HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը էլիտային սերմացու կարտադրի

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է ծրագրի իրականացման նպատակով ՌԴ Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» փորձարարական ՍՊԸ-ից ձեռք բերել և ՀՀ ներկրել աշնանացան ցորենի երկրում չգրանցված մի շարք սորտերի և գրանցված «Կրասնոդար 99» սորտի 950 տոննա էլիտային վերարտադրության սերմացու։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ միջոցով կազմակերպել սերմացուի ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր կնքելով Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» ՍՊԸ և Հայաստանում էլիտային սերմերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սերմացուի խնդիրը լուծվելու է պետության և գյուղատնտեսության մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ։ Պետությունն առաջին անգամ է գումար հատկացնում բարձր վերարտադրության սերմեր ձեռք բերելու համար։ Հիմնախնդրին քաջածանոթ են նաև մարզպետները, ում երաշխավորությամբ հայ ֆերմերները, համագործակցելով գյուղատնտեսության նախարարության հետ, կստանան, իսկ հետո իրենք կարտադրեն ցորենի անհրաժեշտ սերմացուն։ Ակնկալվում է, որ մի քանի տարում հացահատիկի արտադրությունը տարեկան կհասցվի 350-360 հազար տոննայի։ Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներկրումը թույլատրելու մասին որոշման մասին կառավարության մամուլի կենտրոնում պարզաբանումեր է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ կառավարության նիստերից մեկում 558 մլն դրամ էր հատկացվել ծրագրի իրականացման համար, որի հիմնական խնդիրը Հայաստան «Էլիտա» որակյալ սերմնացու բերելն է: ՌԴ Ստավրոպոլի երկրամասի «ԼՈՒՉ» փորձարարական տնտեսություն ՍՊԸ-ից 950 տոննա ձեռք բերումն ու ներկրումը իրականացնելու համար Ստավրոպոլի երկրամասում են եղել Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի գլխավորած աշխատանքային խումբը, որտեղ մանրամասն ուսումնասիրել են սերմնացուների տեսակները: Բացի ներկրված սերմնացուներից Գյումրու սերմնաբուծական սելեկցիոն կայանից, Էջմիածնի երկրագործական գիտական կենտրոնից ու ևս երկու մասնավոր կազմակերպություններց ձեռք կբերվի նաև տեղական սերմնացու` մոտ 500 տոննա չափաքանակով: Նախարարը հայտնել է նաև, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարականով բոլոր մարզպետները ներկայացնել են իրենց ղեկավարած մարզերում գյուղատնտեսության նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան հողատարածքների ցանկը: Այս ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ 115-120 հազար հա ցորենի ցանքատարածություններ: 2009 թվականի տվյալներով ցորենի ցանքատարածությունների քանակը նվազել էր մինչև 82.700 հա, որի պատճառը անորակ սերմացուի առկայություն է եղել: Ծրագրի շահեկան առավելություններից Գերասիմ Ալավերդյանը համարում է այն, որ 2014 թվականից հետո Հայաստանում կստանան 350-400 հազար տոննա ցորենի արտադրություն, որի արդյունքում կնվազի նաև ներկրումները, որը իր հերթին կբերի հանրապետության ինքնաբավության մակարդակի բարձրացման` 37 տոկոսից կհասցնի 55 տոկոսի: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter