգիչներ եւ վստահ ենք, որ 2010 թ-ին այս ցուցանիշը եռապատկվելու է։ Առնվազն մենք ունենալու ենք 10 հազար հոգի, որոնք օգտվելու են այս ծրագրից։ Բնականաբար, նպաստավոր պայման կլինի, եթե գները նվազեն։ Երկրորդ ծրագիրը դպրոցներում համակարգչային դասընթացներն են եւ դպրոցներում բոլոր աշակերտներին համակարգչով ապահովելու ծրագիրն է։ Դա նույնպես միջազգային ծրագիր է, որին մասնակցել են նաեւ մասնավոր ընկերություններ։ Պիլոտային ծրագիրը մենք իրականացնելու ենք Լեռնային Ղարաբաղում եւ հետագայում այդ փորձը մենք կտարածենք մեր դպրոցներում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել