HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանգստացողներն ու անհանգիստները

Հանգիստը շռայլություն չէ. դրա կարիքն ունենք բոլորս: Բրյուսովի համալսարանում սովորողներն ու սովորեցնողներն ավելի շատ են զգում այդ կարիքը. սա այն համալսարանն է, որտեղ ուսանողների եւ դասախոսների ծանրաբեռնվածությունը չի թեթեւանում ոչ մի օր: Ովքե՞ր են արժանացել հանգստի, ովքե՞ր են գնում հանգստի եւ ու՞ր:

ԵրՊԼՀ ուսանողուհի Աննա Մինասյանը իր ամառային հանգիստը չի պատրաստվում անցկացնել հանգստյան տներում. գնալու է Արցախ ու այս ամառ երազանքն է իրականացնելու` տեսնելու է Շուշին եւ ընկերների հետ մի լավ նկարվելու է տատիկի-պապիկի արձանի մոտ: Բրյուսովի անվ. համալսարանի ուսանողները տարբերվում են միմյանցից իրենց ոճով, պահվածքով, սովորելու ունակությամբ, արդուզարդով, ինչպես նաեւ` հանգստանալու նախընտրությամբ: Վերջինս շատ սերտ կապ ունի մինչ այդ նշված հատկանիշների հետ: Անվճար համակարգում սովորող ուսանողուհի Հերմինե Աբրահամյանը համեստաբար նշեց, որ իր ամառային հանգիստը կցանկանար անցկացնել արտերկրում, բայց հավանաբար այս տարի նորից կանցկացնի Հայաստանում, իսկ վճարովի համակարգում սովորող եւ արդեն 4 «լիկվիդ» վաստակած ուսանողուհի Սոֆի Մկրտչյանը ձմռանը հասցրել է հանգստանալ Թայլանդում, իսկ ամառն էլ կանցկացնի Լոնդոնում: Թայլանդում մեկշաբաթյա հանգիստը երեքաստղանի հյուրանոցում մեկ անձի համար արժե մոտ 555.000 դրամ: Իսկ Անգլիայում մեկշաբաթյա հանգիստն արժե մոտ 1200-1500 եվրո մեկ անձի համար:

Արտասահմանում հանգստացող ուսանողներ

Ապահովված ընտանիքների ուսանողները սովորաբար իրենց հանգիստն անցկացնում են ընտանիքի հետ, արտասահմանում: Նրանք չեն գնում երիտասարդական ճամբարներ: Այսօր հայերի զգալի մասը նախընտրում է իր հանգիստը վայելել Վրաստանում: Մարդկանց այն խավը, որն արդեն հասցրել է այստեղ հանգստանալ եւ նորության պահանջ ունի, գնում է Անթալիա, իսկ շատ ավելի «բարձր» խավը նախընտրում է հանգիստն անցկացնել Եվրոպայում: Գներն ու նախասիրությունները տարեցտարի փոխվում են, բայց հանգստացողները հիմնականում նույն մարդիկ են, ովքեր ունեն կայուն եկամուտ եւ հանգստի մեծ պահանջ: Տուրիստական գործակալություններն արդեն աշխատում են իրենց մշտական հաճախորդների հետ: Այս տարի եւս Վրաստան հանգստանալու գնացողների հոսքը մեծ է լինելու: Անցյալ տարիների համեմատ` գնային մեծ աճ է նկատվում. երկու անձի համար 14-օրյա հանգիստը 390-1300 դոլարին համարժեք դրամ է: Այս ամենի հետ մեկտեղ Վրաստանը Հայաստանից դուրս հանգստի ամենաէժան տարբերակն է: Անթալիայում մեկ անձի համար մեկ շաբաթվա հանգիստն արժե մոտ 600 եվրո: Այս ամառ հայերն այնքան էլ չեն ցանկանում Անթալիա գնալ: Ըստ «Յոթ օր» տուրիստական գործակալության` դիմողների միայն մեկ տոկոսն է ցանկանում հանգստանալ Անթալիայում: Ըստ «Արմենտուր» տուրիստական գործակալության` գնացողներ լինում են, երբ լավ առաջարկներ են լինում, իսկ լավ առաջարկներ դեպի Անթալիա կլինեն, եթե կարիք լինի չվերթ ապահովելու: Տուրիստական գործակալություններ դիմողների մեծ մասը նախընտրում է այս ամառ իր հանգիստն անցկացնել Իտալիայում եւ Իսպանիայում: Հունիսի 20-ին բացվել է Հայաստան-Բարսելոնա ուղիղ չվերթը, ինչն էլ պատճառ է հանդիսացել լավ առաջարկների եւ պահանջարկի: Իտալիայում մեկ անձի համար մեկ շաբաթն արժե մոտ 1500 եվրո, Իսպանիայում` 1800-1900 եվրո: Տուրիստական գործակալություններն ունեն նոր առաջարկներ: Արտասահմանում հանգստանալու սիրահարները արդեն հանգստանում են Թունիսում: Ըստ «Արենի» տուրիստական գործակալության առաջարկի` երկու անձի համար մեկշաբաթյա հանգիստը Թունիսում սկսվում է 1900 դոլարին համարժեք դրամից: Թունիսի հյուրանոցներն ապահովում են ավելի բարձրակարգ պայմաններ: Թունիսը փոխարինելու է գալիս Անթալիային: Սա գործակալությունների վարած նոր քաղաքականությունն է: Գործակալությունների տեղեկատուներում նշված են նաեւ Բրազիլիան, Ավստրալիան, սակայն ցանկացողներ հազվադեպ են լինում: «Ամիստադ-տուր»-ում մեկ անգամ է Բրազիլիայում հանգստացող գրանցվել:

Հայաստանում հանգստացող ուսանողներ

Ոմանք ունեն արդեն կարծրացած կարծիք, թե Հայաստանում հանգիստն ավելի թանկ է, քան արտերկրում: Ըստ «Ֆանտուր» տուրիստական գործակալության աշխատակից Արսեն Մկրտչյանի` Հայաստանում կարելի է գտնել ոչ այնքան թանկ հանգստյան տներ, ուղղակի դրանց պայմանները չեն բավարարում մարդկանց կամ շատ քիչ տեղեկություն կա դրանց մասին: Սեւանա լճի ափին գտնվող շքեղ Բոհեմյան հյուրանոցի տնակներն արժեն 65000 դրամ, մեկտեղանոց սենյակները` 20000, լյուքս սենյակները` 40000: Առաջարկվում են բոլոր հարմարություններն ու ժամանցի լավագույն ձեւերը: Այս բոհեմյան հարմարությունների կողքին նույն Սեւանա լճի ափին գտնվում է «Նիրվանա» հյուրանոցային համալիրը, որտեղ հանգիստը կարժենա 10000-25000 դրամ: Սա բոհեմյան տարբերակից շատ է տարբերվում, սակայն նույնպես չի փայլում իր մատչելիությամբ: Ավելի էժան տարբերակներ Սեւանում դժվար է ամռանը գտնել: Եթե կան այդպիսիք, ապա չունեն հանգստի համար կարեւոր հարմարությունները: Երիտասարդների համար կան ժամանցային հանգստի շատ տարբերակներ: Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում, խիտ անտառների մեջ գտնվում է «Մաուգլի» երիտասարդական ճամբարը: Ճամբարն ունի փայտե տնակներ եւ վրաններ, բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են, կազմակերպվում են արշավներ, խարույկի երեկոներ, եւ այս ամենը մեկ անձի համար մեկ օրը` 4200-5000 դրամ: Նմանատիպ ճամբարներ են նաեւ «Գուգարքը», «Լալաները», որոնք մատչելի են ուսանողների համար, բայց այս ճամբարները չեն գովազդվում, եւ մարդիկ շատ քիչ տեղեկություն ունեն սրանց մասին:

Արշավական ուսանողների հանգիստը

Այսօր Հայաստանում շատ տարածված են արշավական խմբերը: Երիտասարդները հավաքում են գումար, որոշում ուղղությունը եւ ճամփա ընկնում` բացահայտելու Հայաստանի գեղեցկությունը: Ուղեվարձը 3500-6000 դրամի սահմանում է` կախված այն բանից, թե ուր են ուղեւորվում: Արդեն տասից ավել արշավական խումբ կա, որոնց մեծ մասը սոցիալական ցանցերի միջոցով երիտասարդներին հայտարարություններ է ուղարկում, եւ ամեն ցանկացող կարող է միանալ արշավախմբերին: Արշավական ուսանողները գտել են ակտիվ հանգստի իրենց տարբերակը, որն իրականացնում են ոչ միայն ամռանը, այլեւ ամբողջ տարվա ընթացքում:

Աշխատող ուսանողների հանգիստը

Աշխատող ուսանողների մեծ մասը ամռանը չի հանգստանալու: Պատճառը պարզ է` ժամանակ չունեն, եւ աշխատանքն ավելի թանկ է իրենց համար, քան մի քանի օրվա ծախսն ու հանգիստը: «Իհարկե, շատ եմ ուզում հանգստանալ ու հավանաբար երկու օր կգտնեմ Երեւանից դուրս գալու ու մի քիչ հովանալու համար, բայց հիմա շատ պատասխանատու պահ է իմ կյանքում. շատ եմ կարեւորում այսօրվա իմ աշխատանքն ու վաստակած գումարը: Իսկ հանգստանալ դեռ կհասցնեմ հետագայում»,- ասում է 20-ամյա Արմենը:

Ակտիվիստ ուսանողների հանգիստը

Ոմանք կարծիք հայտնեցին, թե ուսանողն այսօր պետք է կուսակցական լինի, որպեսզի մասնակցի մի շարք միջոցառումների եւ իսկական հանգիստ վայելի: Մինչ 2008 թվականը գործում էր «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որտեղ հիմնականում հավաքվում էին ՀՀԿ կուսակցության երիտասարդները, թեեւ «Բազեն» պաշտոնապես համարվում էր անկուսակցական հավաք: Համարյա նույն քաղաքականությամբ «Բազեին» շարունակելու եկավ «Միասին» երիտասարդական շարժումը: Անցյալ տարի ամռանը երիտասարդները նորից հավաքվեացին, կազմակերպեցին դասեր, մրցույթներ եւ ժամանց, ինչպես նաեւ` հանդիպում երկրի նախագահի հետ: Այս տարի «Միասինը» կազմակերպելու է հանգիստ Սեւանա լճում, որն անվճար կլինի միասինականների համար: Դաշնակցության երիտասարդները նույնպես բավարարում են իրենց հանգստի կարիքը: Այս ամառ նորից հավաք են կազմակերպելու, որին կարող են մասնակցել միայն կուսակցության անդամները: Հասարակական կազմակերպություններին անդամակցողներն ու կամավորները ամռանը անցկացնում են սեմինարներ կամ հանդիպումներ Հայաստանի հանգստյան գոտիներում եւ այդ ընթացքում վայելում նաեւ ակտիվ հանգիստ: Երբեմն նույնիսկ Հայաստանից դուրս հանդիպումների են հրավիրվում, հիմնականում` ԱՊՀ երկրներ: Ուսանողների մի մասն էլ դեռեւս գարնանը դիմել է մի շարք փոխանակման ծրագրերի, եւ ում բախտ է վիճակվել` ամռանը գնալու է արտասահման աշխատելու եւ միաժամանակ շրջագայելու, ծանոթանալու այլ երկրի մշակույթին: Աշխատանքները տարբեր են լինում` ծառատունկի եւ վերանորոգման աշխատանքներից մինչեւ գրասենյակային աշխատանք: Այս ուսանողներին կարելի է դասել աշխատասերների դասին:

Առանց հանգստի ուսանողներ

Ուսանողների նկատելի հատվածը չի հանգստանալու ոչ հանգստյան տներում, ոչ ճամբարներում, ոչ էլ առավել եւս արտասահմանում: Ցերեկային շոգ ժամերն այս ուսանողները կանցկացնեն տանը, իսկ երեկոյան դուրս կգան երեւանյան զբոսանքի: Ահա այսպես էլ կանցնի իրենց ամառային հանգիստը, որին արդեն սովորել են: Պատճառն ամենեւին էլ հանգստանալու ցանկության բացակայությունը չէ: «Ես սովորում եմ վճարովի համակարգում, եւ մեր տան բյուջեի մեծ մասը իմ սովորելուն է գնում: Ես էլ, ծնողներս էլ շատ կցանկանայինք հանգստանալ, բայց այսօր դա մեզ չենք կարող թույլ տալ: Կարող եմ գյուղ գնալ` տատիկիս մոտ, բայց այդքան էլ չեմ սիրում հանգստի այդ ձեւը: Իմ ընկերներից շատ քչերն են գնում հանգստանալու, եւ մենք միասին ենք անցկացնում մեր ամառը Երեւանում»,- ասում է Լիլիթ Հովհաննիսյանը:

ԵրՊԼՀ դասախոսների եւ ղեկավարների հանգիստը

Ուսանողների հանգիստը տարբեր է, բայց հանգիստ լինելու է: Ինչ վերաբերում է Լեզվաբանական համալսարանի դասախոսներին, վերջիններս բարձրացնում են ֆինանսական խնդրի հարցը: Լեզվաբանության դասախոս տիկին Ղազարյանը միանշանակ կհանգստանա Հայաստանում, քանի որ կարծում է, որ էդպես շատ ավելի էժան է: Իսկ դասախոս Տանյա Հովհաննիսյանը, եթե հանգստանա, ապա` արտերկրում, քանի որ կարծում է, որ էդպես ավելի էժան է: «Հայաստանում հանգիստ անցկացնել ցանկացողների թիվը շատ քիչ է այսօր: Ամառային հանգստի մեր լավագույն տեղը Սեւանն է, բայց Սեւանի հանգստյան տների պայմանները չեն համապատասխանում գներին: Այդ նույն գումարով մարդիկ նախընտրում են հանգստանալ Անթալիայում»,- ասում է «Ֆանտուր» տուրիստական գործակալության աշխատակիցը: ԵրՊԼՀ Լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը շեշտում է, որ երբեք չի հանգստանա Թուրքիայում, եթե նույնիսկ ունենա համապատասխան գումար եւ ժամանակ, իսկ հանգստի մասին զբաղվածության պատճառով արդեն երկար տարիներ չի հիշում, ինչպես Բրյուսովի այլ դեկանները: Բրյուսովի աշխատակազմը ակնհայտ զբաղված է լինում ամռանը: Հավանաբար, ԵրՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանը նույնպես այս տարի չի մեկնի հանգստանալու. ընդունարանը միշտ լի է մարդկանցով, եւ պրն Զոլյանը ժամանակ չունեցավ պատասխանելու իր հանգստին վերաբերող որոշ հարցերի:

Մարինե Քոչարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter