Գուշակիր` ով կհաղթի` Հանրային խորհո՞ւրդը, թե՞ հասարակական տարածքների զավթողները
Հանրային խորհրդի էկոլոգիայի հարցերով հանձնաժողովը հարց է դրել` խորհրդի առաջիկա նիստում դիտարկելու Երևանի էկոլոգիական իրավիճակը` կապված իրականացվող քաղաքաշինության հետ: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ հատուկ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ կանաչ գոտիներում և հասարակական վայրերում անօրինական շինությունների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանին ուղղված քաղաքացիների բազմաթիվ նամակներն ու դիմումները լուծում չեն ստանում, և հույս հայտնեց, որ Հանրային խորհուրդը մոտեցում կգտնի, որպեսզի քաղաքի թեժ իրավիճակը դառնա կառավարելի և համապատասխանի երկրի օրենսդրությանը:
Մենք մի քանի մեջբերումներ ենք անում Հանրային խորհուրդ ուղարկված նյութերից և նամակներից:
«…օգտագործել ենք ՀՀ պետական բոլոր մարմիններին, այդ թվում` դատարաններին դիմելու (100-ից ավելի դիմում-բողոքներ, առաջարկություններ) մեր սահմանադրական իրավունքը, սակայն առայժմ ապարդյուն: Երևանի քաղաքապետը անտեսել է անգամ պետական մարմինների (ՀՀ բնապահպանական պետական տեսչություն, Քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ, Առողջապահության նախարարություն և ՄԻ պաշտպան) առաջարկություններն այդ ուղղությամբ:… հիշյալ ապօրինությունների բուռն գործընթացները սկսվեցին 2007թ-ից, երբ դրանց իրականացման հեղինակ «Նուշիկյան ասոցիացիան» խնամություն հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի հետ»,- նշված է 03.05.2010 թվականի թիվ 309 նամակում:
«… պարզվել է, որ կառուցապատող «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունն ինքնակամ, առանց քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 3 շենքի բակում իրականացրել է բազմահարկ շենքի հիմքի հողային աշխատանքներ:…»: Նամակը ուղարկվել է Երևանի քաղաքապետարան, գրանցված է ԱՆ-23/4491 համարի տակ` 14.11.2006թ.: Հետո արդեն բնակիչներն այդ նամակը փոխանցել են Հանրային խորհուրդ:
«…հիասթափվեցինք, երբ կտրեցին ծառերը, խաղողի թարմաները` ոմն իշխանավորի գրպանը ավելի լցնելու համար: … դիմել ենք 1. Քաղաքապետարան, 2. Կառավարություն, 3. Ազգային ժողով, 4. ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, 5. Պատմական հուշարձանների վարչություն, 6. Քաղաքաշինության նախարարություն, և միայն վերջինը պատասխանեց` առաջարկելով «կասեցնել վերոհիշյալ հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները»»,- ասված է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ուղղված նամակում: Ամսաթիվը նշված չէ: Նամակը փոխանցվել է Հանրային խորհուրդ:
Վերջին ժամանակների գործերից մեկն էլ Քանաքեռի ՀԷԿ-ի կողմից կանաչ գոտու զավթումն է: «Մենք` Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչներս, երկու տարի է` պայքարում ենք Ցոլակ Թանգամյանի, Արաբկիրի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի կողմից Քանաքեռի ՀԷԿ-ում` Ղափանցյան փողոցին հարակից 600 քմ եղևնիների պուրակի` օրենքի կոպիտ խախտումներով սեփականաշնորհման գործով»,- ասված է բնակիչների դիմումում:
Հանրային խորհուրդը ստացել է Դալմայի այգիների բազմաչարչար գործը: Քաղաքի հսկայական կանաչ գոտին և հրաշալի մրգատու ծառերը գործնականում անհետացան Երևանի քարտեզից: Այժմ այդ վայրում քարե շինություններ են կանաչ հատվածների մնացորդներով: Բայց մարդիկ, ովքեր մշակել էին այգիները, չեն հանգստացել: Երկար տարիների ընթացքում նրանք շարունակում են դիմել տարբեր ատյաններ, և ամեն անգամ հույս են փայփայում, որ հնարավոր է, մեղավորներին կպատժեն և իրենց կվերադարձնեն անօրինականորեն վերցված տարածքները:
Դժվար չէ նկատել, որ Երևանի քաղաքապետարանն այդ բոլոր գործերի գլխավոր մասնակիցն է: Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի 2009թ. զեկույցում ասված է, որ միայն իր գրասենյակը Երևանի քաղաքապետարանի դեմ ստացել է 97 բողոք, որոնց մեծ մասը վերաբերում է նրան, որ քաղաքապետարանը չի կանխել ինքնակամ շինարարությունը, չի օրինականացրել այգիների տարածքները և կանաչ հատվածները, որոնք մարդիկ մշակել են տասնյակ տարիների ընթացքում:
Քաղաքապետարանը նաև մեղադրվում է վատ տնտեսվարության, տեղեկատվության չտրամադրման, բակերի շինարարությունում շինարարական կանոնների խախտման, ծառերի ոչնչացման և այլնի համար:
Հարգանքներով՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
29.07.2010 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել