HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիա և կամայականություններ ԵՊՀ-ում

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստին երեկ ահազանգ ստացվեց Երևանի պետական համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողներից` Մայր բուհում առկա կոռումպացված քննական համակարգի մասին: Երեկոյան «Չենք լռելու»-ի խորհրդի անդամները հանդիպեցին ահազանգողների հետ, որոնք թվով տասներկուսն էին: Նրանք խնդրեցին նկարահանել ԵՊՀ-ում տիրող բարքերի մասին իրենց պատմությունները, տեսաֆիլմ պատրաստել և տեղադրել այն «YouTube»-ում:

Մասնավորապես, ուսանողները հայտնեցին, որ այսօր ավարտվում է քննական լուծարքային շրջանը, որի ընթացքում, նրանց խոսքերով, կոռուպցիոն ռիսկերն «աճում են երկրաչափական պրոգրեսիայով»: Ուսանողները ընդգծեցին հատկապես բանավոր քննությունների ժամանակ դրսևորվող ԵՊՀ մի շարք դասախոսների կամայականությունների փաստը:

Երիտասարդները, որոնք, իրենց հավաստմամբ, «այդ կամայականությունների և դասախոսին կաշառք չտալու սկզբունքայնության պատճառով» հայտնվել են ԵՊՀ-ից հեռացման վտանգի տակ, նշեցին, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ռեկտորատի նիստում պետք է որոշվի` կթույլատրվի՞ իրենց քննություններ հանձնելու ևս մեկ փորձ ունենալ, թե` ոչ (ուսանողության շրջանում այդ տարբերակը կոչվում է «ռեկտորի գիծ»): Նրանց պահանջն է արդար բանավոր քննությունների անցկացման ապահովումը` հանձնաժողովների ներկայությամբ:

«Չենք լռելու»-ի խորհրդի անդամների հորդորով ուսանողները որոշեցին հետաձգել YouTube-ի օգնությանը դիմելու մտադրությունը` սպասելով ռեկտորատի այսօրվա որոշմանը և քննությունների անցկացման որակի հարցում փոփոխություններին:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը ապահովել մարդկանց գիտելիքների արդար գնահատման իրավունքը` նրանց ևս մեկ շանս ընձեռելով: Բանավոր քննությունների ընթացքում դասախոսական կամայականությունները մեծ ստվեր են գցում Բոլոնյան ողջ գործընթացին Հայաստանի մասնակցության վրա:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հորդորում է կրթական համակարգում անարդարությունների բախված բոլոր անձանց դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Միաժամանակ, «Չենք լռելու»-ն հայտնում է, որ ձմեռային քննաշրջանին ընթառաջ դիմելու է ՀՀ կրթության և գիտության նախարարին` բուհական քննություններին ներկա լինելու թույլտվություն ստանալու խնդրանքով:

Ուսանողների հետ հանդիպումից հետո առավել քան արդիական էին հնչում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին տողերը.

Անհրաժեշտ է օրենքի գերակայությամբ ապահովել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի անարդարության ու ճնշման դեմ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter