HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դաշտ գյուղում թե եկեղեցին է դաշտային, թե մշակույթի տունը

Արմավիրի մարզի Դաշտի համայնքապետարանի եւ դպրոցի հարեւանությամբ խաչքար է դրված: Մի տարեց կին, պայքարելով քամու դեմ, ճիգեր էր գործադրում, որպեսզի մեկ զույգ մոմ վառեր:

Պարզվեց, որ Դաշտի միակ սրբատեղին հենց գլխավոր մայրուղու հարեւանությամբ գտնվող խաչքարն է, քանի որ գյուղը եկեղեցի չունի: Խաչքարն էլ տեղադրվել է համայնքապետարանի միջոցներով, որպեսզի հավատացյալ ժողովուրդը գոնե փողոցում մոմ վառելու հնարավորություն ունենա եւ դրա համար չհասնի Էջմիածնի եկեղեցի:

Մինչ տարեց կինը մոմ վառելու համար կռիվ էր տալիս քամու հետ, նրա համագյուղացիները շտապում էին դպրոց: 

Գյուղում այսօր նշում էին Հայաստանի Անկախության տոնը: Միջոցառումը մեծ չէր, քանի որ համայնքը մեծ միջոցառումներ անելու տեխնիկական հնարավորություններ չունի: Պարզվում է` գյուղի միակ բարեկարգ տարածքը դպրոցն է, իսկ եթե այնտեղ էլ հնարավոր չէ միջոցառումներ կազմակերպել, ապա դրանք արվում են հենց գյուղապետարանի շենքի դիմաց` աստիճաններն էլ օգտագործելով որպես բեմահարթակ:

Գյուղի միակ մշակույթի տունը, որը վթարային է, իր հարկի տակ տեղ է տվել համայնքապետարանին, ամբուլատորիային, գրադարանին` այդպիսով կորցնելով իր բուն նշանակությունը: Դաշտի գյուղապետի տեղակալ Հարություն Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մշակույթի տան շենքի 50-ամյակը շուտով կլրանա, սակայն վերջին անգամ այն վերանորոգվել է խորհրդային տարիներին:

«Մոտավոր հաշվարկներով` 30 մլն դրամ է անհրաժեշտ, որ տանիքը փոխվի, մի քիչ էլ ներսում հարդարման աշխատանքներ կատարվեն: Ճոխ չէ, բայց գոնե կոսմետիկ վերանորոգում էլ որ արվի, էլի լավ է»,-ասում է Հ. Մուրադյանը:

Գյուղապետարանի միջոցներով արտաքին պատերը սվաղել են, որպեսզի քարերը չխախտվեն, մինչեւ պետությունը ուշադրություն դարձնի, կամ էլ կհայտնվի մի բարերար եւ ցանկություն կհայտնի փրկել մշակութային օջախը:

Մշակույթի տան պատերն ամբողջությամբ խոնավության մեջ են, քանի որ անձրեւների ժամանակ տանիքից թափված ջրերը շենքը վերածում են «փակ լողավազանի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter