S.O.S Արգիճի նախաձեռնող խմբի ակտիվիստները չեն հավատում ՀՀ ԲՆ հանգստացնող հայտարարություններին
S.O.S Արգիճի նախաձեռնող խմբի անդամները համոզված են, որ ՀՀ բնապահպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ Արգիճի գետի վրա պարզապես վերանորոգում են խողովակներ, կեղծիք է: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին նախաձեռնող խմբի ակտիվիստներ Վարդան Գալստյանը և Պայծառ Աղաբաբյանը: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի 6 համայնքների բնակիչները շարունակում են ահազանգել, որ Վայոց ձորում կառուցվող ՀԷԿ-ի համար փոխում են իրենց հողատարածքների համար ոռոգման ջուր մատակարարող Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը. անջուր է մնալու 30 հազար բնակիչ, իսկ Գայլաձորի ջուրը այլևս չի թափվելու Սևանա լիճ:
Վարդան Գալստյանը վստահեցրեց, որ մոտ 10 տարի առաջ Աղնջաձոր համայնքին ջուր տրամադրելու համար Աստղաձոր համայնքում տեղադրվել է 250 միլիմետր տրամագծով, ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված խողովակաշար: «Այդ խողովակաշարը ներկայումս փոխարինում է խորհրդային տարիների 150 միլիմետր տրամագծով երկաթյա խողովակաշարին, որն այժմ չի գործում: Սակայն 2009թ. մոտ 2 կմ երկարությամբ լեռան կուրծքը բացել են, կառուցել են խրամուղ և ամբարտակ և տեղադրել 530 միլիմետր տրամագծով խողովակաշար, ինչը ենթադրել է տալիս, որ այդ խողովակաշարով մեծաքանակ ջուրը պետք է տեղափոխվի Վայոց ձոր»,- ասաց Վարդան Գալստյանը:
Ըստ ակտիվիստների՝ մի անգամ արդեն փորձ արվել է ջուրը նորակառույց խողովակով Վայոց ձոր ուղղել, սակայն այն հաջողության չի հասել. ջուրը դուրս է եկել խրամուղից և գահավիժել Գայլաձոր: Այդ տարածքում կան բնական աղբյուրներ, որոնք թափվում էին Գալաձորի մեջ, սակայն այդ շինարարությունից հետո լցվում են խրամուղի մեջ ու կորչում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է դադարեցնել Վայոց ձորի ՀԷԿ-ի կառուցումը մինչև փաստաթղթերի ուսումնասիրությունը: Սակայն այս հանգամանքը բնակիչներին հույս չի ներշնչում: «Մենք համոզված կլինենք, որ դադարեցված է, երբ կքանդվի Գայլաձոր վտակի վրա կառուցված ամբարտակը»,- ասաց Պայծառ Աղաբաբյանը:
27.07.2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել