HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Խանութում մեզ անվճար թույն են տալիս

Ամեն օր խանութից գնումներ կատարելիս վաճառողները մեզ անվճար տալիս են պոլիէթիլենային տոպրակներ, որոնք թունավորում են բնությունն ու մարդկանց:

«Խոսքը միայն սնունդ գնելիս պոլիէթիլեն գործածելու մասին չէ, խաղալիքներ կամ որեւէ այլ իր գնելու դեպքում էլ դա վերջում դառնալու է աղբ, որը վերամշակման ենթակա չէ»,- ասում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Նա «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանի պատկան մարմինները չեն վերահսկում պոլիէթիլենի ներկրման եւ արտադրության քանակները, եւ փաստորեն` մեր երկրում շրջանառության մեջ կա անսահմանափակ քանակությամբ պոլիէթիլեն:

«Պոլիէթիլենը շատ արագ մտնում է կերակրային շղթա, իսկ հողում կամ ջրում երկար տարիների ընթացքում է քայքայվում, որի ընթացքում բավականին թունավոր նյութեր է արտադրվում»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը` հավելելով, որ պոլիէթիլենային ներթափանցումը շրջակա միջավայր եւ սննդում նաեւ քաղցկեղի առաջացման պատճառ է: Խնդրի լուծման միջոց է թղթե տոպրակների գործածումը, որը մեկ այլ էկոլոգիական խնդիր է առաջացնում` ծառերի հատումը: Որպեսզի սրանից խուսափենք, պետք է վերամշակել թուղթը: Ռուբեն Խաչատրյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, ասաց, որ թղթի վերամշակումը շահավետ բիզնես է:

«Հայաստանում կան մի քանի թղթի վերամշակման ընկերություններ, բայց դրանք չեն խրախուսվում, օժանդակություն չեն ստանում պետության կողմից»: Ռուբեն Խաչատրյանը խանութից գնում է միայն ապակե տարաներով հեղուկներ եւ թղթե տոպրակներ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը «Սթար», «Ֆրեշ» եւ «Զովք» սուպերմարկետների հետ համատեղ թղթե տոպրակների վաճառք է սկսել, որը, հիմնադրամի տնօրենի խոսքով` ինքնարժեքից էլ ցածր գնով է վաճառվում` 50 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter