HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Բոլորս էլ լավ ենք ճանաչում Մնացական Մարտիրոսյանին»

Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մինչեւ հուլիսի 30-ը, քանի որ վերջինիս պաշտպան Ստեփան Ոսկանյանը ծանոթ չէր քրեական գործի նյութերին: Ընդդիմադիր ակտիվիստ Դավիթը մեղադրվում է «խուլիգանության» մեջ:

Ըստ մեղադրանքի` 2010թ. մայիսի 31-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Դավիթ Քիրամիջյանը Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում վիճաբանել է պատահական անցորդ Վարազդատ Թադևոսյանի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Մեղադրանքում նշված է, որ Դավիթ Քիրամիջյանին բերման ենթարկելիս քաղաքացի Սարգիս Գևորգյանը կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իր ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Արկադի Բաղդասարյանի նկատմամբ, այն է` քաշքշել է նրան և պոկել ուսադիրը: Սարգիս Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար: Երիտասարդները պնդում են, որ իրենք անմեղ են եւ որ իրենց նկատմամբ, ինչպես եւ շատ ընդդիմադիրների, «գործ են սարքել»: Դավիթն ու Սարգիսը լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենք չեն ակնկալում արդար դատական քննություն:

«Դատարանը բացարձակ վստահություն չի ներշնչում, Մնացական Մարտիրոսյանին (գործը քննող դատավորին) բոլորս էլ լավ ենք ճանաչում, գիտենք, թե նա ինչպես է քննում գործերը»,- ասաց Սարգիս Գեւորգյանը: Նշենք, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Դավիթ Քիրամիջյանին եւ Սարգիս Գեւորգյանին սպասվում է առավելագույնը 5 տարի ազատազրկում կամ տուգանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter