HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Նաեւ ծեծել եւ խոշտանգել է աղջիկներին»

«Անառակաբարո» ուսուցչի գործը վերաքննիչ դատարանում է

Թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաներ Դ.Ա.-ն եւ Հ.Ս.-ն վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, որով նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

«Գտնում եմ` կայացված դատավճիռն անօրինական ու անհիմն է, քանի որ առաջադրված մեղադրանքում, որի հետ ամբաստանյալը համաձայնվել է, նրա արարքները սխալ են որակվել, քանի որ գործում առկա են ապացույցներ, որոնցով հիմնավորվում է ամբաստանյալի կողմից անչափահաս անօգնական երեխաների նկատմամբ ոչ միայն անառակաբարո գործողություններ կատարելը, այլ նաեւ նրա կողմից երեխաներին ծեծելը եւ խոշտանգելը»,- նշված է բողոքում: Դատարանը կիրառել էր արագացված դատական քննության կարգ, որը «տուժողներին զրկել է ծեծի եւ խոշտանգումների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից»: «Այսպիսով, դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ»,- կարծում է տուժողների փաստաբան Ավագ Լալայանը:

Փախել է դպրոցից, որ «գլուխը չջարդեն»

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ կայացնելիս հիմք է ընդունել հետեւյալ ապացույցները:թ. Լեւոն Ավագյանը սուրճ եփելու պատրվակով դասասենյակ է կանչել 6-րդ դասարանի աշակերտուհի, 13 տարեկան Հ.Ս.-ին, բռնի ուժով ամուր գրկել է, համբուրել պարանոցը, սեղմել կրծքերը եւ շոյել հետույքը: Նույն գործողություններն ուսուցիչը կրկնել է մի քանի օր անց:

Հ.Ս.-ն կատարվածի մասին ասել է միայն իր ընկերուհիներին: Այլ անձանց չի պատմել, քանի որ վախեցել է, որ Ավագյանն իրեն կծեծի: Տվյալ ցուցմունքները Հ.Ս.-ն պնդել է նաեւ Ավագյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Հ.Ս.-ն Լեւոն Ավագյանի միակ զոհը չէ: Ուսուցիչը 2007 թ. դարձյալ սուրճ եփելու պատրվակով դասասենյակ է կանչել դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի, 12 տարեկան Մ.Շ.-ին, գրկել եւ շոյել է վերջինիս կրծքերը:

Նույնը Ավագյանը կատարել է 12-ամյա Մ.Դ.-ի հետ: Իսկ 2008 թ. սկզբին Դ.Ա.-ին կանչել է դասասենյակ, կողպել է դուռը, հետեւից գրկել է նրան եւ բռնի ուժով չթողնելով դուրս պրծնել իր գրկից` սեղմելով շոյել է կրծքերը, մարմնի այլ մասեր եւ համբուրել պարանոցը: Դ.Ա.-ն ուսուցչի անառակաբարո արարքներին է ենթարկվել նույնիսկ դպրոցին հրաժեշտ տալու օրը` «վերջին զանգին»: Սակայն Լեւոն Ավագյանի անառակաբարո գործողությունների եւ դաժանությունների մասին ոչ միայն վերջին տարիների, այլեւ 1990 թ. շրջանավարտներն են պատմել:

Գործով վկա Մ.Ժ.-ն իր ցուցմունքներում նշել է. «Երբ ես սովորում էի 5-րդ դասարանում, 3-4 անգամ տարբեր ընթացքում Լեւոն Ավագյանը հայոց լեզվի ժամին ուսուցչուհի Սուսաննա Ենգիբարյանին խնդրում էր, որ թույլ տա` ես գնամ իր սենյակ եւ մաքրեմ: Ենգիբարյանը թույլ է տվել, եւ ես Ավագյանի հետ նրա սենյակի փոխարեն գնացել եմ խաղասենյակ: Խաղասենյակ մտնելուց հետո նա ինձ տարավ պատի մոտ եւ սկսեց անասնաբար համբուրել, նա էդ ընթացքում դողում էր եւ ոչինչ չէր խոսում»:

Նույն իրավիճակում մի քանի անգամ հայտնվելուց հետո Մ.Ժ.-ն հասկացել է, որ ուսուցիչն իր նկատմամբ «վատ արարք է անում» եւ կատարվածի մասին պատմել է Սուսաննա Ենգիբարյանին` հույս ունենալով, որ վերջինս թույլ չի տա Ավագյանին իր դասաժամի ընթացքում անառակաբարո գործողություններ կատարել: «Սուսաննան ինձ չհավատաց, ասացª տենց բան չի պատահի,- գրել է Մ.Ժ-ն:- Դրանից հետո Ավագյանը իմ դեմ լարվեց եւ առանց պատճառի դպրոցի ֆոյեում, աշակերտների ներկայությամբ ինձ ծեծել է, բոքսով խփել է գլխիս եւ մարմնիս տարբեր մասերին»:

Մ.Ժ.-ն քննիչներին պատմել է ոչ միայն իր, այլեւ մյուս աշակերտների նկատմամբ կատարված դաժանությունների մասին. «Ավագյանը մեզª երեխաներիս, հանում էր, իրար հետ կռվացնում էր եւ ասում. «Մինչեւ իրար արյուն չհանեք, չեք նստելու», եթե մենք իրար չէինք ծեծում, ինքն անձամբ էր տեղից հելնում, մեզ ծեծում»: Ի դեպ, միայն Մ.Ժ.-ն չէ, որ դպրոցի մյուս աշխատակիցներին հայտնել է Ավագյանի անառակաբարո գործողությունների մասին: ՙԻնձ մոտեցավ մեր դպրոցի աշխատող Դադյան Աշոտը եւ ասաց, թե այս ինչ շուխուր եմ գցել, ես էլ նրան ասացի, որ երեխաներն են պատմել, որ Ավագյանն իրենց ձեռ է գցել, իսկ ընկեր Աշոտն էլ ասաց, որ «Ավագյանը եքա մարդ է, ըտենց բան հնարավոր չի», հետո էլ ավելացրեց, որ եթե շուխուր գցեմ, գլուխս կջարդի»,- իր ցուցմունքներում գրել է վերջին տարիներին 11 հատուկ դպրոցում սովորած Մ.Շ.-ն:

Նա «գլուխը ջարդելու» սպառնալիք ստացել է նաեւ Լեւոն Ավագյանից, որից հետո դպրոցում սկսել են վատ վերաբերվել աղջկան, արդյունքում նա փախուստի է դիմել. ՙԱյս ամենին չդիմանալով եւ նաեւ մտածելով, որ հնարավոր է` մոտակա օրերին գլուխս ջարդեն, ինչպես նշել էր ընկեր Ավագյանը, որոշեցի դպրոցից փախնել եւ այդպես էլ արեցի՚:

Գործով վկա Մ.Բ.-ն Ավագյանի վերաբերյալ նշել է հետեւյալը. «Նա խիստ մարդ էր եւ իմ կատարած չարությունների համար մի քանի անգամ ջղայնացել է վրաս եւ բանալիով հարվածել գլխիս»:

Դատարանը Լեւոն Ավագյանի գործունեությունը դրական է գնահատել

Հ.Ս.-ի եւ Դ.Ա.-ի ներկայացրած վերաքննիչ բողոքում նշված է, որ Լեւոն Ավագյանը, երեխաներին ծեծի եւ այլ պատժամիջոցների ենթարկելով, նպատակ է ունեցել խոշտանգել երեխաներին՝ նրանց պատճառելով մարմնական եւ հոգեկան տառապանքներ, նսեմացնելով նրանց կամքն ու ինքնասիրությունը:

«Ըստ էության, Ավագյանի նման վարքագիծը պայմանավորված է եղել միայն նրանով, որ նա անկաշկանդ բավարարի իր սեռական կրքերը` համոզված լինելով, որ վախեցած երեխաները ոչ մեկի չեն ասի դրա մասին»,- նշված է բողոքում: Տուժողների ներկայացուցիչները կարծում են, որ Լեւոն Ավագյանի գործողություններում առկա են ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի («Անառակաբարո գործողություններ») 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հատկանիշները, այլեւ նույն օրենսգրքի 118 հոդվածի («Ծեծ») եւ 119 հոդվածի («Խոշտանգում») 2-րդ մասով նախատեսված հատկանիշները: Վերոնշյալ երկու հոդվածներով նախկին ուսուցչին դատապարտելու համար անհրաժեշտ էր, որ դատավորը լսեր բոլոր վկաներին եւ տուժողներին:

Տուժողների փաստաբան Տիգրան Հայրապետյանը կարծում է, որ դատաքննությունը ձեւական բնույթ է կրել, քանի որ «խախտվել են արդար դատաքննության եւ արդյունավետ պաշտպանության իրավունքները»: Տուժողի ներկայացուցչի մեկնաբանմամբ՝ Լեւոն Ավագյանին մեղմ պատիժ նշանակելը հանրային վտանգ է պարունակում:

«Պատժի սպառնալիքը պետք է ազդի պոտենցիալ հանցագործների վրա, ահաբեկի նրանց եւ դրանով կանխի հանցագործությունը: Հաշվի առնելով այս քրեական գործի ստացած հնչեղությունը` եթե այս գործով նշանակվի մեղմ պատիժ, ապա սա կարող է ճակատագրական լինել այն առումով, որ կստեղծվի անպատժելիության մթնոլորտ»,- նշված է վերաքննիչ բողոքում: Ընդհանուր իրավասության դատարանը Լեւոն Ավագյանի պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ վերջինս «նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրականորեն, զղջացել է կատարված արարքի համար եւ ընդունել է մեղքը»:

Մեղադրող դատախազ Կարեն Բադիկյանը դատարանում հայտարարեց, որ Լ. Ավագյանն իր ցուցմունքներով օգնել է արագ բացահայտել կատարված հանցագործությունը: Սակայն տուժողների ներկայացուցիչները հիշեցնում են, որ մանկավարժը նախաքննության ընթացքում բազմիցս հերքել է իր կողմից աշակերտների նկատմամբ բռնություններ կատարելու փաստը, իր ցուցմունքներով հաստատել է, որ իրեն զրպարտել են եւ իր նկատմամբ շահադիտական դրդումներով սուտ մատնություն են կատարել:

«Դրական բնութագրվելու» վերաբերյալ տուժողների բողոքում նշված է. «Լեւոն Ավագյանն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է դպրոցում` երեխաների շրջապատում: Այն, թե ինչով է նա զբաղվել իր բազմափորձ աշխատանքային գործունեության ընթացքում, արդեն պարզվել են քրեական գործի շրջանակներում, եւ ասել, որ ամբաստանյալ Լեւոն Ավագյանը բնութագրվում է դրական, նշանակում է հավանության արժանացնել նրա ողջ մանկավարժական նման գործունեությունը: Տվյալ դեպքում դժվար թե գտնվի մի ողջամիտ մարդ, որը Լ.Ավագյանի գործունեությունը բնութագրի դրական, բայց դատարանը, այնուամենայնիվ, դրանք գնահատել է դրական»:

Բողոքաբերը գտնում է, որ հենց միայն դատարանի` «դրական բնութագրվելու» արտահայտությունը խաթարում է արդարադատության բուն էությունը: Հ.Ս.-ն եւ Դ.Ա.-ն վերաքննիչ դատարանից խնդրում են բեկանել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 24-ին կայացրած դատավճիռը` գործն ուղարկելով նոր քննության կամ ամբողջությամբ բեկանել այդ դատական ակտը եւ կայացնել մեղադրական դատավճիռ` Լեւոն Ավագյանին դատապարտելով 5 տարվա ազատազրկման:

«Բողոքարկելու եմ մինչեւ վերջ»

Հուլիսի 21-ին վերաքննիչ քրեական դատարանում պետք է սկսվեր աղջիկների բողոքի քննությունը, որից առաջ նախագահող դատավոր Մհեր Աղրամանյանը ընթերցեց բողոքաբեր Դ.Ա.-ից ստացված դիմումը, որով նա հետ էր վերցնում իր բողոքը: Փաստաբան Ավագ Լալայանը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ Դ.Ա.-ին հրավիրել են ոստիկանություն, որի արդյունքում էլ, հավանաբար, «ծնվել» է այս դիմումը: Սակայն դատարանը ուշադրություն չդարձրեց փաստաբանի հայտարարությանը: Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով, որպեսզի ապահովվի մյուս բողոքաբերիª Հ.Ս.-ի ներկայությունը եւ ճշտվի նրա դիրքորոշումը բողոքի վերաբերյալ:

Վերջինս «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել իր բողոքից. «Բողոքարկելու եմ մինչեւ վերջ. Լեւոն Ավագյանին պետք է այնքան դատապարտեն, որ որեւէ մեկն այլեւս նման քայլի չգնա, նա մանկապիղծ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter