HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Հնարավորություն ունեմ, ցանկություն չունեմ հանգստանալու»,-ասում է Գյումրու քաղաքապետը

«Գյումրեցին աշխատանք ունի՞, որ հանգստանա,-ուսերն է թոթվում մանրավաճառ կինը,- այ հողերս մեր գլխին... էն վախտն որ տեքստիլը կաշխատեր, այ էն վախտը կհանգստանայինք ... ծովի երես կտեսնեինք, հմի, աղջիկ ջան, դռան աղբուրից երեսներիս չոփ կենեք, կըսենք` ուխա՜այ, ... ան մեր հանգստանալն էս շոգին»:

Ծովի ու ծովափնյա հանգստի, առողջարանների ու հանգստյան տների, «սովետի վախտվա» հնարավորություններից օգտված ու հիշողություններում դեռ թարմ պահած հուշերով ապրողների թիվը քիչ չէ Գյումրիում: Սակայն դա դեռ չի նշանակում, որ հանրապետության երկրորդ քաղաքում չգիտեն, թե ինչ բան է լիարժեք հանգիստը անկախության պայմաններում: Խնդիրն այլ է. արդյո՞ք միշտ են ցանկությունները համընկնում հնարավորությունների հետ:

«24 տարեկան եմ, հլը չիդեմ, թե էդ ինչ բան է արձակուրդ ըսածդ,-ծիծաղում է պատահական աշխատանքով ընտանիք պահող Սեւակ Մովսիսյանը,- էս տարի առաջին անգամ եմ արեւահարվել, էն էլ Թոփառլվա սուրբ էինք գնացել: Ամառ-ձմեռ տների մեջը ռեմոնտ կենենք, գույներս գցած, սիպտակ ման գուկանք, ինչ հանգիստ, ինչ ծովափ, էդ ինչ կառնինք, որ ծով էլ էրթանք: Վերջին ամսվա համար 15 հազար դրամ փող եմ ստացել: Դու կրնա՞ս էդ փողով համ ապրիս, համ ծով էրթաս: Ավելի լավ է աշխատանք էղնի, աշխատինք: Կեղնի, որ ամիսներով գործ չենք ունենա, ահա քեզի հանգիստ»:

Հրաչ Մովսիսյանը թատրոնի դերասան է. «Եթե աշխատանք լինի, յուրաքանչյուր գյումրեցի էլ կհամաձայնվի ինձ հետ, ինքն անպայման կգերադասի աշխատանքը, քան թե գնա հանգստանալու, որովհետեւ էսօրվա պայմանները ժողովրդին ստիպել են գոյատեւման, այսինքն` ընտանիք պահելու խնդիրն այստեղ ավելի առաջնային է, քան հանգստի: Օգոստոսի 4-ից թատրոնում արձակուրդ է, ամենայն հավանականությամբ, ընտանիքով կգնանք գյուղ` Հովունի, մեր հարազատների մոտ մի 10 օր, մի 10 օր էլ քրոջս տուն, էդպես, էլի: Դերասանը Գյումրիում էդքան չի ստանում, ցավոք, որ մի հատ էլ ընտանիքով երկրից դուրս մեկնի»:

Տեղական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Գասմա ինվեստ» կազմակերպության գովազդային հայտարարությունն ուղղակի հուշում է. հավաքեք իրերն ու մեկնեք Անթալիա` անմոռաց հանգիստը ծովափնյա այս քաղաքում անցկացնելու: Որոշում եմ այցելել եւ պարզել, թե գյումրեցիների քանի տոկոսն է արդեն օգտվել կազմակերպության առաջարկած գայթակղիչ առաջարկից: Մեկ շաբաթվա ընթացքում երկու այց եւ հիասթափության զգացողություն փակ դռների ետեւում: Կազմակերպությունը բնակելի շենքի առաջին հարկում է, հարեւան բնակիչների հավաստմամբ` մեծ մասամբ փակ: Պարզվում է, որ այն նաեւ անշարժ գույքի գործակալություն է:

«Ըդոնք ե՞րբ բաց կեղնին որ, աղջիկ ջան, առավոտ կբանան, սաղ ցերեկ կկորին, հետո էլ չիդենք` հետ գուկա՞ն, թե՞ չէ,- բեղի տակ քմծիծաղ է տալիս շենքի բնակիչներից մի տարեց տղամարդ,- նոր քիչմ առաջ ելան, լցվան ավտոն, գնացին: Ըդոնք որ ըդպես կաշխատին, ըդոնց ղրկած տուրիստն ի՞նչ բդի էղնի, ըշտը ըսա` էրթան կորին»:

Հուլիսի 13-ից Գյումրիում գործող «Մագնոլիա տուր»-ն առաջարկում է ուղեւորություններ դեպի Անթալիա, Իտալիա, Կիպրոս եւ Քոբուլեթի: Փոքրիկ տաղավարում համակարգչի դիմաց նստած միակ աշխատակցուհին պատասխանելիս բարեհամբույր ժպտում է. «Երեւանում մեր կազմակերպությանը շատ են դիմում, բայց էստեղ առայժմ մի խումբ է ձեւավորվել 5 հոգանոց, որ Քոբուլեթի պիտի մեկնեն, այն էլ` օգոստոսին: 9-օրյա ուղեւորություն է, արժեքը հուլիս ամսվա համար 75, օգոստոսին` 85 հազար դրամ»:

Երեւանյան մեկ այլ կազմակերպության` «Անի տուրի» մասնաճյուղը Գյումրիում գործում է մեկ ամիս: Խոսափողով հարցերիս պատասխանող աշխատակցի դեմքը չի երեւում, բայց ձայնը բավական դժգոհ է: Ամեն դեպքում տեղեկացնում է, որ իրենք կազմակերպում են ուղեւորություններ Քոբուլեթի` 10 օրվա համար 300 դոլար եւ Բաթումի` 400 ԱՄՆ դոլար արժեքով: Ունեն նաեւ փաթեթ Անթալիայի համար: Եթե Արեւմտյան Հայաստան մեկնելու ցանկություն կա, ապա դա էլ կարող են կազմակերպել: Մեկ ամսվա ընթացքում խմբային ուղեւորություններ Գյումրիից չեն եղել, իսկ ահա անհատներ դիմել են նշված ուղղություններով մեկնելու համար: Իսկ արդյո՞ք պատրաստվում են այս ամառ հանգստանալ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

«Ես 11 տարի եղավ, ե՞րբ եմ հանգստացել»,- հարցին հարցով է պատասխանում Վարդան Ղուկասյանը: Փորձում եմ ճշտել, թե այդ դեպքում Ֆրանսիա կատարվող մեկ ամսյա ուղեւորություններն ինչ նպատակ են հետապնդում:

«Դրանք բուժումներ են, աղջիկ ջան,- անգիտությանս վրա զարմանում է քաղաքապետը,- ես ուղղակի ցանկություն չունեմ հանգստանալու»: «Իսկ հնարավորությու՞ն,- համառում եմ եւ ստանում անկեղծ պատասխան,-հնարավորություն շատ ունեմ»:

Մարզպետ Աշոտ Գիզիրյանին եւս հարցս տարօրինակ է թվում. «Ո՞նց հանգստանամ էս ամառ, երբ նոր եմ նշանակվել, դուք լինեիք կհանգստանայի՞ք,- հարցնում է Աշոտ Գիզիրյանը,- ես դեռ պիտի ծանոթանամ, աշխատեմ, նոր, հավանաբար ձմռանը կհանգստանամ»: Շարքային, անաշխատանք կամ ցածր եկամուտ ունեցող գյումրեցու միակ ուղերթը ամենաշատը կողքի գյուղն է` բարեկամների մոտ: Վատագույն դեպքում ոչ մի տեղ էլ չեն գնա` մխիթարվելով, թե «Գյումրիում էդ ե՞րբ ըդպես շոգ կեղնի, որ ես էլ տունս տեղս թողած` ելնիմ ընկնիմ դրսերը»:

Միայն շատ քիչ տոկոսն է, որ արդեն 3-րդ տարին է փորձում է ծովափնյա հանգիստը կազմակերպել Քոբուլեթիում կամ Բաթումիում, որտեղ 10 օրում ծախսում են այնքան, որքան հայաստանցին կծախսեր 3 օրում Սեւանում, Ծաղկաձորում կամ Ջերմուկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter