Մեր զգաստության հրավերը և «Ալիք»-ի խուլ ականջները ...
Կամ «ով դաշնակցական չէ, հայ չէ՞»
Սույն թվի հուլիսի 15-ին իրանահայ մամուլի երեք ներկայացուցիչներս՝ «Արաքս» շաբաթաթերթ, «Լույս» ամսագիր և «Իրանահայեր» լրատվական ցանց, իրանահայ համայնքի հայկական դպրոցների և ազգային հաստատությունների իրարահաջորդ փակման վերաբերյալ ՀՅԴ պաշտոնաթերթ «Ալիք» օրաթերթի խեղաթյուրված լրատվության կապակցությամբ համատեղ մի կոչով մասնավորաբար նշել էինք, որ «լավապես գիտակցում ենք, որ «Ալիք»-ը անկախ թերթ չէ, այլ կուսակցական պաշտոնաթերթ և, ինքնաբերաբար, արտացոլում է պատկան կուսակցության տեսակետները և ոչ թե հասարակական պահանջը,
սակայն դա չի նշանակում, թե որևէ կուսակցության պաշտոնաթերթ իրավունք ունի, իր նախասիրություններից ելած, աղավաղել հարցերը, այլափոխել իրականությունները և սուտ լրատվություն կատարելով մոլորեցնել հասարակությունը»: Հայտարարությամբ նույնպես, շեշտադրված, նշել էինք, որ ««Ալիք»-ը ոչ միայն կրկնում է Թեմական խորհրդի կողմից «Ռոստոմ» դպրոցի փակման մասին հրապարակված անհիմն հայտարարությունը, այլ նրանից էլ առաջ անցնելով, (և անտեսելով 300 բողոքարկող ծնողների և դպրոցի հարակից «Բահար» շրջանի քաղաքացիների ստորագրահավաքը), 20-25 հոգուն ներկայացնում է որպես այդ դպրոցի ողջ աշակերտության ծնողների, որ «տւեցին իրենց լիարժէք համաձայնութիւնը, որպէսզի Թեմական խորհուրդն սկսի գործադրել «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս» դպրոցին միաւորելու գործընթացը», այսինքն` փակումը, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև հիշյալ նիստում ոչ քվեարկություն եղավ, ոչ էլ հավաքական հաստատում, նույնիսկ այդ սակավաթիվ ներկաների կողմից»: Վերջապես, համատեղ հայտարարության ավարտին ահազանգել էինք, որ ««Ալիք» օրաթերթի որդեգրած գործելաոճի հետևանքով հարցականի տակ է դրվել հայ մամուլի ազնվությունը, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ համայնքի համերաշխության և կենսունակության վրա»: Եվ ահա, հուլիսի 19-ին «Ալիք» օրաթերթը, փոխարեն սթափվելու և անսալու մեր կոչին կամ ապացուցելու, որ «ինքը չի ստել», հրապարակել է «Համայնքի ու հասարակայնութեան մերօրեայ պառակտիչները» վերնագրով մի գրություն, որում այս մտահոգիչ և կենսական հարցի վերաբերյալ մեր և համայնքում առկա հարցադրումներին պատասխանելու փոխարեն, պատասխանել է հետևյալ ոճով և կերպով:
«Մերօրեայ պառակտիչները ... առանց դոյզն իսկ արժանապատւութիւն ունենալու` մեղադրում են մեզ` «Ալիք» օրաթերթին, ... սա արտացոլւում է մի կայքէջային լրատւամիջոցից` «Իրանահայեր» յորջորջումով, որի խօսքին էլ որպէս համախոհ` իրենց կնիքն են դնում լրատւամիջոցի յաւակնութիւն ունեցող «Արաքս»-ն ու «Լոյս»-ը:
« ... նշւած վայ լրատւամիջոցների կողմից բազմիցս են հասցէագրւել մեզ, ... որի համախոհ ընթերցողների «բանակը» չի անցնում գոնէ տասնեակը և ինչպէս ժողովրդական խօսքն է ասում` խեղդւողը փրփուրներից է կախւում, սրանք էլ ընթերցող հասարակայնութիւն են փնտրում հայաստանեան հասարակութիւնում իրենց շինծու լրատւութեամբ, դեռ մի հատ էլ «կոչ» ձևակերպում: Եթէ այդքան ազգասէր մարդիկ էք և օր ու գիշեր չէք քնում համայնքային «սխալ գործելաոճից և մամուլի ոչ ճիշտ լուսաբանումներից» մտահոգ, ճիշտ կը լինէր հիմնելով թուրքալեզու հայամէտ կայքէջ ... ի՞նչ ենք սպասում նման մարդկանցից ... «լրագրողներ», ... անձնական շահերի և եսակենտրոն նկրտումներ ... որոնք նոյնիսկ իրենց քթի տակ...»: Մեզ` իրանահայ մամուլի երեք ներկայացուցիչներիս, այս գրգռիչ և անպատասխանատու վերաբերումին ի պատասխան, միայն մնում է դիմել հրապարակայնության: Մենք գնահատական չենք տվել և չենք տալու, թե ո՞վ է «արժանապատվության» տեր, ո՞վ է «վայ լրատվամիջոց», ո՞վ է «պառակտիչ», ո՞վ է «լրատվամիջոցի հավակնություն ունեցողը, որի ընթերցողների բանակը չի անցնում տասը», թե ո՞վ է «փրփուրներից կախվող, խեղդվողը», «ընթերցող փնտրողը»: Այլոց «ազգասիրության և մարդկային արժեքների» մասին գնահատականներ տալու փոխարեն, իրենց 80-ամյա, կամ 180-ամյա «փորձառության» տեր համարողները թող լինեն համեստ և չստեն, չզրպարտեն իրենց սուտն ու սխալը բացահայտողին և կամայական գործունեության դիմելով` չոտնահարեն համայնքի ցանկությունները: Թերևս «Ալիք»-ը մոռացել է կամ չի գիտակցում, որ այլ թվականներում է ապրում, որ փոխվել են ժամանակներն ու սերունդները, թե տասնամյակներ է, որ ավարտվել է պաղ պատերազմը, որ չկան այլևս իր ծայրահեղություններն ու այլամերժությունները քաջալերողներ և հովանավորողներ, և այս իրենց, մեղմ ասած անհամեստ գրականության համար, կարելի է իրենց դատի տալ, այլապես դեռևս չէր գրի վերոնշյալները և դեռևս, ինքն իրեն ծիծաղելի վիճակի մատնելով, չէր գրի հետևյալը. «Ալիք»-ին՝ «մեծ ժողովրդականութիւն վայելող մեր թերթին, սպասում են հազարաւոր ընթերցողներ... համայնքի միակ խօսափողը... «Ալիք», որը մշտապէս ներել է ու հանդուրժել է հէնց վերը նշւածների ոտնձգութիւններին... «Ալիք»-ը, որ միշտ խոհեմ ու լուռ է... իրեն վայել չհամարելով պատասխանել այսօրինակ ճղճիմ ու ստայօդ ցեխարձակումներին... «Ալիք»-ն իր գոյութեամբ, իր 80-ամեայ երթի ընթացքում, երբևէ չի ընկրկել իր դէմ սուր ճօճողների մեքենայութիւնների դիմաց, այլ դարձել է աւելի զօրեղ: ... այս խմորը շատ ջուր կը տանի, այսինքն` կայքէջային այս մեսիջները, որոնք ուղղւած են մեզ, վստահ ենք, կանցնեն պատմութեան գիրկը ու համայնքի պառակտմանն ուղղւած գործընթացի «գլխաւոր հերոսները» կը մնան որպէս ինքնակոչներ, որոնց հետագայում արհամարհւած լինելը չի որակւի և որպէս հարցադրում` չի հնչի` «եթէ դաշնակցական չես, հայ չե՞ս»: Եզրափակենք մեր խոսքը.
Մենք չենք ասել, թե ինչ պիտի անի ՀՅԴ-ը կամ «Ալիք» օրաթերթը, դա իրենց գիտելիքն է, ցանկացած կուսակցություն և օրգան արժևորվելու և արժևորվում է իր կեցվածքով և գործունեությամբ: Համատեղ Կոչ-ով ստորագրյալներս հայտարարեցինք, որ «Ալիք»-ը և ցանկացած լրատվամիջոց ինչ չպետք է անի և իրավունք չունի անելու: Հրապարակեցինք հայտարարություն, որովհետև այստեղ խնդիրը լոկ «Ալիք» օրաթերթի սխալ կեցվածքը չէր, այլ այն անառողջ մոտեցումը, որով նա փորձում է ազգային իշխանությունների սխալը քողարկել, որը պակաս բան չէ, քան ինքը սխալը, և նույնիսկ երբեմն ավելի քանդիչ, որի համար նախևառաջ պատասխանատու է Դաշնակցություն կուսակցությունը և ապա թերթի խմբագրական կազմը: Ուստի «Ալիք» օրաթերթին կրկին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի քայլերից, որոնցով կխաթարվի համայնք-մամուլ փոխհարաբերությունը:
«Իրանահայեր» լրատու ցանց «Արաքս» շաբաթաթերթ «Լույս» ամսագիր Թեհրան, 24 հուլիսի, 2010թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել