Տուրիզմը Հայաստանում թանկ հաճույք է
Հատված վարչապետ Տիգրան Սարգսյանի` հեռուստաընկերություններին տրված հարցազրույցից
-Ամառային տուրզմի շրջան է, տուրիզմն էլ կառավարության առաջնահերթություններից է, եթե չեմ սխալվում, այս ոլորտում էլ խնդիրներ կան։ Ես չեմ կարողանում հասկանալ` ծառայություն-գին համեմատության մեջ Անթալիան եւ Քոբուլեթին ավելի գրավիչ են, քան Հայաստանը, ինչո՞ւ շատ հայաստանցիներ, այդ թվում նաեւ իմ աղջիկը, պիտի նախընտրի հանգստանալ Անթալիայում եւ ոչ Հայաստանում։ Անցած տարի, հիշում եմ, Դուք, հանձնարարություն ասեմ, թե հորդոր, կառավարության անդամներին ասացիք Հայաստանից դուրս չգնան։ Հանձնարարականներով հարց չի լուծվի, միասնական պետական քաղաքականություն տուրզմի գծով կա՞, ունե՞նք, թե՞ չունենք։
- Շատ ճշգրիտ ձեւակերպում տվեցիք, այո, անհրաժեշտ է, որ տուրիզմը Հայաստանում լինի մասսայական, այսօր տուրզմը ՀՀ-ում զանգվածային չէ, այն թանկ հաճույք է։ Գները նվազում են միայն այն դեպքում, երբ դուք տուրիզմը դարձնում եք մասսայական, ինչպես Անթալիան է կամ գոյություն ունեն շատ հայտնի տուրիստական կենտրոններ, որտեղ ծառայությունները մի քանի անգամ ավելի էժան են, քան Հայաստանում։ Գաղտնիքը շատ պարզ է` մենք նույնպես տուրիզմը պետք է դարձնենք մասսայական եւ մեր թիրախային ցուցանիշն է տուրիստների քանակը հասցնել մինչեւ երեք միլիոնի` մոտակա հինգ տարիների ընթացքում։ Այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ Հայաստանում կա մասսայական տուրիզմ եւ դա է լինելու այն թիրախը, որը նպաստելու է գների նվազմանը։ Հիմա, ընդհանուր առմամբ, տուրիզմի զարգացումը փուլեր ունի. առաջին փուլը թանկ տուրզիմն է, ստեղծվեցին բարձր որակի հյուրանոցային համալիրներ, որտեղ գները բավականին բարձր են, բայց նրանց քանակն այնքան էլ շատ չէ եւ մեր թողունակությունն այսօր Հայաստանում բարձր չէ։ Այսինքն` եթե մենք ուզում ենք մեկ մեծ միջոցառում իրականացնել, որի մասնակիցների քանակը պետք է լինի հինգ հազարից ավելի, պրոբլեմներ ենք ունենում հյուրանոցների հետ, որովհետեւ մեր բոլոր հյուրանոցները բավականին թանկ հյուրանոցներ են, չունենք երեք, երկու աստղանի հյուրանոցների մեծ քանակ, որի գները կտրուկ ավելի ցածր են, քան այսօրվա մեր հյուրանոցային գներն են։
Դրա համար մեր ռազմավարությունը ենթադրում է մասսայական տուրիզմի զարգացում եւ այդ հայեցակարգը մենք հետեւողականորեն պետք է իրականացնենք ու ունենանք արդյունքներ։ Մասնավորապես տեղյակ եք, որ մենք այս տարի բացում ենք Տաթեւում համալիրը, որն Ազգային մրցունակության խորհրդի ծրագրերից մեկն է, եւ բարձրացնում է Հայաստանի Հանրապետության տուրիստական գրավչությունը եւ նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհին ու աշխարհից տուրիստական մեծ հոսքեր բերել Հայաստան։ Դա նշանակում է ենթակառուցվածքների մեջ մեծ ներդրումներ եւ նոր համալիրների կառուցում, որոնք աշխատելու են մասսայական տուրիզմի վրա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել