HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորի վաճառած հողը չի արտացոլում շուկայական արժեքը

Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը, բազմաթիվ դատավորների պես, խոշոր չափի դրամական եկամուտներ է հայտարարագրել: 2008 թ. դատավորը մի քանի բանկերից սպառողական վարկեր է վերցրել: Կահույք գնելու համար եւս վարկ է վերցրել բանկից: Վարկի գումարը Ռ. Սարգսյանը հայտարարագրել է եւ ներկայացրել Պետեկամուտների կոմիտե, ինչպես նաեւ` Դատավորների էթիկայի հանձնաժողով:

Ըստ հայտարարագրի` միայն «Հայբիզնեսբանկից» վերցրած վարկը կազմել է 15 մլն 100 հազար դրամ: Քանի որ Ռ. Սարգսյանի եկամուտները մի քանի անգամ գերազանցում էին նրա աշխատավարձի չափը, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Ավետիսյանին խնդրեցինք պարզել դրանց ծագման աղբյուրները:

«Հետքի» դիմումի հիման վրա հանձնաժողովը պարզել է, որ վարկի գումարի մեկ զրոն սխալմամբ է գրվել, եւ այն իրականում 1 մլն 510 հազար դրամ է: Այդ մասին իմացանք հենց դատավորից, քանի որ հանձնաժողովն այդպես էլ դատավորների հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքները մեզ չտրամադրեց: Ռոբերտ Սարգսյանն ուրախ է, որ սխալը «բացահայտվեց»:

Դատավորն արտարժույթով արտահայտված եկամուտներ էլ ունի, որոնց ծագման աղբյուրը, սակայն, չի երեւում: Հայտարարագրի «դրամական միջոցներ» էջում նա հայտարարագրել է 3 մլն դրամ, 14 000 ԱՄՆ դոլար եւ 3 000 եվրո, իսկ «եկամուտներ» բաժնում` 3 մլն 220 հազար 103 դրամ` որպես Երեւանի քաղաքացիական դատարանից ստացված աշխատավարձ (այդ ժամանակ Ռ. Սարգսյանը նույն դատարանում դատավոր է եղել): Դատավորը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից որպես վարկ վերցրել է 800 հազարական դրամ:

«Հայտնում եմ, որ 2008 թ. իմ ստացած եկամուտը կազմել է 6 մլն 330 հազար 103 դրամ: Ինչ վերաբերում է արտարժույթով եկամուտներին, գումարները նախկին տարիներին իմ խնայողությունների մնացորդներն են, որոնք ամեն տարի պակասում են»,-«Հետքին» պարզաբանեց Ռ. Սարգսյանը:

Նա պատրաստակամորեն տրամադրեց իր գույքի եւ եկամուտների հայտարարագրի բնօրինակի պատճենը` ասելով, որ ոչ մեկից թաքցնելու ոչինչ չունի, իսկ որպես «ապացույց» տրամադրեց 2009 թ. հայտարարագրի պատճենը: Ռ. Սարգսյանի հաշվառման հասցեն Երեւան քաղաքի Բուզանդի փողոցի սեփական տներից մեկն է, սակայն որպես բնակության հասցե նշվում է Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող բնակարանը: 2009 թ. դատավորը 300 000 դրամով հողամաս է օտարել Արմավիրի մարզի Արաքս գյուղում:

«Հողամասը ժառանգություն եմ ստացել մայրիկիցս եւ այն օտարել եմ ռուսաստանաբնակ մի հայի»,- ասում է Ռ. Սարգսյանը: Այդ հողամասը գնել է Անդրանիկ Օզմանյանը: Քանի որ հայտարարագրում նշված չէ, թե քանի քառակուսի մետր է եղել դատավորի մոր` Աշխեն Պետրոսյանի հողամասը, եւ ժառանգություն ստանալուց հետո 300 000 դրամով քանի քառակուսի մետր հող է վաճառել Ռ. Սարգսյանը, այդ մասին հետաքրքրվեցինք Արաքսի գյուղապետ Ռուբեն Կարապետյանից: Նա հաստատեց, որ Աշխեն Պետրոսյանը գյուղում հող է ունեցել, եւ նրա մահվանից հետո այն անցել է որդուն: «Կոնկրետ չեմ հիշում, թե Աշխեն Պետրոսյանը քանի քառակուսի մետր հող ուներ, բայց գիտեմ, որ ուներ մեկ տնամերձ եւ մեկ սեփականաշնորված հող, որն անցել է նրա տղային»,- ասաց Ռ. Կարապետյանը: Գյուղապետի ասելով` իրենց գյուղի տնամերձերի չափը 1200-1250 քմ է, իսկ սեփականաշնորհված հողերինը սկսվում է 6-7 հազ. քմ-ից:

Հարցրինք, թե Արաքս գյուղում ի՞նչ արժե 1000 քմ հողամասը: «Մեր գյուղում հողերն այնքան էլ թանկ չեն, 1000 մետրը մինչեւ 1000 դոլարով կարող են վաճառել»,- ավելացրեց գյուղապետը: Անշուշտ, չգիտենք, թե իրականում ինչ գնով է դատավորը վաճառել ժառանգությամբ իրեն անցած հողամասը (կամ հողամասերը), սակայն, հաշվի առնելով գյուղապետի հայտարարած տնամերձ եւ սեփականաշնորված հողերի չափերը Արաքսում, կարող ենք փաստել, որ հայտարարագրած 300 հազար դրամը իրականում չի արտացոլում վաճառված հողամասի գինը, եւ դատավորը պակաս գումար է ցույց տվել:

Որպես եկամուտ Ռ. Սարգսյանը հայտարարագրել է նաեւ Երեւանի քաղաքացիական դատարանից ստացած 1 մլն 197 հազար 519 դրամ աշխատավարձը եւ վարչական դատարանից ստացած 6 մլն 429 հազ. 881 դրամ աշխատավարձը: Ինչ վերաբերում է արտարժույթով եկամուտներին, որը Ռ. Սարգսյանը պարզաբանեց որպես «նախորդ տարիների խնայողություն», ապա դրանք նվազել են: 2009 թ. վերջին դատավորն ունեցել է 10 000 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եւ 2 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter