HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ ազդեցություն ունեն բլոգներն իրական քաղաքականության վրա

Վերջին տարիներին համարվում է, որ անձնական ինտերնետ-օրագրերը` բլոգները, գերակշիռ դեր ունեն քաղաքականության մեջ: Սակայն այդ երևույթը պարադոքսալ բնույթ ունի. դեռ ոչ ոք ի վիճակի չէ ոչ չափել բլոգերների իրական քաղաքական կշիռը, ոչ էլ որոշել դրանց ազդեցության պատճառը: Վերլուծաբան Ջեֆֆրի Հընենգը, ՙԲլոգինգի այսբերգ՚ հետազոտության հեղինակը, նշում է, որ նույնիսկ հնարավոր չէ բլոգները խմբավորել և դասակարգել` դրանք համեմատելու համար:
Առայժմ ստույգ հայտնի չէ, թե որն է տիպիկ բլոգերի միջին տարիքը, կրթությունը, նույնիսկ սեռը: Նմանապես անհար է հաշվել, թե բլոգերների որ տոկոսը ինչ քաղաքական կողմնորոշում ունի: Բլոգերները հաճախ ղեկավարում են իրենց օրագրերը ոչ պարբերաբար, նրանք փոխում են ոչ միայն թեմաները, ինֆորմացիայի փոխանցման եղանակը, այլև մտածողության ձևը: Կեղծանուններով գործող բլոգերների առատությունը նույնպես պարզություն չի ավելացնում:
Տեսականորեն բլոգերները ծայրահեղ քիչ հնարավորություն ունեն ազդելու քաղաքական գործընթացների վրա: Ի տարբերություն քաղաքական դաշտում գործող այլ անձանց, օրինակ` կուսակցականների, լոբբիստների, ավանդական ԶԼՄ-ների , բյուրոկրատների և այլն, բլոգերներն իրենցից կազմակերպված ուժ չեն ներկայացնում: Բլոգերների միասնական ակցիաներ սկսելու փորձերը քաղաքական ու սոցիալական դաշտում պարբերաբար անհաջողության էին մատնվում: Բլոգերները չեն տիրապետում (համենայն դեպս ցույց չեն տալիս) զգալի ֆինանսական և ադմինիստրատիվ ռեսուրսների: Թեև նրանցից շատերը զբաղեցնում են բարձր պաշտոններ և տիրապետում են ներքին ինֆորմացիայի, մեծ մասամբ գործում են բացարձակապես այլ կերպ: Բլոգերներն ունեն բազում, հաճախ հակասական քաղաքական հայացքներ: Բլոգ բացելը հաճախ պարզապես հոբբի է, որին հեղինակը տրամադրում է իր ժամանակից մի չնչին հատված: Սա անխուսափելիորեն անդրադառնում է ինֆորմացիայի որակի վրա: Մեծ մասամբ բլոգերները հազվադեպ են իրենց ընթերցողներին ուրախացնում անսպասելի փաստերով և հետազոտություններով: Նրանց վերլուծությունները հաճախ երկրորդական են և անհետաքրքիր ոչ միայն մասնագետների, այլև լավ ինֆորմացված անհատների համար: Բլոգների մեծ մասի ընթերցողների թիվը շատ փոքր է, հաճախ այն կազմում է մի քանի մարդ:
Սակայն բլոգներն ունեն մի շարք առավերություններ, որոնք իրենց օգտին են խոսում: Չիկագոյի Համալսարանում քաղաքագիտության պրոֆեսոր Դենիել Դրեզները (Дэниел Дрезнер), և Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր Հենրի Ֆարելը (ՙԲլոգերի ուժն ու քաղաքականությունը՚ հետազոտության հեղինակները) կարծում են, որ այդ երևույթի պատճառը բլոգերների մեծ մասի աշխատանքի էությունն է. նրանք նման են հանքափորների, որոնք հարյուրավոր տոննաներով ՙհանքանյութ՚ են քանդում ոսկե բեկորներ գտնելու համար: Շատ բլոգներ պարունակում են հետաքրքիր ինֆորմացիա, որին շատերը ուշադրություն չեն դարձնում: Բացի այդ, բլոգերները հաճախ օգտագործում են իրենց անձնական կապերը արժեքավոր ինֆորմացիա գտնելու համար: Նրանք չեն վախենում ռիսկի դիմել, հաճախ հրապարակում են չստուգված ինֆորմացիա, ինչից խուսափում են զգուշավոր ԶԼՄ-ները: Այնուանենայնիվ երբեմն նման ինֆորմացիան ճիշտ է լինում: Բլոգերներն իրենց էջերին դնում են շատ այլ կայքերից ու բլոգներից հղումներ` այսպիսով օգնելով այցելուներին, որոնք ուզում են առավել լավ հասկանալ քննարկվող հարցը, գտնել լրացուցիչ ինֆորմացիա: 2004թ. Դենիել Դրեզները հարցում անցկացրեց 140 ամերիկացի լրագրողների հետ, որոնք աշխատում էին ավանդական ԶԼՄ-ներում, մեծ ընկերություններում, ինչպիսիք են New York Times թերթը ու ABC News հեռուստաընկերությունը, մինչև փոքր ԶԼՄ-ներ, որոնց շրջանառությունը չի գերազանցում 10000 օրինակը: Հարցման մասնակիցներին խնդրում էին նշել, թե որ բլոգներն են առավել հաճախ այցելում: Ինչպես պարզվեց հարցման մասնակիցների 54 % կարդում է մոտ 5 կոնկրետ բլոգ:
2005թ-ին Կլեյ Շիրկին (Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր և բլոգեր), հետազոտելով 433 բլոգերի հղումներ, գտավ, որ առավել ընթերցվող բլոգերին է բաժին ընկնում ամբողջ հղումների 20%-ը:
Այս և նման այլ բազում հետազոտություններ  թույլ են տալիս կատարել հետևյալ եզրահանգումը. բլոգերը ազդում են հասարակության ու քաղաքականության վրա իրենց բարձր մրցունակության միջոցով: Նրանց միջավայրում ՙբնական ընտրությունը՚ կատարվում է շատ ավելի արագ, քան ավանդական ԶԼմ-ներում: Նոր թերթ կամ ռադիոկայան հիմնելը պահանջում է միջոցներ ու ժամանակ, մինչդեռ բլոգի ստեղծումը ոչ մի գումար չի խլում ու պահանջում է մի քանի րոպե: Վատ թերթերը, հեռուստակայանները ու ռադիոները շատ ավելի երկար են ՙապրում՚, քան վատ բլոգները, քանի որ ավանդական ԶԼՄ-ներն ավելի հեշտությամբ են գրավում ներդրողների, ովքեր կարող են հետաձգել իրենց վախճանը: Բլոգների աշխարհում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում:
Եվ վերջապես բլոգերները լրագրողներից առավել օպերատիվ են աշխատում: Մասամբ այն պատճառով, որ բլոգերները կարող են ուշադրություն չդարձնել կարևոր մանրամասներին, ինչպես օրինակ, նախադասությունների ճիշտ կազմելը, գրագիտությունը, տեքստի գեղեցիկ շարադրանքը: Ավանդական կայքերն այս ամենին մեծ ուշադրություն են դարձնում:
Բլոգերների հանրաճանաչությունը հանգեցրեց այն բանին, որ ավանդական ԶԼՄ-ները խրախուսում են իրենց լրագրողներին բլոգ ունենալ: Կա կարծիք, որ քաղաքական ակտիվիստները, որոնք ի վիճակի չեն փոխել իրավիճակն իրենց երկրներում, դիմում են բլոգի օգնությանը, որպեսզի գրավեն համաշխարհային հանրության ուշադրությունը և այսպիսով ազդեն իրենց իշխանությունների վրա: Այդ երևույթի օրինակ է հայտնի չինացի բլոգերի ձերբակալումը, ինչը հանգեցրեց այն բանին, որ շատ պետություններ Պեկինին հայտնեցին իրենց անհանգստությունն այս առիթով:
Պատրաստեց`
Քնարիկ Խուդոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter