HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մայր Աթոռ. «Տկն Ջոնի նամակում շարադրվածն ուղղակի հերյուրանքներ են»

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի պատասխանը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նախկին կառավարիչ Սոնիա Ջոնի նամակին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգին ուղարկված հատվածները` քաղված Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նախկին կառավարիչ տիկին Սոնիա Ջոնի նամակից, բացարձակ հերյուրանքներ են պարունակում: Յուրաքանչյուր ոք, ով քաջածանոթ է ճեմարանի վերջին շրջանի պատմությանը, գիտի, որ տիկին Սոնիա Ջոնը ճանաչված է իր ինտրիգներով, անազնվությամբ եւ բռնակալությամբ: Իր վկայակոչած բոլոր այդ հանգամանքները լավագույնս կարելի էր կիրառել հենց իր պաշտոնավարման շրջանին, որովհետեւ եթե խարդախություններ, յուրացումներ են եղել, ապա արձանագրվել են իր ղեկավարման շրջանում, ինչի համար էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ եղավ, որպեսզի իր իրավունքները ճեմարանի հանդեպ վերականգնվեն եւ կարողանա լիարժեքորեն ղեկավարել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը: Այսօրվա պայմանները թե սանիտարական, թե կրթական մակարդակի առումով անհամեմատելի են նախորդ շրջանների հետ: Խնդիրներ այսօր ճեմարանում կան, բայց այդ խնդիրներն ուղղակի ճեմարանի հետ կապված չեն, որովհետեւ այնտեղ ունենք շրջանավարտ սաներ, որոնք այլեւս ճեմարանի պատասխանատվության ներքո չեն, բայց քանի որ եկեղեցական վարչությունը շարունակում է հովանավորել նրանց, եւ նրանք իրենց դասընթացները շարունակում են Կալկաթայի ավագ դպրոցներում կամ քոլեջներում` այլեւս ավարտած նկատելով իրենց ուսումնական ընթացքը Հայոց մարդասիրական ճեմարանում, նրանք այսօր շարունակում են բնակվել ճեմարանում, այսինքն` ճեմարանն այսօր նրանց տրամադրում է հանրակացարան եւ ապահովում է նաեւ նրանց սնունդը: Ժամանակին, երբ 4 շրջանավարտ է եղել, նրանք բնակվել են հայկական ծերանոցի ազատ կացարաններում: Սակայն այս տարի թիվն անհամեմատ մեծ է` 26: Եվ այդ 26 շրջանավարտներն են, որ իրենց ազատությամբ որոշակի առումով խաթարում են ճեմարանի բնականոն ընթացքը, որովհետեւ մնացած ճեմարանականները, ովքեր գտնվում են ուղղակի ճեմարանի տեսչության հոգածության եւ պատասխանատվության ներքո, ապրում են որոշակի կանոնակարգով, որն իրենց համար հաստատված է: Բայց վստահ ենք, որ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի, եւ ճեմարանականների կյանքը նաեւ այդ առումով չի խաթարվի: Շրջանավարտնեը ճեմարանական կյանքից դուրս կլինեն եւ կտեղափոխվեն այլ կացարան: Կուզեմ նաեւ անդրադառնալ մեկ այլ խնդրի, որը վերջին շրջանում արծարծվեց` կապված ուսանողների հեռացման հետ: Երբ վերագրում էին, որ անարդարաբար է եղել հեռացումը, ես ուղղակի տեղեկացնեմ, որ հեռացված աշակերտներից մեկը եղել է Վեհափառ Հայրապետի ազգականը: Ուստի, անհարկի է խոսել անարդար հեռացումից կամ անարդարությունից, երբ ամեն ինչ եղել է արդարորեն, եղել է ճեմարանի կառավարչի կողմից կայացված վճիռ: Մնացած առումներով, երբ մեղադրանքներ են հնչում, որ քրիստոնյա ուսուցիչներ են հեռացվել եւ այլն եւ այլն, այսօրվա կրթական մակարդակը անհամեմատ բարձր է, քան եղել է նույն բողոքող տիկին Սոնիա Ջոնի շրջանում: Ուստի, նորից եմ հաստատում, որ նամակում շարադրվածն ուղղակի հերյուրանքներ են, որով հերթական անգամ փորձ է անում բորբոքել ինչ-որ կրքեր եւ սադրիչ հայտարարություններով խաթարել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի բնականոն ընթացքը եւ կյանքը: Մենք ամբողջությամբ հերքում ենք գումարների վերաբերյալ տեղեկությունները, որովհետեւ գումարների առնչությամբ պարբերաբար աուդիտ է անցկացվում, եւ որեւէ յուրացում այնտեղ չկա: Ուստի եւ որեւէ գումարի, առավել եւս` ճեմարանի հիմնադրամի գումարի որեւէ մեկը դիպչել չի կարող, այլ ընդհակառակը` ճեմարանն իր գործունեությունը շարունակում է հիմնադրամի գումարին եկած տոկոսների հաշվին: Ոստիկանների ներկայության նպատակը միայն եւ միայն երիտասարդների անվտանգությունն ապահովելն էր, որպեսզի խաղաղություն եւ անդորր հաստատվի, եւ ոչ թե երկու կամ մի քանի անձի պատճառով ճեմարանի կյանքը խաթարվի եւ ալեկոծվի: Ինչ վերաբերում է ոստիկանների` ճեմարանում անցկացրած ժամերին, դա եւս իսկությանը չի համապատասխանում: Ոստիկաններն ուղղակի ներկա են եղել, որպեսզի որեւէ կերպ ճեմարանի կյանքը չխաթարվի, եւ անցանկալի երեւույթներ տեղ չգտնեն ճեմարանական կյանքում: Նման կարգի միջադեպեր նախկինում չեն արձանագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter