HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրաֆիքինգի հարցերով խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը հավանության է արժանացրել այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որը կներկայացվի ՀՀ կառավարություն: Ներկայացնելով հաշվետվությունը` խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը մասնավորապես տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարություն է փոխանցվել աշխատանքային խմբի մշակած` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկների փաթեթը, որի նպատակը օրենսգրքի համապատասխանեցումն է ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների պահանջներին: Փաստաթուղթն արժանացել է կառավարության հավանությանը եւ ներկայացվել Ազգային ժողով: Կարեւորվել է նաեւ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությունը, ըստ որի թրաֆիքինգի ենթարկված անձինք ընդգրկվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում: Ներկայացվել է նաեւ պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումներն ու կատարված աշխատանքները: Նշվել է, որ մեծ նշանակություն է տրվել երեխաների թրաֆիքինգի հնարավոր դեպքերի կանխարգելմանը. պետական եւ հասարակական կառույցների կողմից այդ նպատակով իրականացվել են համատեղ ծրագրեր: Խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել նաեւ Հայաստանում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագրի նախագծին, որը եւս առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարություն: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագծում հաշվի են առնվել 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները եւ աշխատանքային խմբի շրջանակներում հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների, կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նախագծով մասնավորապես նախատեսվում է սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացում, քանի որ աղքատությունը եւ գործազրկությունը դիտվում է որպես մարդկանց շահագործման երեւույթին նպաստող գործոն: Ծրագրված են նաեւ տարբեր միջոցառումներ` ուղղված թրաֆիքինգի վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկմանը, թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպման գործընթացում զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացմանը, այդ հարցում միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության խորացմանը եւ այլն: Խորհրդի նախագահ Ա. Գեւորգյանն առաջարկել է մինչ փաստաթուղթը կառավարություն ներկայացնելը եղած առաջարկությունները փոխանցել աշխատանքային խմբին: Խորհրդի նիստում ներկայացվել են նաեւ «Արտագնա աշխատանքային միգրացիան Հայաստանից 2008-2009 թվականներին. Աշխատանքային միգրացիայի միտումների եւ միգրացիոն փորձառությունների վերլուծություն» թեմայով կատարված հետազոտության արդյունքները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի ներկայացմամբ` 2009թ. նոյեմբեր-դեկտեմբերին անցկացված հետազոտությամբ ընդգրկված 5309 տնային տնտեսություններից 1013-ում առկա են եղել վերադարձած միգրանտներ, որոնց ընդհանուր թվաքանակը կազմել է 1106: Հետազոտության արդյունքներով ձեւավորված տվյալների բազան, համաձայն «Հայաստանում աշխատանքային միգրացիայի ընտրանքային հետազոտություն» Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) եւ ԱՎԾ համատեղ միջոցառումների ծրագրի, տրամադրվել է ԱՄԿ ազգային փորձագետին, ով իրականացրել է տվյալների վերլուծությունը, եւ խորհրդին ներկայացրեց 2008-2009թթ. աշխատանքային միգրացիայի հիմնական միտումները: Ա. Գեւորգյանը նկատել է, որ վերլուծություններն օգտակար կլինեն բոլոր շահագրգիռ մարմինների եւ կազմակերպությունների համար: Ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից հետո նա կարեւորել է դրանց հրապարակայնության ապահովումը, եւ հեղինակներին առաջարկել է աշխատել այդ ուղղությամբ: ՏԿՆ միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը խորհրդին տեղեկացրել է, որ Եվրախորհրդի` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) կողմից մշակված ժամանակացույցի համաձայն` Հայաստանն ազգային զեկույցը ներկայացնելու է ոչ թե 2010 թ-ին, ինչպես նախատեսված էր, այլ 2011 թ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter