HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Որակյալ կրթություն` նվազող դիմորդներով

Այս տարի դաշնակահարների համար նախատեսված 40 տեղի համար ընդամենը 18 հոգի էին դիմել: Այս մաիսն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը. «Կա մտավախություն` կորցնելու մեր շատ բարձր դաշնակահարների դպրոցը»: Այս տարի առհասարակ կտրուկ նվազել է դիմորդների թիվը: Համեմատաբար դիմորդները շատ են եղել դուդուկի, ժողերգի, էստրադայի, վոկալի բաժիններում: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Էդվարդ Իսաբեկյանը նշեց, որ բուհի ստեղծման հիմքը եղել է քանդակագործությունն ու գեղանկարչությունը, իսկ այսօր ամենաքիչը դիմում են հենց այդ բաժիններ: Շատ են դիմորդները դիզայնի, համակարգչային նախագծման, մոդելավորման բաժիններում, քանի որ այդ մասնագիտությունների պահանջարկը մեծ է: Եթե նախկինում քանդակագործության բաժնում աղջիկներ չէին լինում, ապա այսօր նրանք մեծամասնություն են կազմում: Իսկ, ընդհանուր առմամբ, դիմորդները պակասել են նաեւ Գեղարվեստի ակադեմիայում. «Տեղերը լրանում են, բայց մրցույթ չի լինում, միայն դիզայնի, համակարգչային նախագծման, մոդելավորման բաժիններում է լինում մեծ մրցակցություն,»,- ասում է ռեկտոր Իսաբեկյանը: Արվեստի բնագավառում ուսանելու ցանկության նվազումը, ըստ մասնագետների, կարող է լինել ինչպես ուսման բարձր վարձը, այնպես էլ հետագա աշխատանքի հարցը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսման վճարը 600 հազար դրամ է: Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը նշում է, որ իրենց մոտ սովորելը թանկ հաճույք է, որովհետեւ անհատական դասընթացները շատ են. ամեն ուսանող ունի 3 անհատական դասախոս, այդ գումարը չի էլ հերիքում դասախոսին վարձատրելու համար: Պետության համար էլ կոնսերվատորիայի ուսանողին «պահելը» բավականին թանկ է, քանի որ գործիքների խնդիր կա: Այս տարի անվճար տեղերը 50 տոկոսով կրճատվել են` դառնալով 42-45: «Նախ պետք է կարողանանք դպրոցները, ուսումնարանները, քոլեջները կարգի բերենք: Ամեն ինչի հիմքը երաժշտական դպրոցն է, բայց դրանք նվազեցին. շղթան կտրվեց»,- ասում է Սերգեյ Սարաջյանը: Էդվարդ Իսաբեկյանի կարծիքով` արվեստի բուհերը պետք է անվճար լինեն. պետության համար մեծ խնդիր չի լինի այդ բուհերը պահելը, առավել եւս, որ դրանք քիչ են: Սերգեյ Սարաջյանն էլ հավելում է, որ եվրոպական մի շարք երկրներում արվեստի բուհերը «ապրում են»`շնորհիվ հոգաբարձուների խորհուրդի: Երկու բուհերն էլ ունեն թե սփյուռքահայ ուսանողներ, թե արտասահմանցիներ, որոնք վճարում են նույն գումարը: Նրանց այստեղ սովորելու պատճառը, ըստ ռեկտորների, որակյալ կրթությունն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter