Ֆինանսական մեխանիզմներն են թերի
Հատված վարչապետ Տիգրան Սարգսյանի` հեռուստաընկերություններին տրված հարցազրույցից
-Եթե չեմ սխալվում, ամռան սկզբից բարեփոխումներ է սկսում առողջապահության ոլորտում եւ համավճարի սկզբունքն է ներդրվում։ Ի՞նչ ակնկալիք ունեք այդ բարեփոխումից։
-Առողջապահությունում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում մենք ունենք լրջագույն խնդիր, այն է` ֆինանսական մեխանիզմների թերի լինելը, որի արդյունքում բոլորը շատ լավ գիտեն, որ առողջապահական ծառայության գին գոյություն ունի, իսկ պետությունը, որը հանդիսանում է այդ ծառայություններից օգտվող, վճարում է շուկայական գնի մեկ երրոդը, երբ գնում է այդ ծառայությունն իր քաղաքացիների համար։ Ռեֆորիմի իմաստը կայանում է նրանում, որ պետությունը իրավունք չունի ոչ առողջապահության բնագավառում, ոչ էլ բարձրագույն կրթական համակարգում շուկայական շեղում մտցնել։ Եթե ուսանողի պատրաստումը պետպատվերով արժի մեկ միլիոն դրամ, մենք իրավունք չունենք բուհերին վճարել 300 հազար դրամ, որովհետեւ այն 700 հազար դրամ ճեղքվածքը, որ առաջանում է, նա պետք է այս կամ այն ձեւով լուծի։ Նման իրավիճակը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր, եւ մենք` պետությունը, կոռուպցիոն ռիսկերի հիմքն է դրել` իր սխալ ֆինանսական մեխանիզմով։ Հիմա փորձում ենք որակապես փոխել իրավիճակը։ Առաջին հերթին սկզբունքը հետեւյալն է լինելու, որ պետությունը շուկայից օգտվող պետք է լինի եւ մենք պետք է շուկայական գնով ծառայություններ առնենք ու մեր քաղաքացիներին մատուցենք։ Առողջապահության ոլորտում ռեֆորմի իմաստը հենց սրանում է։ Մենք սկսել ենք արդեն պիլոտային պրոյեկտ, որպեսզի տեսնենք` ինչպես է այս ծրագիրը աշխատում եւ արդեն իսկ արդյունքները վկայում են այն մասին, որ ունենք ստվերայնության կտրուկ նվազում։ Փորձագետների հաշվարկները ցույց են տալիս, որ առողջապահության ոլորտում 60-80 միլիարդ դրամի հասնող ստվերային շրջանառություն ունենք։ Այս նոր մեխանիզմը նպաստել է նրան, որ պետք է այդ ստվերայնությունը առողջապահական ոլորտում կտրուկ նվազի։ Բայց, միեւնույն ժամանակ, դա նշանակում է, որ մենք պարտադրված ենք լինելու մի կողմից ավելացնել առողջապահության ֆինանսավորումը, քանի որ այդ սոցիալական խմբի համար, որ մենք ձեռք ենք բերում բուժհիմնակներից ծառայություններ, գները բարձրանալու են եւ նշանակում է, որ պետությունը ավելի շատ պետք է վճարի։ Երկրորդը` դա նշանակում է, որ մենք պետք է հստակեցնենք այդ ցանկերը ե?ւ հիվանդությունների, ե?ւ այն քաղաքացիների, որոնք իրավունք ունեն օգտվելու այդ ծառայություններից։ Եվ երրորդ գործոնը, որ մեզ օգնելու է, այն է, որ առողջապահության ոլորտում մենք պետք է ներդնենք ապահովագրություն, որպեսզի լուծենք ֆինանսական խնդիրը եւ գների գոյացման վերահսկողությունը։
-Պարոն վարչապետ, Կառավարությունը որոշում ընդունեց ֆիզիկայի ինստիտուտը վերածել ազգային գիտական լաբորատորիայի, որտեղ միջազգային չափանիշներով եզակի ախտորոշում կիրականացվի։ Ի՞նչ քայլեր են իրականցվում այդ ուղղությամբ եւ ինչպե՞ս եք գնահատում գիտություն-տնտեսություն կապը։
-Մենք հրավիրել էինք միջազգային հեղինակավոր մարդկանց, ստեղծել հանձնաժողով, որպեսզի իրենք ուսումնասիրեն Հայաստանում գիտության վիճակը եւ մեզ ներկայացնեն առաջարկություններ, թե որոնք են այն ուղղությունները, որտեղ մենք ունենք հարաբերական առավելություններ։ Եվ նրանց եզրակացությունը միանշանակ էր, որ ֆիզիկայի բնագավառում մենք ունենք հարաբերական առավելություն, եւ մեր ջանքերը պետք է ուղղենք, որպեսզի երիտասարդները զբաղվեն ֆիզիկայով եւ այդ ուղղության մեջ անհրաժեշտ է ներդրումներ կատարել։ Քանի որ այդ ոլորտի գիտնականները ծերանում են, երիտասարդներ չկան, իսկ այն գիտելիքները, փորձը, որ Հայաստանում կան, չի կարելի կորցնել։ Համար մեկ խնդիրը, որ նրանք մեր առջեւ դրեցին, ֆիզիկայի ինստիտուտն արդիականացնելն էր, եւ հենց այդ նույն գիտնականներից կազմված հանձնաժողովը տվեց իր եզրակացությունը, կազմեց մի ծրագիր, թե ինչպես արդիականացնել Ֆիզիկայի ինստիտուտը։ Եվ Էկոնոմիկայի նախարարության հետ մշակեցին եւ ներկայացրեցին մի ծրագիր, որը բավականին երկար եւ բուռն քննարկվեց, այդ թվում նաեւ` ԳԱԱ-ում։ Մենք ստացանք բազմաթիվ դիտողություններ եւ առաջարկություններ, արդյունքում ծրագիրն արժանացավ Կառավարության հավանությանը։ Որպեսզի մենք այդ կարողությունները պատշաճ ձեւով իրականացնենք, անհրաժեշտություն կա, որպեսզի մենք Հայաստանում ունենանք ժամանակակից արագացուցիչներ։ Այսօր խոսքը գնում է երեք այդպիսի արագացուցիչների մասին` մեկը «Քենդլ» ծրագիրն է, որը մենք փորձում ենք իրականացնել նախաձեռնող խմբի հետ` ներգրավելով շուրջ 50 մլն-ի ներդրում, երկրորդը Դուբնայի հետ համատեղ ծրագիրն է, եւ մեր Դուբնայի գործընկերները մեզ հետ կիրականացնեն այդ ծրագիրը։ Երրորդը` ֆիզիկան կապել առողջապահության հետ, ստեղծել ՀՀ-ում ժամանակակից Օնկոլոգիական կենտրոն, եւ մենք արդեն իսկ Բելգիայի կառավարության հետ կնքել ենք պայմանագիր։ Մենք նրանցից վերցնում ենք պետական վարկ եւ ձեռք ենք բերում նոր ժամանակակից արագացուցիչ, որ արտադրելու է իզոտոպներ, որոնք օգտագործվում են օնկոլոգիայում, առաջին հերթին` դիագնոստիկայի, երկրորդ հերթին` բուժման բնագավառում։ Այդ պայմանագիրն արդեն ստորագրված է, եւ աշխատանքներն սկսված են։ Երեք տարվա ընթացքում մենք կավարտենք այդ աշխատանքները, եւ Ֆիզիկայի ինստիտուտի բազայի հիման վրա կստեղծի արագացուցիչը, որը արտադրելու է այդ իզոտոպները եւ կարող է մեր բժշկական կենտրոններին մատակարարել իզոտոպներ` հենց օնկոլոգիական բաժանմունքի դիագնոստիկայի բաժնից։ Դա կլինի առողջապահության ոլորտում բեկումնային մի ծրագիր, որի արդյունքում մենք պետք է ունենանք այնպիսի օնկոլոգիական ծառայություններ մատուցող կենտրոն, որի որակը համապատասխանելու է աշխարհի լավագույն կենտրոնների որակին, բայց գները լինելու են շատ ավելի մատչելի։ Դա հնարավորություն կտա, որ օնկոլոգիական կենտրոնի ծառայություններից օգտվեն ոչ միայն ՀՀ, այլեւ օտարերկրյա քաղաքացիները։
-Պարոն վարչապետ, մենք հերթական անգամ նոր բարեփոխման շեմին ենք. խոսքը կենսաթոշակային կուտակային համակարգի մասին է, եւ մյուս կողմից` կա մի իրավիճակ, երբ մեր հասարակությունը բարեփոխում բառն արդեն ընկալվում է թերահավատությամբ, անհավատությամբ։ Ի՞նչ եք կարծում` պետությունը ինչով եւ ինչպես պետք է երաշխավոր լինի, որ այդ համակարգը ներդրվի եւ արդարացնի իրեն, քանի որ այս ռեֆորմի հաջողությունը կախված կլինի նաեւ տնտեսության մեջ ստվերի կրճատումից, որպեսզի մարդը հավատա, որ իր կենսաթոշակն իր աշխատավարձի կեսի չափ կլինի, ոչ թե այսօրվա քառորդ չափով։
-Կենսաթոշակային ռեֆորմը համարվում է աշխարհում ամենից բարդ ռեֆորմներից մեկը, քանի որ այն առնչվում է մեր տնտեսության բոլոր հատվածների հետ, եւ քաղաքացու կյանքի հետ սկսում է առնչություն ունենալ այն ժամանակից սկսած, երբ նա ստանում է աշխատանք մինչեւ խոր ծերություն։ Բնականաբար, այդ ռեֆորմին անհրաժեշտ էր լավ նախապատրաստվել։ Մենք շուրջ 5 տարի է` ջանքեր ենք ներդրել, որպեսզի իրականացնենք ռեֆորմ, որը հնարավորինս համապատասխանում է մեր պետության շահերին։ Մենք պատրաստ ենք սկսել այդ ռեֆորմները եւ 2011-2014 թթ-ին պատրաստ ենք ներդնել այդ համակարգը, որը ունի նպատակ ապահովելու մեր քաղաքացիներին` միչեւ խոր ծերություն, որպեսզի նրանք երաշխավորված լինեն, որ անցնելով թոշակի, ստանալու են այնպիսի ֆինանսական օժանդակություն, որը իրենց թույլ է տալու լիաթոք ապրել եւ վայելել իր կուտակած գումարները, որ վաստակել է իր ամբողջ կյանքի ընթացքում։
Պետությունը համաֆինանսավորելու է այն կուտակումները, որ քաղաքացին անելու է իր հատուկ հաշվառման հաշվով, որտեղ կուտակվելու են նրա գումարները եւ նա հնարավորություն է ունենալու մշտապես հետեւել, թե ինչքան գումար է կուտակվել իր հաշվի վրա եւ պետությունը նույն չափով համաֆինանսավորելու է այդ կուտակումը։ Խթան է ստեղծվելու, որ քաղաքացիները ցույց տան իրենց ռեալ եկամուտները, քանի որ այդ ռեալ եկամուտներից հատկացումներ են կատարվելու իրենց անձնական հաշվին եւ պետությունն էլ համաֆինանսավորելու է, այսինքն` կրկնապատկելու է նրա կողմից կուտակած գումարը։ Այդ խթանի արդյունքում, բնականաբար, նպատակահարմար չի լինելու քաղաքացիների համար թաքցնել իրենց ռեալ աշխատավարձը, ինչը մենք այսօր ունենք։ Ինձ դիմել են շինարարական կազմակերպություններ գրավոր նամակով` խնդրելով, որ մենք վերանայենք մեր սոցիալական նպաստների համակարգը։ Ինչո՞ւմն է խնդիրը` նրանք աշխատանք են առաջարկում մարզերում, շրջաններում, իրենց կազմակերպություններում մեր քաղաքացիների համար, որոնք ստանում են սոցիալական նպաստներ, աշխատավարձը շինարարության ոլորտում սկսվում է հարյուր հազարից, եւ քաղաքացիները պայման են դնում շինարարարական կազմակերպությունների առջեւ, որ նրանք կհամաձայնվեն իրենց մոտ աշխատել, եթե աշխատավարձը ցույց չտան օրինական ձեւակերպումով, հակառակ դեպքում, նրանք կզրկվեն քսանութ հազար սոց. նպաստից։ Այսինքն` մի կողմից ուզում են օգտվել քսանութ հազար նպաստից, մյուս կողից էլ` ստանան աշխատավարձ, որը չի գրանցվի։ Սա նշանակում է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք հենց խթաններին. արդյո՞ք մեր օրենսդրությունը ստեղծում է խթաններ, որոնք դրդում են մարդկանց թաքցնել իրենց ռեալ եկամուտները, որպեսզի օգտվեն այս կամ այն սոցիալական ծրագրից։
Այս կենսաթոշակային ռեֆորմն իր մեջ պարունակում է լրջագույն տնտեսական խթաններ, որոնք, մի կողմից` նվազեցնելու են ստվերայնությունը, մյուս կողմից` խթանելու են մեր տնտեսության զարգացումը, համախառն ներքին արդյունքի աճը։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրելու այս ռեֆորմի վրա, մանրակրկիտ բացատրություններ ենք ներկայացնելու մեր քաղաքացիներին, անց ենք կացնելու սեմինարներ լրատվական միջոցների հետ` բացատրելու այս բարդ ռեֆորմի բովանդակությունը, իմաստը, որպեսզի որեւիցե հարց բաց չմնա մեր քաղաքացիների մոտ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել