HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Աննախադեպ հայցադիմում` ընդդեմ ՀՀ ոստիկանության

Այս տարվա մայիսին Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման` աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար, սակայն այսքանով հատուկ դպրոցի շուրջ բարձրացված աղմուկը չդադարեց, քանի որ, բացի մանկավարժի դեմ հարուցված քրեական գործից, այս պատմությունն այլ զարգացումներ ունեցավ:

Նուբարաշենի դպրոցում տիրող մտահոգիչ երեւույթներն ակտիվորեն բարձրաձայնած Մարիամ Սուխուդյանը հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ ոստիկանությունից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ, քանի որ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի, խախտել է իր անմեղության կանխավարկածը: Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանվում է անձի անմեղության կանխավարկածը: «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետեւությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»:

Մինչդեռ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով Մարիամին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ լրագրողների հարցին, հայտարարել է. «Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց եւ անչափահասներին դրդել պատժելի արարքների»: Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում, խոսելով Մարիամ Սուխուդյանի մասին, գործածել է «հանցագործ» բառը:

«Բայց ոչ թե հանցագործի համար ինչ-որ կազմակերպություններ հավաքվեն»,- ասել է Սայաթ Շիրինյանը` ի պատասխան մի շարք կազմակերպությունների այն հայտարարության, որով պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Սուխուդյանի նկատմամբ: «ՀՀ ոստիկանապետը, հանդես գալով որպես պաշտոնատար անձ եւ իշխանության ներկայացուցիչ, առանց որեւէ վերապահումների ինձ անվանել է «անմեղ մարդկանց զրպարտող եւ անչափահասներին պատժելի արարքների դրդող», իսկ Սայաթ Շիրինյանն ուղղակիորեն եւ առանց վերապահումների ինձ անվանել է «հանցագործ»: Նրանք խոսել են այնպես, կարծես դատարանը իմ նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել, այսպիսով խախտել են իմ անմեղության կանխավարկածի իրավունքը»,- նշել է Մարիամ Սուխուդյանն իր հայցադիմումում: Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանի եւ Սայաթ Շիրինյանի հայտարարությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Մարիամ Սուխուդյանին մեղադրանք էր առաջադրվել «Սուտ մատնություն» հոդվածով: Մարիամը կարծում է, որ ոստիկանապետի հայտարարությունն ուղղորդել է քննիչներին եւ ազդել քրեական գործի նախաքննության ընթացքի վրա:

«Ոստիկանությունն ի սկզբանե կողմնակալ վերաբերմունք է ունեցել իմ նկատմամբ, արդյունքում գործը սխալ մեղադրանքով ուզում էին ուղարկել դատարան, սակայն կեղծիքները բացահայտվեցին, եւ իմ նկատմամբ հարուցված մեղադրանքը կարճվեց»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Մարիամ Սուխուդյանը: Ալիկ Սարգսյանը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված «Բրիֆինգ» հաղորդման ընթացքում, պատասխանելով Մարիամ Սուխուդյանի անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ հարցին, ասել է. «Ես ինքս քաջ գիտակցում եմ` ինչ ասել է անմեղության կանխավարկած, ուղղակի հարցն ինձ հնչեցրել են այն պահին, երբ սկսվել էր նախաքննությունը: Անձին մեղավոր ճանաչողը ես չեմ, որեւէ մեկը իրավունք չունի անձին մեղավոր ճանաչել, բացի դատարանից»: Ոստիկանապետը չի ընդունում, թե ինքը խախտել է Սուխուդյանի անմեղության կանխավարկածի իրավունքը. «Ես ոչ թե նրան մեղադրեցի, այլ լրագրողներն ինձ հարցրին, թե ինչ ընթացքում է Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ես ընդամենը ներկայացրի, որ էս-էս փաստարկներով Մարիամ Սուխուդյանը մեղադրվում է այս հանգամանքների կապակցությամբ, ես ներկայացրի այն փաստարկները, որոնք արդեն զետեղված էին նախապատրաստվող նյութերում»,- «Հ1»-ի եթերում հայտարարեց Ալիկ Սարգսյանը: Մարիամ Սուխուդյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը «Հետքին» ասաց, որ դատարանում որպես պատասխանող կողմ հանդես են գալու ոչ թե անձամբ Ալիկ Սարգսյանը կամ Սայաթ Շիրինյանը, այլ Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ ոստիկանությունը:

«ՀՀ որեւէ օրենքով բարոյական վնասի փոխհատուցում սահմանված չէ, դա բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից»,- ասում է փաստաբանը` չցանկանալով բացահայտել իրենց հետագա քայլերը: Նշենք, որ եթե ՀՀ դատական պրակտիկայում Մարիամ Սուխուդյանի հայցադիմումն աննախադեպ է, ապա Եվրոպական դատարանը անմեղության կանխավարկածի վերաբերյալ նախադեպային վճիռ արդեն կայացրել է:

«Այդ գործը մեր հայցադիմումի հետ այնքանով է առնչվում, որ Եվրոպական դատարանը սահմանել է, որ անմեղության կանխավարկածի խախտումը կարող է լինել ոչ միայն դատավորների կողմից, այլեւ պաշտոնատար անձանց եւ կոնկրետ ոստիկանապետի: Այդ գործում ոստիկանապետի ելույթին էր վերաբերում հայցադիմումը»,- ասում է փաստաբան Սիմոնյանը: Այնպես որ, հնարավոր է` ոստիկանապետի հայտարարության պատճառով տարիներ անց Եվրոպական դատարանը եւս մեկ վճիռ կայացնի «ընդդեմ Հայաստանի Հանրապետության» եւ պարտավորեցնի երկրի բյուջեից փոխհատուցում տալ Մարիամ Սուխուդյանին:

«Հետքի» այն հարցին, թե փոխհատուցում ստանալուց հետո ինչպես կտնօրինի 1 մլն դրամը, Մարիամը պատասխանեց. «Այդ փողը հատուկ դպրոցի տուժած երեխաներին կտամ, դա այն փողն է, որը պետք է հասներ երեխաներին, բայց չի հասել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter