Վթարային շենքը դուրս է մնացել հերթացուցակից
Վանաձորի Տպագրիչների փողոցի թիվ 7 շենքը, համաձայն «Հայսեյսմշին ¢ ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ-ի կողմից 1995թ. կատարված բնակելի շենքերի տեղազննման արդյունքների, գնահատվել է վնասվածության 4-րդ աստիճանի, այսինքն` քանդման ենթակա: Հետագայում վնասվածության 4-րդ կարգը փոխարինվել է 3-րդով, և շենքը, դուրս բերվելով Աղետի գոտում բնակարանների արտահերթ հատկացման հերթացուցակից, ընդգրկվել է ամրացման ենթակա շենքերի ցանկում:
Իսկ ամրացում չի արվում, պաշտոնյաների հավաստմամբ, պետական ֆինանսավորում չլինելու պատճառով: Տպագրիչների 7 շենքի մասին խոսելով` քաղաքի 84 երրորդ կարգի` ամրացման ենթակա վթարայինների շարքում Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը որևէ հեռանկար չի տեսնում. «Պետական խնդիր ա: Անորոշ վիճակում ենք, ոնց որ էդ բնակիչները, չգիտենք, թե ինչ ճակատագիր ա սպասվում էդ շենքերին»:
«Ես չգիտեմ ինչու ա փոխվել կարգը,-վստահեցնում է,-հավանաբար ուսումնասիրել են, տեսել են, որ 3-րդ կարգ ա»: Ժխտում է, որ շենքի ուսումնասիրության պատվիրատուն քաղաքապետարանն է եղել և զարմանում է վթարային կարգի փոփոխությամբ. «Ինչպես կարող ա տարիներ անցնի, 4-րդ կարգը դառնա 3-րդ»,-ասում է:
Սակայն եթե առաջին ուսումնասիրության ժամանակ քաղաքապետարանները դեռևս ձևավորված չէին, ապա կարգը իջեցնելիս շենքի ուսումնասիրության պատվերը տվել է քաղաքապետարանը` կառավարության հաձնարարականով:
«Հայսեյսմշինի» տնօրեն Անդրանիկ Սուքիասյանի հիմնավորմամբ` երկրաշարժից հետո աղետի գոտում իրականացված արտադրական, հասարակական և բնակելի շենքերի ընդհանուր ուսումնասիրության ժամանակ շենքը նմանատիպ այլ շենքերի հետ գնահատվել է վթարայնության 4-րդ աստիճանի` Սովետական միության ժամանակվա չափանիշներով (Ավելի ուշ նա հակասում է իրեն` ասելով, որ շենքը ֆիզիկապես և բարոյապես մաշված և քանդման ենթակա է եղել դեռ մինչև երկրաշարժը-հեղ.): Այնուհետև, ըստ նրա, Սովետական միության փլուզումից հետո սեյսմիկ շինարարական նոր չափանիշներով շենքին տրվել է վթարայնության 3-րդ կարգ:
Ա. Սուքիասյանն առաջ է քաշում նաև մի վարկած` կարգի փոփոխությունը պայմանավորելով շենքի բնակիչների դժգոհությամբ, ինչը բնակիչները միանշանակ ժխտում են:
«Բնակիչները կարծում էին, որ էդ շենքերը դարձրել են 4 աստիճանի, ու ինչ-որ մեկը պետք ա վերցներ էդ տարածքը, քանդեր, իրա համար սեփական տուն սարքեր: Ու մտածելով, որ եթե շենքը քանդվի, երևի բնակելի չի կառուցվի` բողոքել էին` ինչ ա եղել, որ 4-րդ: 2001-ին գլխամասի փորձառու մասնագետները եկան, ասին չէ` 3-րդ` հնարավոր ա նորմալ ձևով ուժեղացնել. վերջնական հաստատվեց 3-րդ»,-ասում է:
Հաջորդ պահին նորից հակասում է իրեն. «Բայց ոչ թե բնակիչներն են պահանջել, որ մարդիկ Երևանից գան 3-րդ կարգ իջեցնելու համար, այլ մասնագետները գտել են, որ ինչի քանդեն, եթե էսօր չեն կարողանում սարքեն»:
Այս պահին էլ փաստացի, ուսումնասիրության փաստաթղթային արդյունքներով շենքը 3-րդ աստիճանի վթարային է` չնայած Ա. Սուքիասյանի մասնագիտական համոզվածությամբ` այն ունի 4-րդ կարգի վնասվածության տարրեր: Շեշտում է, որ այդ մասին պաշտոնական եզրակացություն չկա, որ վերադասի կողմից տրված ոչ պաշտոնական, բանավոր հանձնարարությամբ է ուսումնասիրել և բանավոր, հեռախոսազանգով էլ հայտնել նրան վթարային տարրերի առկայության մասին: Բացատրում է, որ շենքը կճանաչվի 4-րդ աստիճանի վնասվածության, եթե նոր հետազոտության ժամանակ մասնագիտական հանձնաժողովը համապատասխան եզրակացություն տա: Վերադասի հետ պետք է քննարկվի` «էդ էլեմենտները բավարար են, որ ամբողջ շենքը դառնա 4-րդ, թե հնարավոր է էդ լոկալ հատվածը վերականգնել և շենքը դարձնել ամրացման ենթակա»:
Նոր հետազոտություն կատարելու համար բնակիչներն իրենք պետք է դիմեն «Սեյսմշինին», իրենք էլ վճարեն:
Փոխքաղաքապետը հայտնում է քաղաքապետարանի դիրքորոշումն այս հարցում. «Բնակիչների սեփականությունն ա, թող իրենք մտածեն իրենց սեփականության մասին: Իրենք ուզում են թող դիմեն, պատվեր տան և իմանան իրենց շենքը քանդման ենթակա է, թե ոչ, քաղաքապետարանը չի պատրաստվում: Եթե հանձնաժողովի էդ տեսակ եզրակացություն կունենան, թող դիմեն դատարան, կառավարություն, ասեն` դուք ձեր ցանկի մեջ փոփոխություն կատարեք»:
Ըստ ՀՀ կառավարության 1999թ. N 432 և 2008 թ. 1024-Ն որոշումներով հաստատված` Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի` բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցողների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի` համայնքի ղեկավարը: Քանի որ չկա վերահաշվառման մասին սահմանված կարգ, հետևաբար` այն նույն այս կարգով պետք է կատարվի և համայնքապետարանի միջոցով էլ ներկայացվի կառավարություն:
Եվ արդյո՞ք շենքի վերագնահատումն էլ անճշտության մեղավորների անելիքը չէ: Օրինակ` Քաղաքապետարանի բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի պետ Արա Մայիլյանն ավելի բարյացակամ է իր պաշտոնեական դիրքում. «Երևի նորից պատվիրենք, որ գնահատեն, նորից ուսումնասիրեն, որպեսզի ճշտվի` կարգավիճակը 3-րդ ա, թե չորրորդ, որ հետագա անելիքների մասին մտածենք, եթե 4-րդ ա, հերթացուցակ մտցվի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել