Պետությունը կօժանդակի միայն բարեխիղճ հողօգտագործողներին
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Հացահատիկային մշակաբույսերի ավարտվող բերքահավաքի արդյունքների մասին տեղեկատվությամբ հանդես եկավ գյուղնախարար Ա.Ծատրյանը:
Նրա փոխանցմամբ` հանրապետության շուրջ 46 հազար հեկտար արտերից հնձվել է ավելի քան 38 հազարը: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է ընդամենը 6,8 ցենտներ:
Վարչապետը խորհրդակցության մասնակիցներին նկատել տվեց, որ այս տարի հացահատիկայինների ցածր բերքատվությունը համաշխարհային մասշտաբի հիմնախնդիր է, ուստի սպասվում է ցորենի գնի աննախադեպ բարձրացում: Հարկ է հացահատիկ արտադրողներին խորհուրդ տալ` չշտապել բերքի իրացման հարցում` հայտարարել է Ա.Հարությունյանը:
Խորհրդակցությունում քննարկվել է կարկտահարված դաշտերի սեփականատերերին պետական օժանդակություն ցուցաբերելու հարցը: Վարչապետը գյուղնախարարին հանձնարարեց ստեղծել իր իսկ գլխավորությամբ հանձնաժողով և 20-օրյա ժամկետում ուսումնասիրել տուժած հողատարածքները: Նախատեսվում է հողօգտագործողներին հատկացնել ֆինանսական օժանդակություն:
Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցության խնդրին` կառավարության ղեկավարը նշել է, որ մեծապես խստացվում է վերաբերմունքը, այսուհետ պետությունը կօժանդակի միայն բարեխիղճ հողօգտագործողներին, իսկ աջակցությունը կլինի հասցեական` տվյալ տարվա հետ կապված գյուղատնտեսական աշխատանքները ավարտելուց հետո միայն:
Առաջիկա աշնանացանի կապակցությամբ նշվել է մասնավորապես, որ վարկավորում կստանան այն հողօգտագործողները, ովքեր մինչև սեպտեմբերի 1-ը կատարած կլինեն առաջին հերկը:
Խորհրդակցությունում անդրադարձ եղավ նաև ՄՏԿ-երի և հողօգտագործողների փոխգործակցությունն արդյունավետ դարձնելու խնդրին:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել