HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությանը պատճառվել է 27.545.000 դրամի խոշոր վնաս

Քրեական գործ` կանխամտածված սնանկության, փաստաթղթեր կեղծելու և լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սնանկության, փաստաթղթեր կեղծելու և սնանկության կառավարչի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը` պարզվել է, որ 2005թ. փետրվարից ՀՀ տնտեսական դատարանում քննվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն ընդդեմ «Գեմոս» ՍՊ ընկերության տնօրեն Ֆ. Գալստյանի` 206.6 մլն դրամ բռնագանձելու պահանջի մասին հայցը: Դատարանի` 2006թ. մայիսի 17-ի վճռով ընկերության նկատմամբ հարկային պարտավորությունը կազմել է 184.701.600 դրամ: Ֆ. Գալստյանը, կանխատեսելով դատարանի կողմից ընկերության նկատմամբ  հարկային պարտավորություններ սահմանելու հանգամանքը, որդու` Վ. Գալստյանի հետ, ով եղել է «Սալուտիֆեր» ՍՊ ընկերության բաժնետեր և տնօրեն, ինչպես նաև «Գեմոս» ՍՊ ընկերության մասնակից, նախնական համաձայնությամբ օգտագործել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ: Մասնավորապես` կազմել է  2005թ. օգոստոս ամսին «Սալուտիֆեր» և «Գեմոս» ՍՊ ընկերությունների միջև առուվաճառքի կեղծ պայմանագիր, համաձայն որի` ակնհայտ չհիմնավորված գնով` 100.000 դրամով, «Սալուտիֆեր» ՍՊԸ-ին են օտարվել 2000թ. ապրիլի 12-ին ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունից 27.645.000 դրամով ձեռք բերած, «Գեմոս» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող 2697.9 քմ մակերեսով շենք-շինություններ: Այսկերպ Վ. Գալստյանի օժանդակությամբ կանխամտածված ավելացվել են ՍՊ ընկերության սնանկության հատկանիշները` պետությանը պատճառելով 27.545.000 դրամի խոշոր վնաս: Իսկ «Գեմոս» ՍՊ ընկերության` սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանը, տեղյակ լինելով վերը նշված առուվաճառքի գործարքի մասին, ՀՀ տնտեսական  դատարանի` 2006թ. հոկտեմբերի 13-ի վճռով «Գեմոս» ՍՊ ընկերությանը սնանկ  ճանաչելուց հետո մեկ տարվա ընթացքում չի դիմել դատարան` նախորդող 3 տարվա ընթացքում պարտապանի` «Գեմոս» ՍՊ ընկերության համար  ակնհայտորեն անշահավետ և ընկերության ակտիվներն էականորեն նվազեցրած  առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ, 38-193-րդ հոդվածների, 325-րդ և 214-րդ հոդվածների 2-րդ մասերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter