12 վիրավոր. մեքենաներն ընկել են ձորը
Երեկ երեկոյան` ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան-Ապարան ավտոմայրուղու 13-րդ կիլոմետրում` Արտաշավան գյուղի սկզբնամասում, միմյանց են բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մարդատար 1092 Լ համարանիշի եւ «ՎԱԶ-21063» մակնիշի 03 UO 801 համարանիշի ավտոմեքենաները:
Հարվածի արդյունքում երկու մեքենաներն էլ բախվել են ձորի քարերին` դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր տեղեկություններով` միկրոավտոբուսում եղել են Կոտայքի մարզի բնակիչներ` պարի խմբի անդամներ, ովքեր վերադառնալիս են եղել Վանաձորից, որտեղ մասնակցել են ինչ-որ միջոցառման:
Փրկարար ծառայության մամլո գրասենյակից էլ հայտնում են, որ միկրոավտոբուսի վարորդը` Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Մկրտիչ Կիրակոսյանը, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 11 ուղևորները (այդ թվում` 8 անչափահաս) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, այնուհետև` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոց, որտեղից 7 տուժած, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Ըստ բժիշկների` մյուս տուժածների վիճակը գնահատվում է ծանր եւ միջին ծանրության:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել