HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննախադեպ` անհատի իրավունքների ոտնահարման առանձնահատկության տեսանկյունից

Հայազգի լրագրող էռնեստ Վարդանյանի մոր հայտարարությունը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Ես` Թամարա Շաղոյանս, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում (ՄՄՀ) ձերբակալված լրագրող-քաղաքագետ Էռնեստ Վարդանյանի մայրս, ստեղծված իրավիճակում, երբ ՄՄՀ պետանվտանգության մարմինները որդուս առևանգեցին տան շքամուտքի մոտից` նրա մանկահասակ երեխաների աչքի առջև, դիմում եմ Եվրոպական դատարան` որպես Եվրոպայի հեղինակավոր միջազգային կազմակերպություններից մեկին: 2010 թ. ապրիլի 7-ին ՄՄՀ-ի իշխանություններն իրականացրին Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, հայկական ծագում ունեցող, 29-ամյա լրագրող-քաղաքագետի` մինչ օրս որևէ փաստով չհիմնավորված ձերբակալությունը: Նրա ազատազրկման և մերձդնեստրյան բանտում գտնվելու ավելի քան 3 ամսվա ողջ ընթացքում մենք` ընտանիքի անդամներս, այդպես էլ տեղեկություն չստացանք, թե ինչ փաստերի հիման վրա է Է.Վարդանյանին մեղսագրվում «Մոլդովայի օգտին լրտեսության և պետական դավաճանության» մասին հոդվածը: Որդիս` Է.Վարդանյանը, մինչ օրս զրկված է փաստաբան ընտրելու իրավունքից: Նրան դեղամիջոցների ազդեցության տակ, ինչպես նաև ֆիզիկական և բարոյական ճնշման միջոցով հարկադրել են հրապարակավ ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները: Բժշկական փորձաքննություն անցկացնելու մեր պահանջներն անուշադրության մատնվեցին, ինչը նշանակում է, որ մեզ մերժեցին: Սուտ մեղադրանքը, որն Է.Վարդանյանն ընդունեց իր 30-ամյակի օրը, 2010 թ. մայիսի 11-ին ցուցադրվեց տեղական հեռուստատեսությամբ և տարածվեց համացանցով ՄՄՀ-ի Պետական անվտանգության նախարարության մամուլի ծառայության ջանքերով: Տեսանյութում ակնհայտ են Էռնեստի հոգեկան ոչ համաժեք վիճակը և նրա ձեռքերին եղած հետքերը: Մեր ունեցած տեղեկություններով` միայն հարկադրաբար «սեփական մեղքն ընդունելուց» հետո է որդուս հնարավորություն տրվել տեսակցել ընտանիքի հետ: Փաստորեն, ուժային մեթոդներ կիրառալով և կամքը ճնշելով` անհիմն մեղադրված և խղճի ու խոսքի ազատության բանտարկյալ դարձած Է.Վարդանյանից ինքնախոստովանություն են կորզել: Այսպիսիվ, իրավապահ մարմինները դատավճիռ են կայացրել մինչ դատը: Այդպիսով իշխանությունները խախտել են անմեղության կանխավարկածի մասին օրենքը և այս ոչ իրավազոր գործողություններով ուղղակի հաստատել են, որ Է.Վարդանյանին ներկայացված մեղադրանքը որևէ հիմք չունի: Էռնեստ Վարդանյանը քաղաքական խաղերի և ինտրիգների զոհ է: Հաշվի առնելով այն, որ Է.Վարդանյանի գործը Եվրոպական դատարանի գրասենյակում համապատասխան գրանցում է ստացել` որպես աննախադեպ` անհատի իրավունքների ոտնահարման առանձնահատկության տեսանկյունից, խնդրում եմ այն լսել արագացված կարգով: Դիմում եմ Եվրոպայի միջազգային իրավական բարձրագույն ատյանին: Հուսով եմ, որ Եվրոպական հռչակագրի խախտումների մասին վերոնշյալ փաստերը դատավորներին հնարավորություն կտան պաշտպանության միջազգային միջոցներ կիրառել Է.Վարդանյանի արդարացման և մերձդնեստրյան զնդանից անհապաղ ազատելու համար: Հարգանքներով` Թամարա Շաղոյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter