
Անցած հանգստյան օրերին արձանագրվել է պարկով վաճառվող ալյուրի գնի զգալի աճ: Եթե 50 կիլոգրամանոց պարկով բարձր տեսակի ալյուրն անցած շաբաթ վաճառվում էր 7 հազար 400 դրամով, ապա կիրակի օրը դրա գինը արդեն 9 հազար դրամ էր:
Գնի այսպիսի աճը բացատրվում է Ռուսաստանում հացահատիկի բերքի խիստ վատ ցուցանիշներով: Ռուսաստանում արձանագրված երաշտի եւ չափազանց շոգ եղանակի պատճառով հացահատիկի բերքը շատ վատ է եղել եւ, ըստ սպասումների, Ռուսաստանն այս տարի ստիպված կլինի ինքը ցորեն ներկրել, մինչդեռ վերջին տարիներին ցորեն էր արտահանում այլ երկրներ, այդ թվում` նաեւ Հայաստան:
Անցած օրերի ընթացքում խանութներ էին այցելում հացաթխման արտադրամասերի ներկայացուցիչները եւ զգուշացնում, որ շուտով հավանաբար կբարձրանա խանութներին մատակարարվող հացի մեծածախ գինը: Եթե դա տեղի ունենա, ապա կբարձրանա նաեւ հացի մանրածախ գինը:
ՀՀ-ն անվտանգ չէ
Ֆրանսիայի Պետական խորհուրդը նախօրեին չեղյալ է հայտարարել «անվտանգ երկրների» ցուցակը, որում ներառված 17 երկիր, այդ թվում` նաեւ Հայաստանը, նշվում էին որպես մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգող երկրներ:
Այս մասին երեկ գրել է «Figaro»-ն` հիշեցնելով, որ դեռ 2003թ. ֆրանսիական օրենսդրության մեջ մտցվել է «անվտանգ երկիր» հասկացությունը, եւ այդպիսիք համարվել են ժողովրդավարական այն երկրները, որտեղից դեպի Ֆրանսիա փախստականների մեծ հոսք է եղել: Հետագայում կազմվել է այդպիսիք համարվող երկրների ցուցակ, որում 2009թ. նոյեմբերին ներառվել է նաեւ Հայաստանը, ինչը նշանակում էր, որ Հայաստանից ապաստան խնդրողները մերժվելու են:
Սա հարուցել է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների բողոքը, որոնք պահանջել են ցուցակից հանել ՀՀ-ն, ինչպես նաեւ` Թուրքիան, Մալին ու Մադագասկարը` պատճառաբանելով, որ այդ երկրներում չեն հարգվում մարդու իրավունքները:
Ըստ «Figaro»-ի` Ֆրանսիայի Պետական խորհուրդը նշված երկրների պատճառով չեղյալ է համարել ողջ ցուցակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել