HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամառային» հարց` վարչապետին

Հատված վարչապետ Տիգրան Սարգսյանի` հեռուստաընկերություններին տրված հարցազրույցից -Ես ուզում եմ ավելի «ամառային» հարց տալ, խոսքս հանգստի, արձակուրդի մասին է. հիշում եմ` նախորդ տարվա կառավարության նիստերի ժամանակ նշեցիք, որ ճգնաժամ է, եւ պաշտոնյան 30-օրյա հանգստի մասին մտածելու իրավունք չունի։ Այս տարի ի՞նչ ռեժիմով է հանգստանալու կառավարությունը, եւ եթե գաղտնիք չէ, Դուք, Ձեր ընտանիքը որտե՞ղ եք հանգստանալու` ներգնա տուրի՞զմն եք խթանելու, թե՞ ծովափնյա հանգիստ եք նախատեսում։ -Այս տարի կառավարության համար հանգստյան ազատ ռեժիմ է սահմանված, բայց հիմնականում կառավարության անդամները երկու շաբաթ են օգտվելու իրենց արձակուրդից, հիմնական ժամանակն անց են կացնելու Հայաստանում, եւ եթե բացակայելու են, ոչ ավելի, քան երկու շաբաթ։ Ամենայն հավանականությամբ, ես օգոստոսի 10-14-ը կբացակայեմ միայն։ Նպատակ ունեմ անցնել բժշկական հետազոտություն Եվրոպայի որեւէ առողջապահական կենտրոններից մեկում, իմ երեւանյան բժիշկն ինձ խորհուրդ է տալիս այդ հետազոտությունն անցնել, որպեսզի ամբողջ էներգիայով լծվենք 2010 թվականի ծրագրերի կատարման աշխատանքներին, այսինքն` ես կբացակայեմ ընդամենը 4-5 օր։ -Իսկ հանգի՞ստը։ -Հանգստի մասին դեռ չեմ մտածում։ -Պարոն վարչապետ, թույլ կտա՞ք ընտանիքի թեման շարունակել։ Ես, որպես վերջերս ամուսնացած մարդ, զգացել եմ, որ լրագրողի մասնագիտությունը շատ քիչ ժամանակ է թողնում ընտանիքիս հետ շփվելու, իսկ Ձեր պարագայում, կարծում եմ, այս ժամանակը շատ սուղ է։ Ընտանիքն ինչպե՞ս է վերաբերվում Ձեր աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկին, եւ պատմեք Ձեր ընտանիքի անդամների մասին, եթե կարելի է։ -Մեծ աղջիկս,երբ ամուսնացավ եւ նվիրեց մեզ մեր առաջին թոռնիկին, նրա աշխարհընկալումն արդեն շատ նման է մեր աշխարհընկալմանը։ Նա այդ առումով մեզ հետ կիսում է մեր բոլոր հոգսերը, մեր ուրախությունները։ Ավելի շատ ջանք է մեզանից խլում Աբգարը, որը ութ տարեկան է, նա նոր է սկսում շատ բաներ հասկանալ։ Առաջինը, որ աշխարհի ֆուտբոլի չեմպիոնատի ժամանակ, երբ իմացավ, թե ֆուտբոլիստներն ինչ աշխատավարձ են ստանում, ինձ ասաց. «Հայրիկ այս աշխատանքդ, որ ավարտես, անպայման ֆուտբոլիստ կդառնա՞ս»։ Հետո մտածեց-մտածեց, ասաց. «Թե՞ շատ հին ես դու արդեն ֆուտբոլիստ դառնալու համար»։ Փոքր տղաս, որը երկու տարեկան է, եւ շատ բան չի հասկանում, բայց ակնհայտորեն պահանջում է, որ ես իր հետ ավելի շատ ժամանակ անցկացնեմ, դժվար է ինձնից կտրվում, երբ ես դուրս եմ գալիս աշխատանքի, բայց մեր կյանքում մտցնում է ռեժիմ. առավոտյան ժամը 8-ին բոլորին արթնացնում է եւ ստիպում, որ բոլորի ուշադրության կենտրնում լինի, երեկոյան էլ պահանջում է, որ բոլորը պահպանեն այն ռեժիմը, որն ինքը մեզ պարտադրում է։ Ասում են, որ եթե տանը կա փոքր երեխա, ուրեմն նա է ղեկավարում ձեր ամբողջ կենցաղը։ Այդպես էլ կա մեր տանը։ Այնպես որ, մենք բավական երջանիկ ընտանիք ենք, կնոջս հիմնական աշխատանքն այս պահին նվիրված է իր երեք երեխաներին եւ թոռնիկին, ինչպես նաեւ, որպես վարչապետի կին, նա պարտավոր է մասնակցել բազմաթիվ պաշտոնական արարողությունների, որը նույնպես ժամանակ է խլում նրանից։ Այնպես որ, ես ինձ համարում եմ երջանիկ մարդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter