HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Երիտասարդական համաժողով` առանց ընդդիմադիր երիտասարդների՞

Երիտասարդական կուսակցությունը հուլիսի 28-ին «Ստրատեգիա 2020» երիտասարդական համաժողովն է հրավիրելու, որտեղից կմեկնարկեն «Հայաստանի երիտասարդական կառավարություն» և «Հայաստանի երիտասարդական կադրային ռեզերվ» ծրագրերը: Համաժողովի հրավիրյալների ցուցակում որեւէ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի անուն չգտանք:

Փոխարենը ներկա կլինեն ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավարը, ԲՀԿ երիտասարդական հանձնաժողովի նախագահը, Սպորտի և երիտասարդության նախարարն ու փոխնախարարը, ՀՀ Ոստիկանապետը, ՀՀ-ում ՌԴ դեսպանը, մի շարք գործարարներ և այլ պաշտոնատար անձինք: Երիտասարդական կուսակցութան վարչության անդամ Արտակ Խաչատրյանին հարցրինք, թե ինչու են հրավիրյալների ցանկում միայն իշխանական կուսակցություններ ներկայացնող երիտասարդները: «Ընդգծված իշխանական ներկայացուցիչների հատուկ չենք ապահովում, կան գործունյա երիտասարդներ եւ գործարար մարդիկ, որոնք չեն ներկայացնում իշխանական դաշտը»,- ասաց Արտակ Խաչատրյանը: Նրա խոսքով` ընդդիմադիր երիտասարդներին չեն հրավիրել, քանի որ իրենց նախաձեռնությունն ավելի շատ սոցիալական հիմքի վրա է, իսկ ընդդիմությունը չի համարում այսօրվա կառավարությանը լեգիտիմ եւ առիթը բաց չի թողնում քննադատելու համար:

«Իշխանության լեգիտիմ/ոչ լեգիտիմ լինելու հարցի քննարկումը մեր ֆորմատից դուրս է, բայց մենք դեմ չենք լինի, եթե համաժողովին ներկա լինեն ընդդիմադիր երիտասարդներ»,- ասաց երիտասարդական կուսակցության վարչության անդամը:

«Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ ոստիկանապետի մասնակցությունը երիտասարդական համաժողովին»,- «Հետքի» հարցին Արտակ Խաչատրյանը պատասխանեց. «Այսօր երիտասարդության մեջ կա որոշակի նեգատիվ մոտեցումներ ոստիկանության նկատմամբ, ուզում ենք այդ կարծրատիպը կոտրել, երիտասարդությանը մոտեցնել ոստիկանությանը եւ հակառակը»:

Արտակ Խաչատրյանի խոսքով` ոչ թե ոստիկանությունն է իրենց դիմել նման հարցով, այլ կուսակցությունն է դրել այս խնդիրը: Նշենք, որ ՀՀ ոստիկանությանը անվստահություն են հայտնում հենց ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդները, որոնք հրավիրված չեն համաժողովին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter