
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը չի մեկնի Թուրքիա` մասնակցելու սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի արարողությանը: Փոխարենը, ինչպես տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Թուրքիա կմեկնի երկու ներկայացուցիչ:
Մելիքյանը չհստակեցրեց, թե ովքեր են լինելու մեկնող հոգեւորականները, բայց ասաց, որ նրանց անուններն արդեն իսկ որոշվել են ու առաջիկայում համապատասխան տեղեկություն կտրամադրվի:
Վերականգնում են
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը հայկական կողմին գրավոր տեղեկացրել է, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ:
Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Զուրաբ Միմինոշվիլու հավաստմամբ` նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձեն: Ներկա դրությամբ ավարտվել է հուշարձանի չափագրումը եւ իրականացվում են եկեղեցու հիմքի ինժեներաերկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել